Բարգավաճող աղքատ երկիր

22/05/2006

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը մայիսի 18-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ավարտվել է Հայաստանին աղքատության դեմ պայքարի աջակցության ծրագրի երկրորդ քննարկումը:

ԱՄՀ-ն հնարավոր է համարում վերոնշյալ ծրագրի շրջանակներում մեր երկրին տրամադրել 3,28 մլն SDR-ի (մոտ 4,9 մլն դոլար) հերթական վարկային տրանշը: Այս վարկը, որ ԱՄՀ-ն տրամադրում է աղքատ երկրներին, ուղղված է տնտեսության զարգացմանը, կառուցվածքային եւ սոցիալական բարեփոխումներին եւ նպատակ ունի կրճատել աղքատության մակարդակը: Հիշեցնենք, որ այս վարկի տրանշերը տրամադրվում են տարեկան ընդամենը 0,5%-ով, իսկ գումարի մարումը սկսվելու է 10 տարի անց: Մի քանի տարի առաջ ԱՄՀ-ն Հայաստանին կառուցվածքային բարեփոխումների վարկեր էր տրամադրում: Սակայն ժամանակները փոխվում են, «վարկային մոդան»` նույնպես: Ինչպես Համաշխարհային բանկն, այնպես էլ` ԱՄՀ-ն Հայաստանին ակտիվորեն սկսել են վարկավորել «աղքատության հաղթահարման» քողի տակ: Միլիոնավոր դոլարները հենց այսպես են սկսել մտնել հանրապետություն: Հետաքրքիրն այն է, որ իշխանություններն այս վարկերից հետո այդպես էլ չեն խոստովանում ճշմարտությունը. Հայաստանը դեռ շարունակում է մնալ աղքատ երկիր, որին միջազգային կազմակերպություններն «արտոնություններ» են տրամադրում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ հսկաները սնկի նման սկսեցին աճել, իզուր չէ, որ աշխարհում մի շարք ակտիվիստներ նրանց «ոչ» էին ասում: Այդ կազմակերպությունները ստեղծված են աշխարհի գերտերությունների կողմից եւ հենց նրանց կողմից էլ կառավարվում են: Թե որոնք են դրանց մտադրությունները` դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է. նրանք ամենեւին էլ նպատակ չունեն Հայաստանի նման փոքր երկրների շահերը պաշտպանել եւ ինչ-որ չնչին տոկոսադրույքներով խոշոր գումարներ տրամադրել: Ինչեւէ, անդրադառնանք ԱՄՀ-ի «աղքատության» վարկային եռամյա ծրագրին: Այն ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից հաստատվել է անցյալ տարվա մայիսի 25-ին: Ծրագրի ընդհանուր գումարը 23 մլն SDR է (մոտ 34,2 մլն դոլար): Դեռ մեկ տարի առաջ ԱՄՀ-ի այս որոշումը կազմակերպության տնօրեններից մեկն` Ագուստին Կարստենսն այսպես էր մեկնաբանում. «Հայաստանի տնտեսության զարգացումը 2004թ. եւ 2005թ. սկզբին շարունակել է կայուն մնալ: Իրական ՀՆԱ-ն կայուն աճ է ցուցաբերել, հիմնականում գյուղատնտեսությունն ու շինարարությունը «բում» են ապրել, գնաճը նվազել է, հայկական դրամը շարունակում է արժեքավորվել: ՀՀ ԿԲ-ն շարունակում է կենտրոնանալ գների կայունության ապահովման վրա եւ պահպանել փոխարժեքի լողացող ռեժիմը…»: Ահա այսպիսի «վառ գույներով» են նկարագրում մեր երկիրը: Այսքանից հետո միջազգային կազմակերպություններին (տվյալ դեպքում` ԱՄՀ-ին) հարց պետք է տալ` բա էլ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ աղքատ երկիր: Այդ կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչներին այդ հարցը բազմիցս տրվել է, սակայն նրանք, եթե անհարմար չզգան, կասեն, թե Հայաստանն ընդհանրապես աղքատ չէ: Վերջերս մեր թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուն երկրի տնտեսական զարգացումն այսպես էր գնահատել. «Ամեն ինչ նորմալ հունով է ընթանում: Տնտեսական աճի եւ գնաճի ցուցանիշները բավարար են, աղքատությունը նվազում է: Չեմ կարծում, թե այս առնչությամբ որեւէ հիմնախնդիր ունենք»: Ինչո՞ւ են նրանք թաքցնում պարզ ճշմարտությունը: Այս հարցի պատասխանն առավել վտանգավոր է երկրի եւ նրա ապագա սերունդների համար:

Լավ, իսկ ո՞ւր են գնում այս փողերը, ինչպիսի՞ միջոցառումներ են դրանցով իրականացվում: Ֆինանսների եւ էկոնոմիկայի լրատվական ծառայությունից մեզ ասացին, որ այդ մասին առավել մանրամասն կարող է տեղեկատվություն տալ ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակը: Իսկ այնտեղից էլ պատասխանեցին, որ «այն, ինչ հասանելի է լրատվամիջոցների համար, տեղակայված է կազմակերպության ինտերնետային կայքում»: Իսկ կայքից էլ պարզ դարձավ, որ լրատվամիջոցների համար շատ բան հասանելի չէ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, երեկ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարարը հայտնել է, որ այս տարի առաջին անգամ ԱՄՀ-ին Հայաստանի ներկայացրած ծրագրերը հաստատվել են ոչ թե Տնօրենների խորհրդի ժողովում, այլ հարցման ձեւով, ինչը նշանակում է, որ դրանք իրականացվում են «առանց խնդիրների»: Սա ապացուցում է այն, որ ԱՄՀ-ին սկսել է առանձնապես չհետաքրքրել, թե ինչի վրա են ծախսվում իր փողերը, միեւնույն է, ինքն իր տոկոսների տերն է:

Սեփ. լր.