Մյուրատը (իսկական անունը Հովակիմ Մուրադյան) ընտանիքի 12 զավակներից ամենակրտսերը, ծնվել է 1771թ. Լեռնային Ղարաբաղի Կրժան գյուղում: Ապագա գնդապետի հայրը Ռուսաստան էր արտահանում լայն ճանաչում ունեցող ղարաբաղյան ձիեր: Հովակիմը հոր հետ մեկնեց Ռուսաստան, Ավստրիա, իսկ այնտեղից էլ` Ֆրանսիա:
Թուլուզի Լազարյան ճեմարանում նա աստվածաբանություն էր ուսումնասիրում, սակայն 1787թ. ընկերոջ հետ ունեցած վեճի պատճառով հեռացավ ճեմարանից եւ միացավ կամավորների հեծելազորային ջոկատին: Երկու տարի անց նա սերժանտի կոչում ստացավ, սակայն շուտով նրան վտարեցին բանակից: Հայրը տեսնելով տուն վերադարձած որդուն` զայրանում է եւ նրան զրկում որեւէ աջակցությունից: Շատ կարճ ժամանակահատվածում Մյուրատը հասցրեց պանդոկում աշխատել որպես սպասավոր: Սակայն 1791թ. նա կրկին բանակի շարքերում էր: Մյուրատը երդվյալ հանրապետական էր եւ Մարատի սպանությունից հետո նույնիսկ ցանկացավ փոխել իր ազգանունը: Վանդեմյերի 13-ի նախօրեին Բարրասը եւ երիտասարդ կորսիկացի գեներալ Բոնապարտը թնդանոթներ տեղափոխելու համար կամավոր էին փնտրում, եւ Մյուրատն առաջարկեց իրեն վստահել այդ գործը:
Նա վերադարձավ 40 թնդանոթներով, որոնց շնորհիվ հաջողվեց ճնշել ռոյալիստական ապստամբությունը: Այս արարքն ընդմիշտ միավորեց Բոնապարտին եւ Մյուրատին:
«Նա ինձ պարտական է ամեն ինչով, նա սիրում, նույնիսկ պաշտում էր ինձ: Նա իմ աջ ձեռքն էր, որը, սակայն, երբ պետք է ինքնուրույն գործեր` կորցնում էր ողջ եռանդը: Մյուրատը քաջությամբ գերազանցում էր բոլորին. մարտի դաշտում նա իսկական ասպետ էր, իսկ աշխատասենյակում` անխելք եւ անվճռական պարծենկոտ: Ողջ աշխարհում չկա ավելի ընդունակ հեծելազորային ղեկավար, քան Մյուրատը»,- այսպես է Մյուրատին բնութագրել Նապոլեոնը:
Բոնապարտը Մյուրատին իր հետ տարավ Իտալիա, այնուհետեւ Եգիպտոս: Իսկ 1799թ. Բրյումերի 18-ին գրենադյորները Մյուրատի գլխավորությամբ ներխուժեցին Հինգհարյուրի խորհրդի նիստերի դահլիճ: Այսպես ավարտվեց ֆրանսիական հեղափոխությունը: 1800թ. փետրվարին Ժոզեֆինայի միջամտությամբ Բոնապարտն իր քրոջը` Կարոլինային կնության տվեց Մյուրատին:
Մյուրատի մասնակցությունը Նապոլեոնի արշավանքներին
