Սուրենյանցը լուրջ տարակույսներ ունի

24/05/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հրաժարականի մասին հայտարարությունն անելուն հաջորդած ասուլիսում տարակուսեց լրագրողի այն հարցից, թե քաղաքական ո՞ր դաշտում է ՕԵԿ-ը գործունեություն ծավալելու: «Պարզ չի՞, ընդդիմություն ենք դառնում»,- ասել էր նա։

Այս հայտարարությանն ընդդիմադիր ճամբարից հետեւեցին տարբեր գնահատականներ: Ա. Բաղդասարյանն արդյոք պե՞տք է ապաշխարի, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան` «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասաց. «Ապաշխարել, ներողություն խնդրել… նման կատեգորիաները քաղաքականության մեջ չեմ կարեւորում»: Նրա խոսքերով` յուրաքանչյուրն իր ձեւով է հասկանում այդ բառերի իմաստն ու իր ձեւով է մեկնաբանում, սակայն ընդդիմություն դառնալուց առաջ, ըստ նրա, միանշանակ Ա. Բաղդասարյանը պետք է Ռոբերտ Քոչարյանի «ռեժիմի բովանդակության գնահատականը տա», ու բացի այդ` արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության մի քանի գլոբալ հարցերի հստակ պատասխան տա: Զավեշտականն այն է, որ օրերս ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ի նախագահն ընդդիմադիր դաշտում արդեն իսկ հավակնում է լիդերի դերին: Որքա՞ն է Ա. Բաղդասարյանի` ընդդիմության առաջնորդ դառնալու հավանականությունը, եւ ինչպե՞ս են ՕԵԿ ղեկավարի այդ հավակնություններին վերաբերվում «Հանրապետությունում»: «Ընդդիմության լիդեր դառնում են բնականոն քաղաքական գործընթացի հետեւանքով: Դրա համար առաջին հերթին պետք է ունենալ իրապես ընդդիմադիր քաղաքական դիրքորոշումներ, քաղաքական թիմ, որը պատրաստ է գործել ընդդիմադիր դաշտում, ինչպես նաեւ` պետք է ունենա հրապարակային քաղաքական գործունեության որոշակի փորձ: Այս պահին չգիտեմ` Արթուր Բաղդասարյանն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ»,- գտնում է Ս. Սուրենյանցը: Վերջինս նաեւ հավելեց, որ առայժմ Ա. Բաղդասարյանի հայտնած դիրքորոշումները թույլ չեն տալիս պնդել, որ նա ընդդիմադիր քաղաքական գործիչ է, կամ ՕԵԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է: «Ա. Բաղդասարյանի երկու դիրքորոշումը, թե անցած երեք տարիներին երկրում առաջընթաց է գրանցվել, կամ որ Լեռնային Ղարաբաղի խնդրում ինքը որեւէ տարաձայնություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ինձ թույլ չեն տալիս պնդել, որ Ա. Բաղդասարյանն այս պահին ընդդիմադիր է»,- մանրամասնում է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց կուսակցության օրակարգում որեւէ կուսակցության հետ դաշինք կազմելու խնդիր չկա, սակայն տարբեր ուժերի, ինչ-ինչ հարցերում գուցե նաեւ Ա. Բաղդասարյանի հետ համագործակցություն, ըստ նրա, հնարավոր է, սակայն որեւէ համագործակցություն ինքնանպատակ չէ: «Քաղաքական առումով այսօր պատրաստ չեմ համագործակցության ՕԵԿ-ի կամ Ա. Բաղդասարյանի հետ: Պետք է հստակ համոզված լինենք, որ այդ կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումներով եւ կազմակերպչական կառույցով գործող իշխանության այլընտրանք է մարմնավորում կամ իր մոտեցումներով գործում է ընդդիմադիր դաշտում»,- ընդգծում է Ս. Սուրենյանցը: Մեր զրուցակցի գնահատմամբ` ընդդիմադիր դաշտը փակ չէ, իսկ իրենք էլ ազատ են որոշելու իրենց քաղաքական պարտնյորներին, որոնց, ըստ նրա, որոշում են, երբ կան ընդհանրություններ: Հիշեցնենք, որ «Հանրապետությունը» ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ սերտ համագործակցության կողմնակից է: Վերջերս ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու անհրաժեշտության մասին շատ է խոսում նաեւ ՕԵԿ ղեկավարը: Արդյոք այս ընդհանրությունները բավակա՞ն չեն «պարտնյորություն» անելու համար: Ս. Սուրենյանցի գնահատմամբ, երբ քաղաքական գործիչը խոսում է ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին ինտեգրվելու մասին, առաջին հերթին պետք է այդ կազմակերպությունների չափանիշները դարձնի իր երկրի ներքին բարեփոխումների առանցք: «Այսինքն` խոսել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի մասին` առանց պատասխան տալու, թե ինչո՞ւ են Հայաստանում 2003-ին եւ 2005-ին կեղծվել ընտրությունների եւ հանրաքվեի արդյունքներ, սա մակերեսային մոտեցում է: Ա. Բաղդասարյանը խնդիր ունի ապացուցելու, որ այդ արժեքների կրող է: Միայն դեկլարատիվ հայտարարություններով որեւէ մեկը չի կարող արեւմտամետ կամ արեւմտյան արժեքային համակարգի կրող լինել»,- կարծում է Ս. Սուրենյանցը: Վերջինս կարեւորում է այն, որ Ա. Բաղդասարյանը հստակ գնահատականներ տա մի շարք հարցերի, այդ թվում` ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Վերջինը, ըստ մեր զրուցակցի, լակմուսի թղթի դեր ունի: «ԼՂ հարցի նկատմամբ դիրքորոշմամբ է մեծապես պայմանավորված, թե դու արեւմտյան արժեքների կրո՞ղ ես, թե՞ ոչ: Եթե այսօր նա հայտարարում է, որ այդ հարցում որեւէ տարակարծություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ով համաշխարհային կոնտեքստին հակադրվող քաղաքականություն է վարում ԼՂ խնդրում, այդ պարագայում իմ մոտ տարակույսներ են առաջանում»,- նշում է «Հանրապետության» քաղխորհրդի անդամը: Նրա գնահատմամբ` պաշտոններից եւ իշխող կուսակցությունից հրաժարումը քայլ է, որով սահմանազատվում ես իշխանությունից, բայց ընդդիմադիր դաշտում կայուն տեղ ունենալու համար ոչ միայն կարեւորվում է քո հասարակական ռեսուրսը, այլ նաեւ շատ կարեւոր է, որ դու ունենաս այլընտրանքային մոտեցումներ, ընդդիմադիր դիրքորոշումներ եւ կազմակերպչական կառույց, որը պատրաստ է «Հայաստանի նման ավտորիտար երկրում ստանձնել ընդդիմության դերակատարություն»: