Ծաղկակաղամբ

24/05/2006

Ծաղկակաղամբի եւ կաղամբի մեջ միջատներ շատ են լինում։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դրանք 10 րոպե պահել աղաջրի մեջ, որից հետո սառը ջրով լավ լվանալ։

Ծաղկակաղամբը կպահպանի սպիտակ գույնը, եթե եփելուց առաջ 10 րոպե պահեք սառը ջրում, որին պետք է ավելացնել մի քիչ քացախ կամ կիտրոնի աղ։ Եփել բաց կաթսայի մեջ։ Որպեսզի ծաղկակաղամբը պահպանի իր սպիտակությունը, այն պետք է եփել ծաղկաբույլը դեպի ներքեւ շրջած վիճակում, ջրի մեջ ավելացնելով 2-3 գդալ թարմ կաթ։

Ծաղկակաղամբը կարելի է թթվեցնել այսպես. ծաղկակաղամբը կտրատել, լվանալ, լցնել 3 կգ-անոց տարայի մեջ, ավելացնել մեկ ճաշի գդալ քացախ, մեկ ճաշի գդալ աղ, ապա վրան լցնել եռացրած ջուր, ստերիլիզացնել 15-20 րոպե եւ անմիջապես փակել։

Սմբուկ

Սմբուկն օգտակար է։ Ինչ-որ ժամանակ այն համարում էին «խելահեղության խնձոր»։ Երկար ժամանակ աճեցնում էին որպես դեկորատիվ բույս եւ միայն 20-րդ դարի սկզբին սկսեցին օգտագործել սննդի մեջ։ Սմբուկը պարունակում է բազմազան հանքային նյութեր, որոնցից ամենակարեւորը կալիումն է։ Շնորհիվ կալիումի, նատրիումի, կալցիումի եւ ֆոսֆորի յուրահատուկ համադրության, սմբուկը շատ օգտակար է ջրաաղային, ճարպային փոխանակության խանգարումների դեպքում, արյան շիճուկում իջեցնում է խոլեստերինի քանակը։ Կարեւոր է նաեւ այն, որ սմբուկը երկար ժամանակ պահպանում է վիտամինները։

Դդում

Ցավոք, մեր սննդաբաժնում հաճախ չեն պատահում դդմից պատրաստված կերակրատեսակները, իսկ դա գիրության, երիկամների, լյարդի, հաստ աղիի, լեղապարկի հիվանդությունների դեմ պայքարելու անփոխարինելի միջոց է։ Բացի C, B, B2, PP եւ E վիտամիններից, դդումը պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր։ Այն նպաստում է օրգանիզմից ավելորդ ջրի հեռացմանը։ Բջջանյութի եւ պեկտինի մեծ քանակության շնորհիվ դդումը կանխում է աթերոսկլերոզի եւ հաստ աղիի հիվանդությունների առաջացումը։