Աշտարակում ծանր ժամանակներ են

22/05/2006

Չէինք պատկերացնում, որ կունենանք բազմաթիվ ու բազմաբնույթ արձագանքներ: Այդ արձագանքներից տպավորություն է ստեղծվում, թե դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն իր կուսակից աշխատակիցներով թալանել է ամբողջ մարզը եւ ստեղծել է կոռուպցիայի ու կաշառակերության այնպիսի մթնոլորտ, որ վերադարձը դեպի օրինականություն այլեւս անհնար է:

Կան նաեւ սպառնացող բնույթի արձագանքներ: Նախորդ հրապարակումներից հիշեցնենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մարզի դատախազությունը նյութեր ունի մարզպետի, մարզպետարանի որոշ վարչության պետերի, գյուղապետի, հիվանդանոցի եւ դպրոցի տնօրենների անօրինական գործունեության հետ կապված: Բայց այս ամենով հանդերձ, դատախազությունից մեզ տեղեկացրել են, որ միայն դպրոցի տնօրենի վրա է քրեական գործ հարուցված, այն էլ` ոչ մեր իմացածով: Մեր նախորդ հրապարակումներից հիշեցնենք, որ դաշնակցական կուսակցության վերնախավը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, եւ խնդրել են փակել այդ գործը: Ա.Հովսեփյանն ինքնուրույն հանձն չի առել այդպիսի պարտավորվածություն եւ դաշնակներին առաջարկել է դրա համար պարտադիր ստանալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «դաբրոն»:

Մեր ունեցած տեղեկություններով, Ռ.Քոչարյանը Ա.Հովսեփյանին հանձնարարել է մեկնել մարզ եւ անձամբ ծանոթանալ այդ գործերին: Աշտարակից մեզ տեղեկացրին, որ գլխավոր դատախազն այս շաբաթ աշխատանքային այց է ունեցել Արագածոտնի մարզի դատախազություն: Թե՛ Գլխավոր դատախազությունից, թե՛ Արագածոտնի մարզի դատախազությունից այս լուրը ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Մեզ հասած տեղեկություններով, գլխավոր դատախազը ծանոթացել է նյութերին եւ հասկացել է, որ այդպիսի գործերը «ծածկադմփոց» անելը բարդ է: Իսկ բացահայտելու դեպքում էլ դաշնակցականների համար խայտառակ իրավիճակ կստեղծվի: Ի դեպ, աշտարակցիները կարծում են, որ իրենց մարզային դատախազությունը հավաքած նյութերի հիման վրա գործեր չի հարուցել այն պատճառով, որ վստահ չի եղել, թե հնարավորություն կունենա մինչեւ վերջ տանել: Մտավախություն է եղել, որ միգուցե քննության ինչ-որ մի պահից գլխավոր դատախազից կամ նախագահից հրահանգ կստանա փակե՞լ դաշնակների հետ կապված բոլոր գործերը: Իսկ այդ ժամանակ, պարզ է` փակելը շատ ավելի դժվար կլինի:

Մեզ տեղեկացրին նաեւ, որ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին առաջարկվել է ազատել իր «հանցագործ» պաշտոնյաներին եւ հրաժարական տալ: Բայց մարզպետը նույնիսկ ցանկության դեպքում չի կարող դա անել, որովհետեւ այդ պաշտոնյաները սպառնում են բացահայտել իր «հանցագործ» դեմքը: Տեղեկություններ կան, որ բարձրագույն իշխանությունները դաշնակներին առաջարկել են ընդհանրապես հրաժարվել Արագածոտնի մարզից, փոխարենն առաջարկելով Գեղարքունիքի մարզը: Այնպես որ` հիմա Աշտարակում ծանր ժամանակներ են: Իսկ դաշնակցականները դեռ լիարժեք չեն կարողանում ուրախանալ ձեռք բերած նոր պաշտոններով, որովհետեւ հասարակությունից թաքցնելու շատ բաներ ունեն:

Ա.Ա.