Բարի գալուստ Հայաստան

24/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ քանի որ գլոբալացման պայմաններում սփյուռքահայերի ուծացումը ժամանակի ընթացքում անխուսափելի է, ապա ավելի ցանկալի է սփյուռքն «իր մարման ժամանակահատվածում լծվի հայրենիքի հզորացման գործին՝ դրանով իսկ հնարավորինս հետաձգելով իր անհետացումը»։

Այս մտքերին կարելի է ծանոթանալ «Դեպի Արարատ. Հայրենադարձության ազգային ծրագիրը՝ Հայաստանի զարգացման հիմնարար պայման» գրքույկում, որը հրատարակել է Հայրենադարձության եւ միավորման «Երկիր» միությունը։ Իսկ երեկ այդ միության նախագահ Սեւակ Արծրունին եւ «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը հայրենադարձության խնդիրներին նվիրված քննարկում էին կազմակերպել։

Ասելիքը հետեւյալն էր. պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի դրսում ապրող հայերը կարողանան վերադառնալ Հայաստան։

Սահմանադրությունն այժմ հնարավորություն է տալիս լինել Հայաստանի եւ միեւնույն ժամանակ այլ երկրի քաղաքացի, սակայն «Երկքաղաքացիության մասին» օրենքը դեռեւս ընդունված չէ, եւ արտասահմանից եկած հայերը գտնվում են անորոշ վիճակում։ «Ես իմ երեխաներին, որոնք սովորում են Հայաստանի բուհերում, ստիպված եմ ամեն տարի գրանցել ՕՎԻՐ-ում»,- ասաց հայրենադարձ Սեւակ Արծրունին։

Կան նաեւ այնպիսի խնդիրներ, որոնց մասին լսելիս՝ չգիտես` ծիծաղե՞ս, թե՞ տխրես։ Օրինակ, Լոս-Անջելեսում գտնվող Վիգեն Արաբյանը մեկ տարի առաջ եկել է Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Իսկ նրա խնդիրները սկսվել են հենց գալուն պես։ Մաքսային կառույցը երկար ժամանակ ձգձգել է նրա անձնական գույքի մաքսազերծումը։

Երեկվա նախաձեռնության հեղինակներն այս եւ այլ խնդիրները լուծելու համար անգամ «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծ են մշակել, որն, իրենց իսկ խոսքերով, հավանության է արժանացել խորհրդարանական ուժերի կողմից։

Այս ամենի մեջ, իհարկե, ոչ մի քննադատելի բան չկա։ Սակայն երբ նայում ես մեր հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ ժողովրդագրական պրոցեսներին, ապա հայրենադարձության վերաբերյալ ցանկացած ծրագրի արդյունավետությունը կասկածելի է թվում։

Եթե հիշում եք, սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող ուժերի գլխավոր փաստարկներից մեկն այն էր, որ պետք է սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն տանք դառնալ ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ ստեղծվում էր այնպիսի տպավորություն, որ սփյուռքահայերն այրվում են ՀՀ քաղաքացի դառնալու տենչով, իսկ մենք նրանց խոչընդոտում ենք՝ երկքաղաքացիությունն արգելող դրույթով։ Փոփոխությունն ընդունվեց, այդ դրույթը դուրս եկավ, սակայն այսօր քչերն են հավատում, որ օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների թիվը զգալիորեն կաճի՝ ի հաշիվ սփյուռքահայերի։ Խոչընդոտներից մեկն այն է, որ սփյուռքահայերի թվով առաջին տեղում գտնվող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արգելում են երկքաղաքացիությունը։ Այսինքն՝ այդ երկրների ազգությամբ հայ քաղաքացիները պետք է հրաժարվեն քաղաքացիությունից, որպեսզի ձեռք բերեն ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հետաքրքիր է՝ հանուն ինչի՞։

Արտասահմանում բնակվող հայը, որը հարուստ չէ, սակայն ունի աշխատանք, բարձր աշխատավարձ, նրա իրավունքները պաշտպանված են, ինչո՞ւ պետք է գա Հայաստան, որտեղ նրան սպասում են անորոշություն եւ իրավունքների ցածր պաշտպանվածություն։ Միայն հայրենասիրության զգացումն արդյոք բավարա՞ր է հայրենադարձություն ապահովելու համար։

Այս հարցին փորձեց պատասխանել Վ. Արաբյանը, որին Մաքսային ծառայությունն արդեն հասցրել է հիասթափեցնել։ Ըստ էության, վերջինիս ասածը ոչ թե պատասխան էր, այլ ցանկության արտահայտում՝ հայրենասիրական իդեալիզմը պետք է, սակայն պետք է լինի նաեւ ապահովվածության զգացում։

Իսկ ապահովվածությունը նախեւառաջ պետք է ՀՀ քաղաքացիներին։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց արտագաղթի վերաբերյալ, սակայն Ս. Արծրունին, կարեւորելով այդ խնդրի հրատապությունը, նշեց՝ «այսօրվա քննարկման նյութն այդ չէ»։ Որոշ ժամանակ անց նա ավելի հստակեցրեց «նյութը». «Մենք ասում ենք՝ այս երկրում պետք է ապրի 4 միլիոնից ավելի մարդ»։

Հետաքրքիր պատկեր է ստացվում. մի կողմից` կարծես, միտումնավոր կերպով այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մարդիկ լքեն Հայաստանը, մյուս կողմից՝ ցանկանում են բարեկեցիկ եւ փափուկ կյանքին սովոր սփյուռքահայերին բերել Հայաստան։ Դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Գ. Հարությունյանի կարծիքով, Հայաստան եկող սփյուռքահայերին հանդիպող դժվարությունները հակագովազդ են մյուսների համար։ Սակայն մի՞թե ամենամեծ հակագովազդն այն փաստը չէ, որ հազարավոր մարդիկ, այդ թվում` մտավորականներ, լքում են Հայաստանը կամ պատրաստ են լքել՝ առաջին իսկ հնարավորության դեպքում։

Առաջ է գալիս մի պարզ հարց՝ եթե պետությունը չի կարողանում ապահովել իր իսկ քաղաքացիների սոցիալական եւ իրավական պաշտպանվածությունը, ինչպե՞ս է ապահովելու մյուսներինը։ Եվ Գ. Հարությունյանի այն կարծիքի հետ, թե այս ծրագիրը ճիշտ ժամանակին է՝ դժվար է համաձայնել։ Պատկերացրեք՝ օրենքը մոտ ապագայում ընդունվում է։ Ինչպե՞ս է պետությունը երաշխավորելու, ասենք, 9.4 հոդվածի կատարումը. «Այն դեպքում, եթե հայրենադարձվել ցանկացողը հնարավորություն չունի ՀՀ-ում ինքնուրույն ձեռք բերելու բնակարան,… նրան առաջարկվում է այն բնակավայրերի ցանկը, որտեղ հնարավոր է հատկացնել անվճար բնակարան»։

Ստացվում է՝ ՀՀ բոլոր քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծված են, հիմա էլ կարող ենք անցնել հայրենադարձներին։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ, սակայն դա պարզապես ինքնախաբեություն է եւ ստիպում է հիշել հայտնի ասացվածքը՝ մկան, անցքի (նկատի ունենք բույնը) եւ ցախավելի մասին։

Իսկ նայելով կառուցված ու կառուցվող էլիտար շենքերին՝ կարելի է հանգել ավելի տխուր եզրակացության։ Մենք մեր անապահով ու խոցելի վիճակում գտնվող քաղաքացիներին պարզապես փոխանակում ենք առավել կայացած, ունեւոր խավով՝ հյուսիսային պողոտայի չափանիշներին համապատասխան։ Վատ չի…

Հետաքրքիր է նաեւ օրենքի նախագծի այն կետը, որով «…երկքաղաքացիության սկզբունքով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքից կարող է օգտվել միայն նախկինում հայրենադարձի կարգավիճակ ունենալու դեպքում»։ Իբր մարդիկ շատ են ուզում դառնալ Հայաստանի քաղաքացի, հիմա էլ՝ գործընթացն ավելի ենք բարդացնում։ Պրն Արծրունու խոսքերով՝ ՀՅԴ-ի առաջարկած «Երկքաղաքացիության մասին» օրինագիծն իրենց համար հաճելի անակնկալ էր, քանի որ «չի հակասում իրենց օրինագծին»։ Իսկ ամենակարեւոր կետը, որի շուրջ ՀՅԴ-ի հետ միակարծիք են, այն է, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունք պետք է ունենան միայն Հայաստանում մշտական բնակություն հաստատած անձինք։ Նշենք նաեւ, որ Ս. Արծրունին «նախկին դաշնակցական» է (թեեւ ասում են՝ այդպիսիք չեն լինում)։

Ի դեպ, մեջբերենք Վ. Արաբյանի բավական օրիգինալ միտքը։ Նա հույս հայտնեց, որ չնայած դժվարություններին, հայրենադարձության ծրագիրը հաջողություն կունենա եւ «… Սովետից մնացած վատ սովորությունները մի օր կվերանան»։ Ինքն, օրինակ, ամեն առավոտ դուրս գալիս բարեւում է շենքի պահակին եւ այսպիսով դրական փոփոխություններ մտցնում Հայաստանի կյանքում։ Չէինք իմանում, որ «սովետի ժամանակ» պահակին բարեւ տալը պատվից ցածր էր…

Բոլորն էլ գիտեն, որ հատկապես ամերիկացիները սիրում են տեղի-անտեղի ժպտալ, եւ բարեւի տեղ օգտագործել «How are you?» (ինչպե՞ս ես) հարցը, որի պատասխանն իրենց ամենեւին էլ չի հետաքրքրում։ Մենք՝ հայաստանցիներս, միգուցե ավելի մռայլադեմ ենք, ժպտալ չենք սիրում, բայց երեւի ավելի անկեղծ ու սրտացավ ենք մեկը մյուսի հանդեպ։ Ու երեւի ավելի լավ կլիներ, եթե մարդկային հարաբերությունները մնային նույն «հետամնաց» մակարդակի վրա, ինչպես «սովետի ժամանակ»…