1804թ. մայիսի 19-ին Մյուրատը դարձավ մարշալ, իսկ մեկ տարի անց ստացավ ծովակալի եւ արքայազնի կոչում: Այդ ժամանակից ի վեր Մյուրատը համառորեն ձգտում էր տիրանալ որեւէ գահի, սակայն ապարդյուն: 1805թ.՝ գլխավորելով ֆրանսիական հեծելազորը, նա հաղթանակ տարավ Վերթինգենում, գերի վերցրեց գեներալ Վերնեկին իր 1600 հոգանոց բանակով, խորամանկությամբ պաշարեց Վիեննական կամուրջը հենց այն պահին, երբ ավստրիացիները ցանկանում էին այն կործանել, եւ վերջապես աչքի ընկավ Աուստերլիցի ճակատամարտում: Որպես նվեր Նապոլեոնը նրան շնորհեց Բերգ դքսությունը` իր Դյուսելդորֆ մայրաքաղաքով հանդերձ: Նապոլեոնին պետք էր մեկը, ով ի վիճակի կլիներ ապահովել ցամաքային բլոկադան: Մարշալը համտեսեց իշխանությունը եւ երես առ երես հանդիպելով իր հպատակների պրոբլեմներին` անակնկալի եկավ: Սա լարում առաջացրեց Մյուրատի եւ Նապոլեոնի առանց այդ էլ լարված հարաբերություններում: Սակայն, երբ Պրուսիան, Անգլիան, Շվեդիան եւ Ռուսաստանը Ֆրանսիային պատերազմ հայտարարեցին, Նապոլեոնը հիշեց իր «ծառայի» ռազմական տաղանդի մասին եւ վերջինիս բանակ կանչեց: Մյուրատը պրուսացիներին հետապնդեց մինչեւ Լայպցիգ, փայլուն հաղթանակ տարավ Իենում (1806թ.) եւ Բլյուխերին ստիպեց կապիտուլյացիայի ենթարկվել Լյուբեկում: Նա առաջիններից էր, որ հանդես եկավ Վարշավայում 1806թ.: 1807թ. փետրվարի 8-ն Պրեյսիշ-Էյլաուի մարտում նա ղեկավարում էր ողջ ֆրանսիական հեծելազորը: Խաղաղության դաշինք կնքելուց հետո Մյուրատը Փարիզ վերադարձավ:
Նեապոլիտանական արքա
1808թ. Նապոլեոնը Մյուրատին առաջարկեց Նեապոլի թագը: Ինքը` Մյուրատը, երազում էր իսպանական գահի մասին, որը գրավելու գործում նա անմիջական մասնակցություն էր ցուցաբերել: Մեկնելով Իսպանիա` նա, առանց որոշակի ցուցումների, դաժանորեն ճնշեց 1808թ. մայիսի 2-ի ապստամբությունը եւ կազմակերպեց Ֆերնանդի II-ի եւ Չարլզ IV-ի աքսորը Բայոն: Սակայն այդքան ցանկալի գահը նեապոլիտանական էր, եւ Մյուրատը նույնիսկ մազերը երկարացրեց Հոլանդիայի թագավորի նման: Մյուրատը բարեխիղճ արքա էր: Նա բազմաթիվ բարեփոխումներ իրականացրեց, բանակ կազմեց: Ի վերջո թագավորության հանդեպ ունեցած սերը գժտության պատճառ դարձավ Նապոլեոնի եւ Մյուրատի միջեւ, իսկ նրանց հարաբերություններն արդեն իսկ լարված էին՝ Մյուրատի` Կարոլինայի հետ ունեցած վեճի պատճառով:
Դավաճանություն
1812թ. Ռուսաստան կատարած արշավանքի ժամանակ Մյուրատը մարտի դաշտում ուղղակի հրաշքներ գործեց: Նապոլեոնը ներեց նրա անհնազանդությունը եւ դեկտեմբերի 5-ին, թողնելով բանակը, նրան հանձնեց գլխավոր հրամանատարությունը: Սակայն մեկ ամիս անց Մյուրատն ինքնակամ հրամանատարությունը հանձնեց Եվգենի Բոգարնեին եւ տուն վերադարձավ: Լայպցիգյան մարտը սկսելու ժամանակ Մյուրատը ներկայացավ Նապոլեոնի բանակ, սակայն այն ավարտվելուց անմիջապես հետո հեռացավ: Նապոլեոնը նրան վիրավորանքներով հեղեղեց, եւ Մյուրատը` ծայրաստիճան զայրացած լինելով, որոշեց նրան դավաճանել եւ Ավստրիայի հետ գաղտնի պայմանագիր կնքեց, ըստ որի՝ նա պարտավորվում էր իր դաշնակիցներին օգնության գալ իր 3000-անոց զորքով:
1814թ. Մյուրատը հայտարարեց, որ երկրի շահերը պահանջում են, որպեսզի Նեապոլն առանձնանա եւ միանա դաշնակիցների զորքերին, որոնց մեծահոգի նպատակն է վերականգնել գահի արժանապատվությունը եւ ժողովրդի անկախությունը: Մյուրատն իր զորքերն ուղղեց Եվգենի Բոգարնեի դեմ, սակայն հարձակման չդիմեց: Համոզվելով, որ դժվար թե դաշնակիցների կարեկցությանն արժանանա, նա գնաց նոր դավաճանության:
Երբ Նապոլեոնը լքեց Էլբան, Մյուրատը կոչ արեց իր ժողովրդին պայքարել ողջ Իտալիայի ազատության համար եւ իր երկու զորքերով շտապեց Նապոլեոնին օգնության, սակայն Ֆերրարեում եւ Տոլենտինոյում ջախջախվեց ավստրիացիների կողմից: Այնուհետեւ ուղեւորվեց Ֆրանսիա, բայց Նապոլեոնը չցանկացավ նրան տեսնել եւ հրամայեց իր հետագա կարգադրություններին սպասել Ֆրանսիայի հարավում: Այնպես որ՝ Մյուրատը չմասնակցեց Վաթերլոոյի ճակատամարտին, մինչդեռ դա, ինչպես հետագայում գիտակցեց Նապոլեոնը, կարող էր փոխել ճակատամարտի ընթացքը:
Կալաբրիա: Գնդակահարություն
Երկրորդ ռեստավրացիայից հետո՝ թաքնվելով ռոյալիստների հետապնդումներից, Մյուրատը գաղտնի կերպով 250 մարդուց կազմված ոչ մեծ նավակազմ հավաքեց եւ նրանց հետ լքեց ֆրանսիական ափերը: Նա Նեապոլ մտնելու մի համարձակ ծրագիր կազմեց՝ հույս փափագելով, որ ընդդեմ հին զավթիչների ողջ ժողովուրդը կապստամբի իր դրոշի ներքո: Սակայն նրա ուղեկիցների թվում դավաճաններ կային: Նա ափ իջավ Կալաբրիայում, Պիզայի շրջակայքում, ընդամենը 26 մարդկանց հետ եւ առաջին իսկ գյուղում մարդկանց ամբոխի օգնությամբ կալանավորվեց ժանդարմների կողմից: Նրան հանձնեցին Ռազմական դատարանին եւ մահապատժի դատապարտեցին: Դատավճիռը հայտարարելուց քառորդ ժամ հետո նրան գնդակահարեցին:
Նախնական հարցաքննությունների ժամանակ նա, չնայած փաստերին, փորձում էր ապացուցել, որ ափ է իջել ոչ թե ապստամբություն կազմակերպելու նպատակով, այլ փոթորկի պատճառով, սակայն դատի եւ գնդակահարության ժամանակ նա իրեն արժանապատվորեն պահեց: Պատի մոտ սեղմված լինելով, նա հրամայեց զինվորներին «Դեմքիս չդիպչե՛ք, նշան բռնեք սրտին-պլի…»:
Մյուրատի մահից հետո Նեապոլում բռնակալություն հաստատվեց, եւ այս հանգամանքը նպաստեց Մյուրատի բարի անվան վերականգմանը: Արդյունքում Մյուրատի անունն իտալացիների համար դարձավ Իտալիայի միասնության խորհրդանիշը:
Բոլոնիայում նրա պատվին արձան է կանգնեցվել: