Մեր մարզասերներից շատերն, ամենայն հավանականությամբ, հետեւել են 59 կգ քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Մարկո Անտոնիո Բարրերայի եւ ամերիկացի Ռոկկի Խուարեսի մենամարտին։ Նոկաուտ չգրանցվեց, եւ 12 ռաունդ տեւած մրցամարտն ավարտվեց բռնցքամարտի համար անսովոր՝ ոչ-ոքի հաշվով։ Մրցավարներից մեկը 115-114 հաշվով առավելությունը տվել էր Բարրերային, մյուսը նույն հաշվով՝ Խուարեսին, իսկ երրորդ մրցավարն արձանագրել էր ոչ-ոքի՝ 114-114։
«Սպորտ-Էքսպրեսս» գործակալության հաղորդմամբ, մենամարտի ավարտից որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ երրորդ մրցավարի գնահատականների հաշվարկում սխալ է տեղի ունեցել։ Իրականում, նա 115-114 հաշվով առավելությունը տվել է Բարրերային։ Այսպիսով, «Մանկան դեմքով մարդասպանը», ինչպես անվանում են Բարրերային, ոչ միայն պահպանել է չեմպիոնական գոտին, այլ ճանաչվել է հաղթող։
Իսկ “allboxing.ru” կայքէջի տվյալներով, մենամարտի ժամանակ Բարրերան ավելի դիպուկ է գտնվել, քան հավակնորդը։ Նրա կատարած 635 հարվածներից նպատակին հասել են 168-ը (26% արդյունավետություն), մինչդեռ Խուարեսը կատարել է 651 հարված, որոնցից դիպուկ են եղել 105-ը (21% արդյունավետություն)։ Ինչ վերաբերում է ուժային հարվածներին, ապա առավելությունն այստեղ Խուարեսի կողմն է՝ 105 հարված՝ Բարրերայի 84-ի դիմաց։