Փոխանցվել է 81 մլն դրամ

22/05/2006

Ինչպես տեղեկացանք Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, Երեւան-Սոչի ուղերթի օդանավի վթարից զոհվածների ընտանիքներին օգնելու համար բացված հատուկ հաշվեհամարին արդեն փոխանցվել է 81 մլն դրամ: Թե երբ եւ ինչպես կկատարվի այդ գումարների բաշխումը, կորոշի ավիավթարի կապակցությամբ ստեղծված հատուկ կառավարական հանձնաժողովը, որը ղեկավարում է Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Հաշվեհամարը շարունակում է գործել եւ մուտքեր ընդունել: ՖԷ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ առայժմ հաշվեհամարի փակման մասին հանձնաժողովը որեւէ հանձնարարական չի տվել: Ինչ վերաբերում է այդ գումարները փոխանցած անձանց, ապա լրատվական ծառայության ղեկավարն ասաց, որ այժմ ոչ մի անուն չի կարող նշել: Հնարավոր է, որ հետագայում հանձնաժողովը որոշի հրապարակել նրանց անունները: