Ֆրանսիան մեզ «տեղը դրեց»

24/05/2006

«Եվրատեսիլը» թեեւ երգի մրցույթ է, այնուամենայնիվ, քաղաքականությունն այնտեղ նույնպես իր մեծ դերակատարումն ունի: «Եվրատեսիլ 2006»-ը նույնպես բացառություն չէր: Ռուսաստանը եւ Հայաստանը փոխանակվեցին ամենաբարձր (12) միավորներով: Թուրքիան Հայաստանի ներկայացուցչին տվեց 10 միավոր` Եվրոպային ցույց տալով, թե «իրենք մեր նման չեն»: Սակայն ամենահետաքրքիր քաղաքականությունը Ֆրանսիայինն էր: Այդ երկիրը 10 միավորը տվեց Հայաստանին, իսկ 12-ը` Թուրքիային: Այդ քայլը նշանակում է, որ Ֆրանսիայում հայկական եւ թուրքական համայնքները մտել են լուրջ մրցակցության դաշտ, հատկապես վերջին օրերին, երբ Ֆրանսիայի խորհրդարանը փորձեց ցեղասպանության հերքումը դարձնել քրեորեն պատժելի: «Հաղթող» ճանաչվեց թուրքական համայնքը, իսկ Ֆրանսիան ցույց տվեց, որ մենք մեր տեղը պետք է ճանաչենք: