Տղաներին փող է պետք

22/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ավելի ճիշտ, նա տրամաբանություն չի տեսնում ՀՀ Կենտրոնական բանկի բացատրությունների մեջ, քանի որ դրամի արժեւորման եւ արժեզրկման դեպքում մատնանշվում են միեւնույն պատճառները (օրինակ՝ չինական յուանի արժեւորումը կամ ԱՄՆ ռեզերվային համակարգի տոկոսադրույքի բարձրացումը)։ «Հստակ կարելի է ասել, որ փոխարժեքի տատանումներն արտաքին կամ ներքին շուկայի հետ որեւէ կապ չունեն»,- ասաց տնտեսագետը։ Դրամի արժեւորումը տրանսֆերտների աճով, զբոսաշրջության ծավալների կամ արտահանման մեծացումով պայմանավորելը նա համարում է պարզապես հեքիաթ։ «Խոսում են երկնիշ թվով աճի մասին։ Իհարկե, աճ կա, սակայն կան նաեւ շատ վտանգներ, որոնց մասին չեն խոսում»։ Իսկ հիմնական վտանգն Է. Աղաջանովը համարում է արտաքին առեւտրի դեֆիցիտը։ Ուսումնասիրելով վերջին տարիների վիճակագրական տվյալները՝ տնտեսագետն ուղղակի կապ է տեսնում դրամի արժեւորման եւ արտաքին առեւտրի դեֆիցիտի միջեւ։ Օրինակ, 2004թ. ազգային դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է 8.4%-ով, դեֆիցիտը՝ 7%-ով։ 2005-ի համար նույն պատկերն է. դրամի արժեւորում` 16.8%-ով, եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռ՝ 28%-ի չափով։ 2006թ. համար Աղաջանովի կանխատեսումները նույնպես լավատեսական չեն։ Դոլարը գնալով ձգտում է այն թվին, որն անցյալ տարի կանխատեսել էր ԿԲ-ն, այսինքն՝ 420 դրամ։ Այդ դեպքում, ըստ տնտեսագետի, արտաքին առեւտրի դեֆիցիտը կկազմի 1մլրդ դոլար, որը մեր հանրապետության համար ռեկորդային ցուցանիշ է։

Պրն Աղաջանովին զայրացնում է այն, որ իշխանությունները չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այն վտանգը, որով հղի է այս քաղաքականությունը։ «2005թ. տվյալներով` արտաքին առեւտրի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 17%-ը։ Դա սարսափելի թիվ է։ ԱՄՆ-ի պես հզոր երկրում այն կազմում է 5%, եւ այնտեղ դա համարում են վտանգավոր, համապատասխան քայլեր են ձեռնարկում դրա դեմ»,- ասում է նա՝ նկատի ունենալով ազգային արժույթի՝ արհեստականորեն ցածր փոխարժեքի քաղաքականությունը։

Տնտեսագետի համոզմամբ, մերի տիպի երկրների համար արտահանումը չափազանց կարեւոր է։ Ներքին շուկան փոքր է, եւ աճի հիմնական ռեզերվն արտահանումն է, առանց որի առաջընթաց չի լինի. «Իսկ մեզ մոտ առաջին եռամսյակում արտահանման բացարձակ անկում է արձանագրվել՝ ավելի քան 5%-ի չափով»։ Ու թեեւ 2005թ. համար Հայաստանում արձանագրվել է արտահանման մոտ 30%-անոց աճ, Է. Աղաջանովին սա չի ոգեւորում, քանի որ որակական առումով այդ աճն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Առյուծի բաժինը կազմում են պղինձն ու մոլիբդենը։ Ընդ որում, արտահանման ցուցանիշի աճը պայմանավորված է եղել ոչ թե իրական ծավալների մեծացմամբ, այլ այդ ապրանքատեսակների համաշխարհային գների աճով։ Ո՞վ է այս ամենի մեղավորը։ Տնտեսագիտության հետ մի փոքր կապ ունեցող մարդիկ գիտեն, որ ազգային արժույթի փոխարժեքի անկումը ձեռնտու է ներմուծողներին։ Տեղական արտադրողները տուժում են, իսկ ներմուծողներն, ընդհակառակը, գերշահույթներ են ստանում, «որը ամաչելով խոստովանում են»։ Է. Աղաջանովի խոսքերով, մինչեւ 2005թ. հոկտեմբերի 7-ը պարզ չէր, թե ով է կառավարում փոխարժեքը։ ԿԲ-ն հայտարարում էր, որ իրենք փոխարժեքի վրա ազդեցություն չունեն, այն լողացող է (այսինքն` որոշվում է ազատ շուկայական սկզբունքներով)։ 2005թ. հոկտեմբերին Հայաստան այցելեց Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի տեղակալ Ջուլիանո Բերգանոն, որը հայտարարեց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը լողացող չէ, այն կառավարելի է։ ԿԲ-ն չառարկեց եւ ընդունեց, որ այդ կառավարումն իրականացվում է իր կողմից։ «Այդ դեպքում ես ուզում եմ երկու հարց ուղղել ԿԲ-ին՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի։ Ի՞նչ վատություն են արել ձեզ հայրենական արտադրողները, որոնք ձեր քաղաքականության արդյունքում տուժում են։ Եվ ի՞նչ լավություն են արել ներմուծողները, որոնք գերշահույթներ են ստանում այսպիսի քաղաքականության շնորհիվ»,- հարցնում է Է. Աղաջանովը։

Այս ամենի պատճառն, ըստ Աղաջանովի, այն է, որ ԿԲ-ն փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, այսինքն՝ իբր զբաղվում է օրենսդրությամբ նախատեսված իր գլխավոր խնդրով՝ գների կայուն մակարդակի ապահովմամբ։ Թեեւ գների համեմատաբար կայուն մակարդակն էլ, Է. Աղաջանովի կարծիքով, ԿԲ-ի շնորհքը չէ. «Գները կայունացնում է ներմուծումը, որը լցնում է մեր շուկան։ ԿԲ-ն դրա հետ կապ չունի»։ Իսկ փոխարժեքի եւ արտաքին առեւտրի հետ կապված վտանգներով ոչ ոք չի զբաղվում։ Տնտեսագետին սա զավեշտալի է թվում հատկապես այն պատճառով, որ Հայաստանն ունի տնտեսությամբ զբաղվող երկու նախարարություն՝ ՖԷ ու Առեւտրի եւ տնտեսական զարգացման։ «Լավ, բա մեկը չի՞ կարող այս ցուցանիշները տանել դնել վարչապետի, նախագահի սեղանին։ Ասել՝ նայեք, թե սա ինչ վտանգներ է պարունակում մեր տնտեսության համար։ Իշխանությունները ֆիլտրացված ինֆորմացիա են ստանում»,- նկատեց Է. Աղաջանովը։ Իհարկե, այստեղ միամտություն կլինի կարծել, թե այս ամենի պատճառը միայն իշխանությունների անտեղյակությունն է։ Դժվար է հավատալ, որ վարչապետն ու նախագահն անտեղյակ են։ Իհարկե, հին ժամանակների նման դերվիշի շորեր հագած չեն շրջում ժողովրդի մեջ (թեեւ վատ չէր լինի), ծանոթանում մարդկանց հուզող խնդիրներին ու դժգոհություններին։ Սակայն թերթեր երեւի կարդում են, գոնե այն պատճառով, որ տեսնեն` իրենց մասին ով ինչ է ասում։ Դոլարի արժեզրկումից կոնկրետ մարդիկ գերշահույթներ են ստանում, ուղղակի կամ անուղղակի կերպով ԿԲ վարած քաղաքականությունը համապատասխանում է նրանց շահերին։ Կարող եք աչքի անցկացնել խոշոր հարկատուների ցուցակը եւ կտեսնեք, որ ներմուծողների դիրքերը գնալով ամրապնդվում են։ Իսկ մեր երկրում, ինչպես գիտեք, ոչ ոք չի կարող գերշահույթներ ստանալ եւ դրանից վերեւներին մաս չհանել։

Իհարկե, օլիգարխների թվում կան նաեւ ներքին արտադրողներ, որոնց այս վիճակը ձեռնտու չէ։ Այնպես որ՝ դժվար է միանշանակ պնդել, որ փոխարժեքի քաղաքականությունը միանշանակ վերջիններիս դեմ է, եւ իրականացվում է ներմուծողների շահերից ելնելով։ Պարզապես տնտեսության ապագան ոչ ոքի լուրջ չի մտահոգում։ Այլ կերպ ասած՝ կարեւոր չէ` գումարն ինչ եւ ում միջոցով է տեղ հասնում, կարեւորը հասնելն է։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը սպառում է ավելի շատ, քան արտադրում է։ Եվ սպառման ու թողարկման տարբերությունը գնալով մեծանում է։ Ստացվում է՝ մենք գոյատեւում ենք դրսի հաշվին, իսկ այդ կախվածությունը գնալով մեծանում է։ Իսկ երկնիշ թվով տնտեսական աճը դառնում է ինքնանպատակ, քանի որ բնակչության լայն շերտերն այդ աճի արդյունքում ոչ մի դրական ազդեցություն չեն նկատում։ Կոպիտ ասած՝ մեր աճը հարուստների աճ է։ Ինչ վերաբերում է դոլար-դրամ փոխարժեքին, դրա տատանումներին ու գերշահույթներին, ապա դա տեղի է ունենում որոշակի շրջանակի մարդկանց կողմից, ԿԲ-ի միջոցով եւ, իհարկե, «վերեւների» լուռ համաձայնությամբ։ Ինչպես ասում է Է. Աղաջանովը. «Տղաներին «րՐՏփվՏ» դոլար կամ դրամ է պետք լինում՝ անում են»։

Վերջում տնտեսագետը հիշեցրեց, որ 2007-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եւ չբացառեց, որ «տղաները» հիմիկվանից փողեր են կուտակում՝ բաղձալի մանդատներին տիրանալու համար։