Հայաստանի կողմից առաջադրված երգը հայրենիքում բուռն բանավեճերի առիթ դարձավ, շատերի ցանկությունը լավագույն կատարողով եւ երգով ներկայացված լինելն էր: Սակայն մրցույթի վերջնական արդյունքներն ապացուցեցին, որ այս «Եվրատեսիլից» լավ երգերի խրախուսում ու գնահատում սպասել այլեւս պետք չէ, քանի որ Եվրոպայի ճաշակը անկանխատեսելիորեն արագ է փոփոխվում, եւ սեփական երգերն այդ ճաշակին համապատասխանեցնելն անշնորհակալ գործ է: Միեւնույն է՝ կուշանաս: Դեռ մի քանի տարի առաջ մոդայիկ համարվող ոճավորված, հեշտ մարսվող, մեղեդային հիթերը նահանջում են: Դրա ապացույցը դարձավ առաջին տեղը զբաղեցրած ֆիննական «Lordi» խումբը, որն ամենաարտասովորն ու ծանրակշիռն էր մրցույթում: Ռոքային հնչյունները, սարսափ-ֆիլմերից ծնված պատկերավոր դիմակները, զգեստները, հարդարանքն ու հատուկ էֆեկտներն ավելի լավ ընդունվեցին ու շատ ավելի բարձր միավորների արժանացան, քան որեւէ այլ կատարում: Ուրեմն, Եվրոպան հոգնել է փոփից: Եվ ամենափոփ մրցույթում քվեարկում է ի հեճուկս փոփի: Ֆիններն իրենց հնարքներով, ծխի մեջ երգող սարսափազդու մումիաներով ու վամպիրներով արեցին ավելին, քան բարդ ռոմանտիկ բեմականացումներ ու աշխույժ ռիթմեր նախընտրող մասնակիցները: Ֆինները հաղթեցին: Եվ հաղթեցին ոչ թե այն բանի շնորհիվ, որ ամենալավն էին, այլ, որովհետեւ` տարբեր էին: Դժբախտ սերն ու անպատասխան զգացմունքները գովերգող երգերի ժամանակն անցել է, գալիս է ծանր ռոքն ու անհեթեթ մատուցումը: Իր միապաղաղ ստանդարտներին հավատարիմ «Եվրատեսիլը» թերեւս իր միապաղաղության կիզակետին է հասել, եւ քվեարկող եվրոպացիներից շատերը ոչ թե ֆինների օգտին է քվեարկել, այլ` մրցույթի մասնակիցների միօրինակության դեմ: Ֆինների հաղթանակը բացատրող հետաքրքիր վարկած են հայտնել եվրոպական թերթերը. «Գուցե մարդիկ բողոքելով են իրենց ձայները տվել այդ արտառոց խմբին»: Ինչեւէ, Եվրոպան իր ընտրությունն է արել: Եվ ի ուրախություն բոլորիս, մեր երկիրը նույնպես իր ընտրությունն է արել, թեեւ մեր առաջարկած լավագույն տասնյակում «հրեշները» բացակայում էին: Եվ դա նշանակում է, որ մենք եվրոպական ճաշակի զարկերակը չենք որսացել եւ ավելի լուրջ ենք մոտենում մրցույթին, քան պետք է: Այն երգիչները, որոնք պարզապես երգելով ու պարելով էին ուզում հանդիսատեսին դուր գալ, հայտնվեցին հաղթողների ցուցակի ստորին մասում: Ռուսաստանը, Բոսնիա եւ Հերցոգովինան, Շվեդիան զիջեցին էպատաժային ֆիններին, որոնց, ի դեպ, Աթենքում ոչ ոք առանց դիմակների չի տեսել, նրանք հյուրանոցի իրենց սենյակից արդեն նկարազարդված ու ռեզինապատ էին դուրս գալիս: Ինչ էլ որ ասեն «Եվրատեսիլի» անաչառության մասին, կարեւորն այն է, որ մրցույթին պետք է հումորով մոտենալ: Ֆինների հաղթանակը քանդեց մրցույթի ստերեոտիպերը, եւ նրանց «հրեշավոր» ելույթը շատ ավելի ոգեւորիչ էր, քան յուրաքանչյուր այլ մելամաղձոտ կամ պաթոսային կատարում: Հագեցած Եվրոպան պատրաստ է զարմանալ:
Եթե բացառենք ծանր ռոքային ֆիններին եւ իրենց հաղթանակի մասին հումորով երգող լիտվացիներին, կարելի է վստահ ասել, որ Հայաստանը եվրոպական (սակայն մի քիչ ուշացած) նախապատվությունները կռահել էր: Չենք զարմացրել, բայց չենք էլ տապալել, ընդունել ենք հին խաղի կանոնները: Իսկ որ խաղի կանոնները փոխվելու են, ոչ ոք գուշակել անգամ չէր կարող:
Մեր պատվիրակությունը եւ անձամբ Անդրե Հովնանյանով զբաղվող մարդիկ շատ լավ օգտագործել էին երկիրը եւ երգչին գովազդելու յուրաքանչյուր առիթը: Հիշեցնելով, որ մենք այս մրցույթի առաջին ծիծեռնակն ենք, կարողացել էին միախմբել հայերին: Հայկական հսկայական Սփյուռքը պատրաստ էր Հայաստանի օգտին քվեարկել: Եվ մեր մասնակցության փաստը տարբեր երկներում ապրող հայերի համար ավելի կարեւոր էր, քան ներկայացվող երգն ու մասնակիցը: Բելգիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի հայկական Սփյուռը` քվեարկելով Հայաստանի օգտին, իրականում իրենց Հայրենիքի համար էր քվեարկում: Այս մոտեցումը ամենաիրատեսական ու ճիշտ գովազդվածն էր, եւ ոչ երգի որակը, ոչ երգչի ընտրությունը, ոչ էլ այդ երգչի տեղ-տեղ ֆալշ կատարումն ու կաշկանդված պարային շարժումներն իրականում նշանակություն չունեին: Հզոր Սփյուռքը մեր կողքին էր: Եվ Հայաստանի ութերորդ տեղը լավ արդյունք էր: Իսկ բազմաթիվ անգամ հնչած «Արմենիա» բառը հաճելիորեն շոյում էր մեր ինքնասիրությունը: Կարելի է նույնիսկ ասել, որ ազգովի ցավում էինք Հայաստանի համար (նույնիսկ եթե ոչ Անդրեին, ոչ էլ նրա կատարած երգը լսել չէինք ուզում) ու ուշադրությամբ հետեւում միավորների քանակին: Անցյալ տարի նույն ոգեւորությամբ հետեւում էինք «Միսս Եվրոպա» մրցույթին ու հիանում մեր գեղեցկուհով: Նման տարաբնույթ մրցույթները մեծ հայրենասիրական լիցք են տալիս հատկապես երիտասարդներին: Դա ժամանակակից կարճատեւ փոփ հայրենասիրությունն է, որն արագ բռնկվում ու միավորում է հայերին: Իզուր չէ, որ այս տարվա «Եվրատեսիլը» ռեկորդային հեռուստալսարան է հավաքել Հայաստանում: Եվ շուտով հայկական բոլոր հեռուստաընկերություններն իսկական «անդրեաորս» են սկսելու, որքան կարելի է շատ բան են քամելու մեր ութերորդ տեղից: Եվ դա էլ է արդարացված: Նույն բանը Ֆինլանդիայում անելու են ֆիննական հերոսներ դարձած «հրեշների» հետ: Ժամանակակից փոփ երգիչներին հիշում են այնքան ժամանակ, որքան նրանց ցուցադրում են: «Եվրատեսիլը» բացառություն չէ: Սակայն գուցեեւ հաջորդ տարին բացառություն դառնա, եւ մի նոր մոդա մոգոնի: