Դեռեւս ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարական տալու մտադրության մասին հայտնելուց անմիջապես հետո հայտարարեց, թե ՕԵԿ-ն անցնում է ընդդիմադիր դաշտ: Ինչպե՞ս են մեր ընդդիմադիրները վերաբերվում Ա. Բաղդասարյանի այդ հայտարարությանը եւ պատրա՞ստ են արդյոք համագործակցել իրեն մեկ օրում ընդդիմադիր հռչակած նոր գործընկերոջ հետ: Այս հարցերի շուրջ քաղաքական դաշտում առկա ընդդիմության շարքերում կարծիքները կարծես թե կիսվում են: Ոմանք նշում են, թե ընդդիմադիր դաշտում էլ ազատ տեղ չկա, ուստի Ա. Բաղդասարյանը չի կարող ընդդիմություն դառնալ, որոշ ընդդիմադիրներ էլ կարծում են, որ Ա. Բաղդասարյանը պետք է «ապաշխարի իշխանության մեջ եղած ժամանակ գործած մեղքերի», մասնավորապես 2004-ի ապրիլի 12-13-ի դեպքերի հետ կապված, որից հետո միայն նրան կընդունեն իրենց շարքերը, իսկ ոմանք էլ պատրաստակամություն են հայտնում համագործակցել ՕԵԿ-ի հետ, միայն թե ՕԵԿ-ն իր գործելաոճով ապացուցի, որ ինքն իրոք ընդդիմություն է:
Օրինակ, «Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը գտնում է, որ ընդդիմությունը «փակ սենյակ» չէ, որ պետք է դուռը բացի, որպեսզի ինչ-որ մեկը մտնի: «Ընդդիմությունը բավականին լայն գաղափար է: Եթե քաղաքական կուսակցությունը հայտարարում է, որ դառնում է ընդդիմություն, այն արդեն պետք է իր գործելաոճով, իր սկզբունքային դիրքորոշմամբ հասարակությանն ապացուցի, որ իսկապես իր հայտարարությունները դատարկ խոսքեր չեն, եւ իրենք գործում են ընդդիմադիր դաշտում»,- մեզ հետ զրույցում նշեց Հ. Հովհաննիսյանը` հավելելով, թե ժամանակը եւ գործողությունների ընթացքը ցույց կտան` ՕԵԿ-ը պատրա՞ստ է լինել ընդդիմություն եւ կիսել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան, թե՞ ոչ: Այն, որ ԱԺ նախագահը հայտարարեց, որ իր կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից ու հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, ըստ ՀԱԱԿ ղեկավարի, պետք է ընդունել որպես քաղաքական կարեւոր քայլ՝ վերջին 15 տարվա նորանկախ պատմության մեջ: «Պետք է ընդունենք, որ սա Հայաստանի համար բավականին լուրջ քաղաքական մշակույթի վերականգնում էր: Այո, մարդը, քաղաքական գործիչը կարող է քաղաքական տեսակետների անհամաձայնության դեպքում հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից: Եվ դա, օրինակ, պետք է լինի ոչ միայն Ա. Բաղդասարյանի, այլեւ վարչապետի, նախագահի, նախարարների եւ նաեւ նրանց համար, ովքեր պետք է «յոլա չգնան» ու պիտի «քարշ չտան» այս երկիրը»,- նշում է Հ. Հովհաննիսյանը: Վերջինիս գնահատմամբ՝ ժամանակին նման քաղաքական քայլ արվել է մեկ էլ միայն Վազգեն Մանուկյանի կողմից, ով, ըստ մեր զրուցակցի, քաղաքական նկատառումներով հրաժարվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից: Իսկ ՀԱԱԿ-ը պատրա՞ստ է համագործակցել այլեւս ընդդիմադիր ՕԵԿ-ի հետ եւ այդ համատեքստում արդյոք հնարավո՞ր է` առաջիկայում ձեւավորվի հստակ գաղափարական ուղղվածություն ունեցող ընդդիմադիր մի միավորում, որի անհրաժեշտության մասին, արդեն տեւական ժամանակ է, հայտարարում է Հ. Հովհաննիսյանը, եւ ՕԵԿ-ն էլ այդ միավորման մաս կազմի: Մանավանդ, որ Ա. Բաղդասարյանը վերջերս հաճախ է խոսում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման եւ դեպի Եվրամիություն շարժվելու անհրաժեշտության մասին, ինչի ջատագովն է ՀԱԱԿ-ը: «Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Այս դեպքում էլ ես իսկապես չեմ բացառում, որ հնարավոր է նաեւ ընդհանուր շփման եզրեր, համագործակցություն»,- նշում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, եթե ունես քաղաքական նպատակներ, ապա այդ քաղաքական նպատակներն օգտագործելու համար պետք է հավաքվի համախոհների մի խումբ, ովքեր ընդունում են այդ նպատակները, եւ միասին մեկ ճանապարհ պետք է գնան: «Դա ժամանակի խնդիր է եւ մեկը մեկին ապացուցելու խնդիր է»,- ընդգծում է Հ. Հովհաննիսյանը: Անդրադառնալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Փարիզում կայանալիք առաջիկա նիստին մասնակցելուց հրաժարվելու փաստին՝ Հ. Հովհաննիսյանը, ով ժամանակին եղել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը, նշում է, որ գոնե վերջին կես տարում երեւում է, որ Ռ. Քոչարյանը խուսափում է որեւէ միջազգային կառույցում հայտնվել եւ միջազգային ֆորումի մասնակցել:
«Դեռ նախորդ տարի էլ Ռ. Քոչարյանը ՆԱՏՕ-ի համաժողովին չգնաց: Կարծում եմ, որ երկու պարզ բան կա. առաջին՝ ռուսական քաղաքական ճնշումը բավականին մեծ է Ռ. Քոչարյանի վրա, եւ, կարծում եմ, որ սահմանափակ են նրա՝ ինքնուրույն ազգային, պետական քաղաքականություն վարելու հնարավորությունները: Երկրորդ՝ կարծում եմ, որ միջազգային կառույցներում, մասնավորապես` ՆԱՏՕ-ում, Ռոբերտ Քոչարյանն ասելիք կամ անելիք չունի»,- գտնում է պարոն Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը խուսափում է այն ֆորումներից, որտեղ հնարավոր են շփումներ եւ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված քննարկումներ: ՀԱԱԿ ղեկավարի բնութագրմամբ՝ մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունը լղոզված է: «Բոլոր գործընթացներն իներցիայի մեջ են ընթանում: Իշխանությունները խաղում են ժամանակի վրա եւ պատեհության վրա, որ կարող է ինչ-որ մի բան պատահի, եւ այդ ընթացքում որեւէ բան փոխվի: Սա շատ ծանր իրավիճակ է»,- նշում է մեր զրուցակիցը: Ըստ նրա, այս իրավիճակն այն քաղաքականության արդյունքն է, որը տարիներ շարունակ Ռ. Քոչարյանը վարում է արտաքին եւ ներքին քաղաքական բնագավառում: «Սա պատահականություն չէ. երկիրը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ էլ ասելիք ու անելիք չկա»,- գտնում է ՀԱԱԿ նախագահը` հակադարձելով իշխանամետ պատգամավորների հայտարարություններին, թե «նմանատիպ հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտություն Ռ. Քոչարյանը չունի, քանի որ ինքն իր ասելիքն արդեն ասել է»: