Լիպպին կարող է պաշտոնանկ արվել

24/05/2006

Իտալիայում սկիզբ առած ֆուտբոլային սկանդալի շուրջ կրքերը գնալով բորբոքվում են։ Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» մեղադրվում է մրցավարներին կաշառելու, կազմակերպված խաղեր անցկացնելու եւ այլ հանցագործությունների մեջ։ Դրանց հաստատվելու դեպքում «Յուվեն» կզրկվի չեմպիոնական տիտղոսից եւ հաջորդ մրցաշրջանը կսկսի B սերիայից։

Corriere della Sera-ին տված հարցազրույցում ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ իտալական ֆուտբոլային սկանդալն «ամենալուրջն է ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում»։ «Չեմ հասկանում՝ իտալական ֆուտբոլն ինչպե՞ս կարող է այնպիսի անկում ապրել, որ առանձին ակումբներն իրենք նշանակեն իրենց խաղերի մրցավարներին,- ասել է Բլատթերը։ -Սա համաշխարհային ֆուտբոլի ամենաաղմկահարույց սկանդալն է։ Եթե այսպիսի բան տեղի ունենար, ասենք, Մադագասկարում, ապա դա արդեն վատ կլիներ։ Սակայն երբ այսպիսի բան տեղի է ունենում Իտալիայում, որտեղ ֆուտբոլը գրեթե պաշտամունք է, դա սարսափելի է»։

ՖԻՖԱ-ի ղեկավարը, միեւնույն ժամանակ, դեմ է արտահայտվել հաջորդ շրջանում Իտալիայի առաջնությունը չեղյալ հայտարարելուն։ Նշենք, որ այդպիսի կոչեր են անում որոշ իտալական ուժեր։ «Խաղը չպետք է կանգնի, դա կլինի մեր մարզաձեւի վախճանը»,- ասել է Բլատթերը։ Իտալական լրատվամիջոցների կարծիքով «Յուվենթուսի» հետ կապված պատմությունը կարող է անդրադառնալ նաեւ Մարչելո Լիպպիի վրա։ Մասնավորապես, նա կարող է զրկվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ «Լիպպիի հակառակորդները ուժ են հավաքում», «Լիպպին կախված է մազից»… Ապենինյան թերակղզում լույս տեսնող մարզական թերթերում հաճախակի հայտնվում են այսպիսի վերնագրերով հոդվածներ։ Օրինակ, հեղինակավոր Gazzetta dello Sport-ը հիշեցնում է, որ «Յուվենթուսում» աշխատած տարիներին Մարչելո Լիպպին «անչափ նվիրված էր» մրցավարների նշանակման հետ կապված սկանդալի գլխավոր դեմքերին՝ Անտոնիո Ջիրուադոյին եւ Լուչանո Մոջիին։

Ինքը՝ Լիպպին, կտրականապես հերքում է Աշխարհի առաջնությունից առաջ հավաքականից հեռանալու հնարավորությունը։ Սակայն շատերը կարծում են, որ նրա ներկայությունը բացասաբար կանդրադառնա իտալացիների իմիջի վրա։ Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ արդեն ստորագրել են մի փաստաթղթի տակ, որով պահանջում են Մարչելո Լիպպիի հրաժարականը։