Կարող են ի չարս օգտագործել

22/05/2006

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանից փորձեցինք պարզել, թե մեկ ամիս հետո ի՞նչ վերաբերմունք ունի ՍԴ այն որոշման մասին, որը հակասահմանադրական էր համարել Կենտրոնի կառուցապատման հիմքում ընկած օրենքներն ու կառավարության 1151 որոշումը: «Եթե ՍԴ-ի որոշումն ավելի հստակ ընդունեն պետական մարմիններն ու բնակիչները, ապա առաջին 3 կետերը շատ դրական են,- ասաց Լ. Ալավերդյանը (հիշեցնենք, որ այդ կետերով հակասահմանադրական են համարվել վերը նշված իրավական ակտերը.-խմբ.): -Բայց ես կիսում եմ հասարակության այն մտահոգությունը, որ պատկան մարմինները որոշման երկրորդ մասի համար կարող են այնպիսի մեկնաբանություններ տալ, որ իրավակիրառական պրակտիկայում ի չարս օգտագործվի»: Իսկ երկրորդ մասով ՍԴ-ն վճռել էր, որ մինչեւ հոկտեմբերի 1-ն այդ օրենքները պետք է համապատասխանեցվեն ՀՀ սահմանադրությանը: Բայց ՍԴ-ն իր որոշման մեջ չի հստակեցրել, թե մինչեւ հոկտեմբերի 1-ն իրավական այդ ակտերը գործելո՞ւ են, թե՞ ուժը կորցրած են ճանաչվելու: Լ. Ալավերդյանը հենց սա նկատի ունի՝ ասելով, թե այն կարող է ի չարս օգտագործվել: