Էլի սփյուռքի հաշվին

24/05/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Այս տարվա սկզբին ԼՂՀ կառավարության որոշմամբ, ստեղծվել է «ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ», որ նպատակ ունի օժանդակել Արցախում ՀՀ եւ Սփյուռքի գյուղատնտեսական բնագավառի գիտական արդյունքների օգտագործմանը, առանձին գիտահետազոտական ու ռազմավարական ծրագրերի իրականացմանը։

Օրերս կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որտեղ ընտրվեցին խորհրդի նախագահն ու հիմնադրամի տնօրենը։ Խորհրդի կազմում ընդգրկված են 11 հոգի` ԼՂՀ ԱԺ-ից, կառավարությունից, գյուղատնտեսության տարբեր ճյուղերում ձեռնարկատիրական գործունեություն ծավալած ընկերություններից։ Նիստի արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանը, իսկ տնօրեն՝ Տիգրան Գաբրիելյանը։ Վերջինիս խոսքով, հիմնադրամը գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար կփորձի միջոցներ ձեռք բերել գրանտների միջոցով: «Կանոնադրության համաձայն, հիմնադրամն իրավունք ունի ներկայացուցիչներ ունենալ նաեւ արտասահմանյան երկրներում, որոնց միջոցով էլ աշխատանքներ կտարվեն նաեւ ֆինանսական միջոցների ձեռքբերման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Տ.Գաբրիելյանը:

Հայտնի է նաեւ, որ հիմնադրամը կազմակերպչական աշխատանքներ կիրականացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Մարտակերտի շրջանում նախատեսվող գյուղատնտեսական ծրագրի ուղղությամբ: ԼՂՀ գյուղնախարարի հավաստմամբ, ծրագիրը բավական բարդ է ու ծավալուն, եւ անհրաժեշտ է աշխատել ավելի քան 6000 սեփականատիրոջ հետ: Ծրագրի մանրամասնությունները փորձեցինք պարզել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի ծրագրերի ղեկավար Միշել Տանկրեզից: Նա տեղեկացրեց, որ մեքենատրակտորային կայանի ստեղծումը մեծ օգուտ կբերի շրջանի բնակիչներին, հատկապես Սեփականատերերի ասոցիացիայի անդամներին, որոնց համար կայանը կմատուցի արտոնյալ պայմաններով` շուկայականից ցածր գներով, սպասարկում: Պարոն Տանկրեզը նաեւ փաստեց, որ կայանը կտեղակայվի Մարտակերտ քաղաքում, իսկ առաջին տեխնիկան, ամենայն հավանականությամբ, այնտեղ կբերվի օգոստոսի առաջին կեսին: