Դեն Բրաունի «Հրեշտակներ եւ սատանաներ» վեպը կարող է դառնալ «Sony Pictures» ընկերության կողմից այս գրողի երկրորդ վեպի էկրանավորումը: «Մենք Դեն Բրաունի հետ երկարատեւ համագործակցության հույս ունենք»,- լոնդոնյան «The Times» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է կինոստուդիայի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։ Սիմվոլիկայի մասնագետ Ռոբերտ Լենգդոնի կերպարն առաջին անգամ հայտնվել է «Հրեշտակներ եւ սատանաներում», որը հրապարակվել է 2000թ.՝ «Դա Վինչիի ծածկագրից» 3 տարի առաջ։ Վեպի սյուժեն հիշեցնում է «Դա Վինչիի ծածկագիրը». հերոսը քննում է տարօրինակ սպանության գործը, որի հետքերը տանում են վաղուց վերացած համարվող մի վտանգավոր կրոնական կազմակերպություն։ Sony Pictures-ում հավաստիացնում են, որ ցուցադրման առաջին սեանսներից հետո «Դա Վինչիի ծածկագիրը» գերազանցել է ստուդիայի բոլոր սպասելիքները։ Աշխարհով մեկ այն արդեն հավաքել է 224մլն դոլար, որից 77-ը՝ ԱՄՆ-ում։ Ստուդիան նմանատիպ մեծ հաջողություն է ակնկալում նաեւ Ռոբերտ Լենգդոնի մասին պատմող երկրորդ ֆիլմից, հատկապես, եթե նրա դերում կրկին հանդես գա Թոմ Հենքսը։