Մահ կամ արդարություն

22/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մայիսի 18-ին լրացավ Սահմանադրական դատարանի այն որոշման միամսյակը, որը հակասահմանադրական էր որակել Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը («Հողամասը պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելը»), Հողային օրենսգրքի 104, 106 եւ 108 հոդվածները (կրկին վերաբերում են հողամաս եւ անշարժ գույք վերցնելու իրավահարաբերություններին), ինչպես նաեւ` ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1151 որոշումը: Հիշեցնենք, որ իրավական այս ակտերն էին ընկած Երեւանի Կենտրոնի կառուցապատման հիմքում: Հիշեցնենք նաեւ, որ այդ ակտերի սահմանադրականությունը վիճարկելու համար հիմք էր հանդիսացել մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումը:

Բացի այն, որ վերոհիշյալ դրույթները հակասահմանադրական ճանաչվեցին, ՍԴ-ն որոշեց, որ «ՀՀ ԱԺ-ն ու կառավարությունը պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետներում քննության առարկա հիմնախնդրին առնչվող բազմաթիվ իրավական ակտերը ՀՀ Սահմանադրության եւ ՍԴ որոշման պահանջներին համապատասխանեցնել: Օրենքով հստակ կանոնակարգել բացառիկ գերակա հանրային շահերով պայմանավորված հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման իրավական ռեժիմը: Սույն որոշման մեջ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված իրավական նորմերի վերջնական ժամկետ սահմանել օրենքի հիման վրա նման իրավական ռեժիմի ուժի մեջ մտնելու պահը, բայց ոչ ուշ, քան 2006թ. հոկտեմբերի 1-ը»: Հոկտեմբերի 1-ին մնացել է չորս ամսից մի փոքր ավելի ժամանակ, եւ տրամաբանական է, որ ՍԴ-ի որոշումն իրականություն դարձնելու համար ինչ-որ բան պետք է որ արված լինի: Դրա համար նախ փորձեցինք տեղեկություն ստանալ Արդարադատության նախարարությունից:

«Վարչապետի հանձնարարությամբ համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որը ղեկավարում է արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը,- պատասխանեց նախարարի մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը: -Այս փուլում ծրագրվել է մշակել օրինագծեր: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ, եւ «Հասարակական ու պետական կարիքների համար գույքի օտարման գործընթացները կանոնակարգող» օրենքի նախագիծն ուղարկվել է պետական համապատասխան գերատեսչությունների քննարկմանը: Նախագիծը մեկ շաբաթից ետ կստանանք եւ կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը»:

Տրամաբանությունը ենթադրում է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը, մինչեւ օրենսդրական փոփոխությունների ավարտը, վիճարկվող տարածքում պետք է գործընթացները դադարեցված լինեն: Բայց ամեն ինչ շարունակվում է, իհարկե մի փոքր զգուշավորությամբ: Բուզանդի, Հյուսիսային պողոտայի եւ նրանց միացած այլ հատվածների բնակիչներն ամսի 18-ին կառավարության շենքի դիմաց նորից ցույց էին կազմակերպել եւ պահանջում էին դադարեցնել իրենց իրավունքների ոտնահարումը: Նրանք տեղեկացրին, որ Բուզանդի 83 տան բնակիչների նկատմամբ վտարման գործընթացը չի դադարեցվել: ԾԻԳ-ի աշխատակիցներն այդ տան բնակիչներից պահանջում են իրենց հետ չնչին գներով փոխհատուցման պայմանագիր կնքել: ԾԻԳ-ը 1 քմ-ի համար բնակչին առաջարկում է 340 դոլար, հակառակ դեպքում` սպառնում է արժանացնել հարեւանների բախտին: Վտարման գործընթացը մինչեւ հոկտեմբերի 1-ը դադարեցնելու կամ չշարունակելու հետ կապված փորձեցին մեկնաբանություն ստանալ նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից. չէ՞ որ նրա դիմումի հիման վրա էր ՍԴ-ն որոշում ընդունել: «Որպես մարդու իրավունքների պաշտպան, իմ մեկնաբանությունն այն է, որ գործընթացը չպետք է շարունակվի, որովհետեւ հակասահմանադրականությունն ապացուցված է,- պատասխանեց Ա.Հարությունյանը: -Սահմանադրական դատարանի այդ վճիռի հետ կապված ես որոշակի միջնորդություններ եմ ներկայացրել կառավարություն եւ դատարանների նախագահների խորհրդին, որտեղ փորձում եմ ներկայացնել իմ պատկերացումները, թե ՍԴ-ի որոշումից հետո ինչպիսին պետք է լինեն այդ գործընթացները: Իմ կարծիքով, համարժեքության խնդիրը պետք է միանշանակ լուծվի, 10 տոկոսները պետք է վերադարձվեն, եւ գործընթացը պետք է կանգ առնի մինչեւ օրենքների ընդունումը»:

Ընդամենը: Ճիշտ է, տրամաբանությունը ենթադրում է, բայց ՍԴ որոշման մեջ նշված չէ, որ մինչեւ օրենսդրական փոփոխությունները հետագա գործընթացը պետք է դադարեցվի: Դրա համար էլ ԾԻԳ-ն անարգել իր գործը շարունակում է: Եվ ոչ մի իրավապահ մարմին չի փորձում այս կառույցի «առաջընթացը» կասեցնել: Երկու կողմերն էլ արդարանալու պատճառ ունեն: ՍԴ-ի որոշումը գործընթացի կասեցում չի նախատեսել: Դժվար թե այս «բացթողումը» նախօրոք չեն գիտակցել նախաձեռնող եւ որոշող կողմերը՝ Արմեն եւ Գագիկ Հարությունյանները: Բայց թարսի պես չէին գիտակցել նաեւ Բուզանդի բնակիչները, որոնք այս որոշումը համարեցին հաղթանակ: Իսկ հիմա նրանք տեսնում են, որ իրականում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ շարունակվում է նույնությամբ:

«Այս պայմաններում արվել է առավելագույնը, մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող էր արվել այս պայմաններում,- ասում է Արմեն Հարությունյանը: -Ի սկզբանե այն հարցադրումը, թե սահմանադրության փոփոխությունը ոչինչ չտվեց` սխալ է: Եկեք փորձենք հասկանալ, թե սա ինչ տվեց մեզ, ինչ կարող է տալ, ինչ կարող է չտալ: Եթե մենք անհնարին խնդիրներ ենք ուզում մեր առջեւ դնել եւ լուծել` դա այդպես չէ: Դա նշանակում է, որ այն, ինչ անցյալում է տեղի ունեցել, այլեւս տեղի չի ունենա: Մարդկանց գործը մենք շատ հեշտացրեցինք, որովհետեւ նրանք այլեւս առուծախի պայմանագիր չպետք է ստորագրեն: Նրանք պետք է ստորագրեն միայն փոխհատուցման պայմանագիր: Այն էլ` այն դեպքում, երբ այդ փոխհատուցումը համարժեք է եւ նախնական, ինչպես սահմանադրությունն է պահանջում: Ներկայի համար մենք մարդկանց երեք խումբ ունենք՝ մարդիկ, որոնք մինչեւ օրս ոչինչ չեն ստորագրել, մարդիկ, որոնք փոխհատուցման պայմանագիր են ստորագրել, եւ մարդիկ, որոնք առուծախի պայմանագիր են ստորագրել»:

Պարզ է, որ ամենադժվարը երրորդ խմբի մարդկանց վիճակն է, որոնք կազմում են պայմանագիր կնքածների մոտ 90 տոկոսը: Եթե առաջին եւ երկրորդ խմբի մարդիկ կարող են ամեն ինչ նորից սկսել, ապա առուծախի պայմանագիր ունեցողները պետք է դատարաններում նախ վիճարկեն իրենց պայմանագրերը, ապացուցեն, որ դրանք, այնուամենայնիվ, պետք է փոխհատուցում լինեն, հետո նոր վիճարկեն համարժեքության կամ նախնականության պահանջը: Ա.Հարությունյանը բոլորին խորհուրդ է տալիս դիմել դատարան: Եվ ցավալին այն է, որ մարդիկ այս պահանջները պետք է վիճարկեն այն դատարաններում, որտեղ մինչ այդ միայն պարտություն են կրել: Բուզանդի բնակիչներից ոչ մեկը չի ուզում դատարան դիմել, այդ ատյաններից արդար որոշումներ ստանալու հույսերն այլեւս սին են համարում: Որոշել են իրենց նմաններին համախմբել եւ արդարության կոչով ու պահանջով դիմել բարձրագույն իշխանություններին: Եթե այստեղ էլ պարտվեն, որոշել են գնալ ավելի կոշտ միջոցառումների: