Քանի որ մեր գրողներն իրենց մասին սկանդալից սկանդալ են կարողանում հիշեցնել, չի բացառվում, որ գրող բառը շուտով սկսի կապվել ավելի շատ Միության շենքը քանդել֊չքանդելու, քան գրականության հետ։ Բարեբախտաբար, դրսից եկող լուրերն ավելի հուսադրող են. այս տարի Ֆրանսիայում սպասվում է հայ պոեզիայի 3 (գուցեեւ ավելի) անթոլոգիաների հրատարակություն։ Դրանցից առաջինն արդեն սեղանի վրա է՝ Ռոն֊Ալպի պոեզիայի տան հրատարակած «Հայ արդի պոեզիան» ժողովածուն։ Գիրքն անմիջապես ուշադրություն է գրավում անսովոր ֆորմատով ու հետաքրքիր ձեւավորմամբ։ Ժողովածուի 12 հեղինակներին ընտրել, թարգմանել ու ներկայացրել է ժնեւաբնակ բանաստեղծ Վահե Գոդելը, ընդ որում, գիրքը բացվում է արդեն սիմվոլ դարձած անուններով՝ Պարույր Սեւակ, Զահրատ, Սլավիկ Չիլոյան, եւ սահուն գնում հասնում է մինչեւ ամենանորերը՝ Նարինե Ավետյան ու Արփի Ոսկանյան։ Դասականից` ոչ դասական նման սահուն անցումը հայ քննադատներից շատերին հաստատ դուր չի գա, բայց Եվրոպայից Հայաստանի կողմը նայողին մեր գրականությունը հենց այդպես ամբողջական էլ ներկայանում է ըստ երեւույթին։ Սրանում կհամոզվենք, եթե կարդանք անթոլոգիայի նախաբանը, ուր կա Գոդելի թարգմանությամբ լույս տեսած տասնյակից ավելի գրքերի ցանկը. Նարեկացի, Քուչակ, Վարուժան թարգմանելն այս թարգմանչին երբեք չի կտրում ընթացիկ հայ գրականությունից, որին նա միշտ վերադառնում է նախանձելի հետեւողականությամբ։
Ռոն֊Ալպը, ուր հրատարակվել է անթոլոգիան, Ֆրանսիայի մարզերից մեկն է, կարեւորությամբ երկրորդը՝ փարիզյան Իլ դը Ֆրանսից հետո, եւ նրա կենտրոնը հայաշատ Լիոն քաղաքն է։ Ավելին՝ Ռոն֊Ալպում է գտնվում բնավ ոչ հայաշատ, բայց հայ մշակույթի հետ հարազատացած Դի քաղաքը։ Այս քաղաքում էր, որ 2000 թվականին տեղի ունեցավ «Արեւելք֊Արեւմուտք» ավանդական փառատոնը՝ նվիրված Հայաստանին, իսկ հաջորդ տարի՝ «Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի Գրքի սալոնը»՝ հայ գրողների մասնակցությամբ։ Իսկ ամենից ուրախ լուրն այն է, որ այս տարի «Արեւելք֊Արեւմուտք» փառատոնը նվիրված է լինելու Հարավային Կովկասին։ Քանի որ փառատոնի անունը կարող է շփոթության մեջ գցել, ասենք, որ խոսքն այստեղ եվրոպական արեւելքի մասին է։ «Արեւելք֊Արեւմուտքը» հիմնադրվել է 1989թ., երբ դեռ կար Սովետական Միությունն ու դեռ կանգուն էր (բայց ընդամենը շաբաթներ անց քանդվելու էր) Եվրոպայի արեւելքն ու արեւմուտքն իրարից բաժանող Բեռլինի պատը։ Անցած մեկուկես տասնամյակում փառատոնն անդրադարձել է նախկին սոցիալիստական երկրների մեծ մասին, այդ թվում՝ Հայաստանին ու Վրաստանին, իսկ այս տարի, ինչպես ասացինք, որոշել է հյուրընկալել բոլոր հարավկովկասցիներին միասին։ Ու քանի որ փառատոնը նախապատրաստելու համար օրերս տարածաշրջան էին այցելել նրա կազմակերպիչներից ոմանք, հենց նրանցից մեկին էլ՝ Թաիս Մաթյոյին, խնդրեցինք պատասխանել այն հարցին, թե ինչ են պատկերացնում ֆրանսիացիները «Կովկաս» բառը լսելիս։ Թաիսն ասում է՝ ոմանք հիշում են Մեդեային, առավել կարդացածները հիշատակում են Ալեքսանդր Դյումայի գիրքը՝ «Ճամփորդություն Կովկասով», մյուսները խոսում են վրացական հին երգերից։ Իսկ ընդհանուր առմամբ՝ պատկերացումները շատ մշուշոտ են, եւ ֆրանսիացիների մեծ մասը կարծում է` Կովկասը մեկ երկիր է։ Փառատոնի նպատակը հենց այս մշուշը ցրելն ու Կովկասի երկրների իրական բազմազանությունը ներկայացնելն է, ընդ որում, շեշտը դրվելու է այսօրվա խնդիրների ու ժամանակակից մշակույթի վրա։ Թաիսին հարցրինք նաեւ, թե արդյո՞ք հայկական սփյուռքի գոյությունը բավարար չէ, որպեսզի Կովկասի երկրներից գոնե Հայաստանը ֆրանսիացիների համար ավելի ճանաչված լիներ։ Ֆրանսուհին ասում է՝ դժբախտաբար ոչ, քանի որ սփյուռքն առավել կենտրոնացած է ցեղասպանության հարցի, ոչ թե այսօրվա Հայաստանի վրա, իսկ մշակույթի մեջ էլ ցանկանում է տեսնել միայն ավանդականը։ Ի դեպ, նույն խնդիրը ծագել է նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հետ կապված. ֆրանսահայ կազմակերպությունների առաջարկած համարյա բոլոր ծրագրերը վերաբերել են սփյուռքին, ոչ թե Հայաստանին, եւ Ֆրանսիայի Արտգործնախարարությունը սկսել է անհանգստանալ, թե սրա հետեւանքով Հայաստանի տարին կարող է ուղղակի ձախողվել։ Տեղյակ լինելով, որ «Արեւելք֊Արեւմուտքն» արդեն իսկ կապեր ունի Հայաստանի երիտասարդ արվեստագետների հետ, Տարվա կազմակերպիչները դիմել են փառատոնին՝ օգնելու իրենց այս հարցում։ Այս մասին Թաիսը պատմեց մեծ հպարտությամբ։ Եվ ընդհանրապես՝ նրա կարծիքով երիտասարդ արվեստագետները Կովկասում կարող են շատ բան փոխել դեպի լավը, մանավանդ, եթե ավելի քիչ սեւեռվեն անցյալի վրա։ Անցյալի վրա սեւեռվելու սովորությունը Թաիսը նկատել էր թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում ու Ադրբեջանում, եւ այս առիթով կատակեց, թե գուցե սրանով է Կովկասը միասնական՝ իր պատմական ազգայնականությամբ։ Ինչի առիթով զրույցին մասնակցող մյուս ֆրանսիացին՝ Դամիան Ռուեն նկատեց, որ Երեւանի կենտրոնում հին շենքերը քանդում ու տեղը ստանդարտ արեւմտյան շինություններ են սարքում, սա մի՞թե պատմական ազգայնականություն է, Հայաստանում ավելի շուտ ազգայնական լիբերալիզմ է… Բայց այս բանավեճի մեջ խորանալով՝ մեր նյութը շատ կերկարի։ Ցանկանանք, որ հարավկովկասցիներիս հավաքը ֆրանսիական Դի քաղաքում շուտով կայանա, այս բանավեճն այնտեղ շարունակվի, ինչը մենք կներկայացնենք «168 ժամի» ընթերցողներին։