Ադրբեջանցիները չհասան իրենց մուրազին

22/05/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջերս տարբեր լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ մայիսի 10-14-ը Մոսկվայում կայացած տուրիստական միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող ղարաբաղյան կազմակերպության շնորհանդեսի անցկացմանը խոչընդոտել են ադրբեջանցի մի խումբ երիտասարդներ` կազմակերպելով բողոքի ակցիա, եւ որ «նրանց ճնշման տակ ղարաբաղցիները հավաքել են իրենց ցուցավանդակը»:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մասնակցում էր Ղարաբաղում գործող «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն: Գործակալության ղեկավար Սերգեյ Շահվերդյանի հավաստմամբ, լրատվամիջոցներում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Ադրբեջանցիների վերոնշյալ խումբը ցուցահանդեսին ներկայացավ վերջին օրը` մայիսի 13-ին, երբ պետք է հատուկ տաղավարում տեղի ունենար ԼՂՀ շնորհանդեսը: Ադրբեջանցի երիտասարդները ներկայացան դրոշներով եւ վերնաշապիկներով` ինչ-որ «հայկական ագրեսիայի» վերաբերյալ գրառումներով եւ այլն: Բայց դա խոչընդոտ չհանդիսացավ, ընդհակառակը` բողոքի ակցիան բավականին լավ ազդեցություն գործեց մեր մասնակցության եւ ներկաների հետաքրքրասիրությունը գրավելու վրա: Պետք է ասեմ, որ ցուցահանդեսի հենց առաջին օրվանից Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունն ակտիվ արձագանքում էր մեր ներկայությանը եւ փորձում էր կազմակերպիչներին համոզել, որ պետք է փակել մեր տաղավարը: Արդյունքի չհասնելուց հետո սկսեցին պահանջել, որ ԼՂՀ գրությունը փոխարինվի ԼՂ-ով, բայց դա էլ չհաջողվեց: Շնորհանդեսը, որը բացեց Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը, շատ հաջող անցավ, եւ այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացավ: Կազմակերպիչները բավականին լավ էին տրամադրված մեր հանդեպ եւ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում, որի վառ ապացույցը շնորհանդեսի ավարտից հետո ցուցահանդեսի կազմակերպիչ մարմնի կողմից մեզ հատուկ դիպլոմով պարգեւատրելն է»,- նշեց Ս. Շահվերդյանը:

Վերջինիս խոսքերով, ցուցահանդեսին ներկայացված էին Ռուսաստանի 80 մարզեր եւ 40-ից ավելի արտասահմանյան երկրներ: «Սա մեր թվով 5-րդ մասնակցությունն է Հայաստանի եւ միջազգային տուրիստական ցուցահանդեսներին. մեկ անգամ մասնակցել ենք Հայաստանում եւ 3 անգամ Բեյրութում կազմակերպված ցուցահանդեսներին»,- փաստեց գործակալության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Գործակալության ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման խոչընդոտներին, որոնց մեջ մեծ տեղ ունի Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ մարդկանց ոչ բավարար տեղեկացվածությունը: «Մեզ հաճախակի էին հարցնում` որքանո՞վ է վտանգավոր Ղարաբաղ գնալը: Մենք նրանց տեղեկացրեցինք, որ այստեղ բոլոր առումներով շատ անվտանգ է, եւ աշխարհում այստեղից առավել անվտանգ երկիր չկա: Եվ դա մեր ամենամեծ առավելություններից մեկն է: Աշխարհում չկա այնպիսի մի երկիր, որտեղ տուրիստական ոստիկանություն չլինի: Մեծ քաղաքներում մարդիկ վախենում են փողոց դուրս գալ կամ զրուցել անծանոթ մեկի հետ: Այս առումով մենք ոչ մի խնդիր չունենք: Մարդիկ կարող են այցելել Ղարաբաղ` վայելելու ինչպես այդ անվտանգությունը, այնպես էլ` ղարաբաղցիների հյուրասիրությունը, եւ այլն»,- փոխանցեց պարոն Շահվերդյանը: