Շեւչենկոն կարող է թողնել «Միլանը»

24/05/2006

Այն լուրերը, որ իտալական «Միլանի» ներկայիս խորհրդանիշը համարվող Անդրեյ Շեւչենկոն կարող է տեղափոխվել «Չելսի», գնալով հաստատվում են։

Ուկրաինայի հավաքականի ավագն իր ներկայիս թիմի հետ պայմանագիր ունի մինչեւ 2009թ.։ Թիմի ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել հարձակվողից եւ առաջարկել է առավել շահավետ պայմաններով եւս 2 տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Սակայն Շեւչենկոն դեռ չի շտապում որոշում ընդունել եւ իտալական լրատվամիջոցներին հայտարարել է, որ ապագա ակումբի հետ կապված վերջնական որոշում կընդունի շաբաթվա վերջում։

Իսկ Tribalfootball-ի տեղեկություններով, «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ շատ ուրախ է Շեւչենկոյի՝ իրենց թիմ տեղափոխվելու հնարավորությամբ։ «Եթե նա տեղափոխվի մեզ մոտ, ապա մենք ձեռք կբերենք համաշխարհային կարգի հարձակվողի»,- նշել է Լեմպարդը։