Դահլիճում ծափահարություններն էլ ավելի ուժգնացան, երբ միջին տարիքի, նուրբ կազմվածքով եւ թեթեւ քայլվածքով մի կին մտավ բեմահարթակ: Նրա հագին երկար մոխրագույն շրջազգեստ էր, որը հայկական տարազ էր հիշեցնում, իսկ ձեռքին լարային գործիք էր, որը նրա միագույն հագուստին շարժ եւ երանգ էր հաղորդում:
Քիմ Քաշքաշյանը բարձրացրեց ալտը եւ հարմարեցրեց իր դիրքին: Դահլիճում լռություն տիրեց: Դիրիժոր Էլիաու Ինբալիի ղեկավարությամբ Բեռլինի Համերգի տանը հնչեց Մոցարտի երաժշտությունը` Simfonia Concertante for Violine, Viola und Orchester Es-Dur. Համերգից հետո Քիմ Քաշքաշյանը չորս անգամ հանդիսատեսի խնդրանքով վերադարձավ բեմահարթակ: Բրավոներն ու բուռն ծափահարությունները չէին դադարում: Քիմ Քաշքաշյանը երկու օրով՝ մայիսի 13-14-ին համերգի էր հրավիրվել Բեռլին: «Եթե համերգը մեկ այլ քաղաքում լիներ, հավանաբար կմերժեի հրավերը: Բեռլինը կարծես իմ երկրորդ մայրենի քաղաքը լինի»: Քաշքաշյանը ծնվել է Ամերիկայի Դետրոյտ քաղաքում, հայի ընտանիքում: Համաշխարհային իր ճանաչումը Քիմ Քաշքաշյանը ձեռք է բերել Lionel Tertis եւ ARD մրցույթներին հաջողություն ունենալուց հետո: Նա ուսումնառել է Peabody Երաժշտական կոնսերվատորիայում: 1986 թվականին տեղափոխվել է Գերմանիա, ուր սկսել է դասավանդել Ֆրայբուրգի երաժշտական համալսարանում, ապա Բեռլինում՝ «Հանս Այսլեր» երաժշտական ուսումնարանում:
– Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել երաժշտությամբ եւ ինչո՞ւ ընտրեցիք ալտ գործիքը:
– Դպրոցն ինձ համար միշտ ձանձրալի էր, եւ ես ինձ զբաղմունք էի փնտրում: Եվ որոշեցի գնալ երաժշտական դպրոց: Մեր տանը ջութակ ունեինք. հորեղբայրս ջութակահար է: Այդպես սկսեցի եւ միայն հետո փոխեցի ալտի, քանի որ ալտի հնչյուններն ինձ առավել բնական թվացին:
– Դուք ավելի քան տասը տարի աշխատել եւ ապրել եք Գերմանիայում: Իսկ ծնվել-մեծացել եք ԱՄՆ-ում:
– Այո՛, դա այդպես է: Գերմանիայում որպես ալտ-մենակատար ավելի հեշտ է ապրել, քան Ամերիկայում, քանի որ Ամերիկայում այն չի դիտվում որպես սոլո-գործիք:
– Բազմաթիվ կոմպոզիտորների հետ եք աշխատել, այդ թվում՝ Գուբայդուլինայի, Բուխարդի, Ջոլասի, Պենդերեքի, Կուրթագի, Կանչելիի, Մանսուրյանի:
– Այդ կոմպոզիտորների հետ աշխատելու ընթացքից կան դրվագներ, որոնց մասին կարելի է խոսել, բայց չեմ ուզում մանրամասնել: Միայն նշեմ, որ Տիգրան Մանսուրյանի հետ մեծ հաճույքով եմ աշխատել: Նա յուրահատուկ բնավորության տեր անձնավորություն է, հումորի մեծ զգացումով: Նրա աշխատանքը Կոմիտասի վերաբերյալ ինձ շատ հետաքրքրեց եւ որոշեցի նրա հետ աշխատել:
– Ձեր նվագացանկը զարմանալի մեծ է: Այնտեղ ընդգրկված են դասական, ժամանակակից, նաեւ ջազային գործեր: Երաժշտական գործերն ընտրելիս որեւէ սկզբունքո՞վ եք առաջնորդվում:
– Կարիերայիս սկզբում` ոչ: Բայց հետո սկսեցի միայն այն գործերը կատարել, որոնք ինձ առավել հոգեհարազատ են: Բայց, կարծում եմ, որ պետք է բաց լինել, հատկապես ժամանակակից երաժշտության նկատմամբ: Բացի այդ, մարդ պետք է ամեն ինչ գոնե մեկ անգամ փորձած լինի:
– Կա՞ արդյոք որեւէ փիլիսոփայական գաղափար, որին Դուք փորձում եք հաղորդակից դարձնել ձեր ունկնդրին` երաժշտական գործերի ընտրության միջոցով:
– Գիտեք, կարծում եմ, որ այդ փիլիսոփայական կողմը չպետք է որոշի մեկնաբանողը, տվյալ դեպքում` ես: Կատարողը հրամցնում է ստեղծագործությունն այնպես, ինչպես հասկանում է: Այդ ժամանակ ստեղծվում է մի տեսակ եռանկյունի` կոմպոզիտորի, մեկնաբանի եւ ունկնդրի միջեւ: Բայց թե ինչ է վերցնում ունկնդիրը, դա արդեն անհատական է: Կարծում եմ, որ դա հնարավոր չէ ուղղորդել, քանի որ նույն ինֆորմացիան տարբեր կերպ է ընկալվում մարդկանց կողմից:
– Հայ մշակույթը Ձեր կյանքում որոշիչ դեր խաղացե՞լ է:
– Իհարկե: Ես հայկական դաստիարակություն եմ ստացել: Ծնողներս ապրում էին հայկական ավանդույթներով: Մեր տունը միշտ լեփ-լեցուն էր գրքերով եւ երաժշտությամբ, եւ երբ ես առաջին անգամ (դա 90-ական թվականներին էր) Հայաստան այցելեցի, հասկացա, որ դա նորմալ երեւույթ է: Մինչդեռ Ամերիկայում նման բան ամենուր չես հանդիպի:
– Հաճա՞խ եք այցելում Հայաստան:
– Ոչ այնքան: Ինչ կրկին Ամերիկայում եմ բնակվում, բարդացել է իմ Հայաստան գալը: Բայց նպատակ ունեմ կրկին այցելել:
– Դուք հաճախ եք ճանապարհորդում, ընտանիքում ձեր բազմաթիվ ճամփորդությունների հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանում:
– Առաջ էր այդպես: Հիմա գրեթե միշտ տանն եմ: Ամուսին չունեմ, երեխայի դաստիարակության ողջ պատասխանատվությունն ինձ վրա է:
Աղջիկս 16 տարեկան է: Դա բարդ տարիք է: Եվ դա է պատճառը, որ վերջին չորս-հինգ տարիներին փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել նրան: Առաջ երբ փոքր էր, նրան հետս էի վերցնում: Մեկ-երկու տարի հետո ես կրկին կկարողանամ առավել շատ ժամանակ տրամադրել մասնագիտությանս: Բայց իմ կյանքից ես շատ գոհ եմ: Այժմ ժամանակ ունեմ նոր երաժշտություն ուսումնասիրելու եւ առավել բծախնդրորեն եմ ընտրում, թե ինչը եւ երբ նվագել:
Աշխատում եմ հիմնականում ժամանակակից կոմպոզիտորների հետ եւ խրախուսում եմ նրանց նոր գործեր գրել ալտի համար:
– Կարո՞ղ եք ասել, որ հասել եք Ձեր կյանքի նպատակին, եւ, որ դուք երջանիկ մարդ եք: Ձեզ համար ի՞նչ է երջանկությունը:
– Օ՜, ես հույս ունեմ, որ երբեք չեմ ասի, որ հասել եմ կյանքիս նպատակին: Միտքս կարճ ձեւակերպելով՝ ասեմ, որ ես երջանիկ եմ, երբ նոր բան եմ սովորում, երբ աճում եմ մասնագիտորեն եւ հոգեպես: Դա անվերջ մի պրոցես է: Մարդ պետք է բաց լինի նորն ընկալելու, նորն ընդունելու եւ նորը սովորելու համար: