«Թող մի հատ մտնի ընդդիմադիր դաշտ, օդանավակայանում գրպանները ստուգեն, «Ալֆան» պառկացնի գետին, կրակեն իրենց վրա, եթեր ուզի` չտան, մեր նման թող ասի` օր առաջ պետք է Քոչարյանը հեռանա պաշտոնից, նոր այն ժամանակ կհասկանանք, որ ընդդիմություն է»,- բոլորովին վերջերս ընդդիմություն դառնալու հայտ ներկայացրած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին այսպես արտահայտվեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա կարծիքով, իշխանություններն Արթուր Բաղդասարյանին մի փոքր հեռացրեցին իրենցից, իսկ ընդդիմությունն էլ մինչեւ վերջ չի ընդունում իր շարքերը: Ուստի` Բաղդասարյանին այլ բան չի մնում, քան գտնվել քաղաքական դաշտի կենտրոնում: Եվ հիմա իշխանությունները Ա. Բաղդասարյանի հանդեպ ոչ թե խոչընդոտներ են ստեղծում, այլ ընդհակառակը, «նրան լավ էլ ռասկրուտկա են անում»: