Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն պես բանակցություններ է սկսել ԱԺ ընդդիմության հետ եւ նրանց համոզում է վայր դնել պատգամավորական մանդատները: Սա Ա. Բաղդասարյանի միակ հնարավորությունն է ընդդիմադիր դաշտում տեղ ունենալու համար: Իրականում Ա. Բաղդասարյանի ակցիայի նպատակն ընդդիմությանն ու ժողովրդին ապացուցելն է, թե հենց ինքն է այն խարիզմատիկ լիդերը, որին երկար ժամանակ ընդդիմությունը չէր կարողանում գտնել: Բայց Ա. Բաղդասարյանը հասկացել է, որ դրա համար միայն «աթոռից» հրաժարվելը քիչ է, եւ պետք է մեկ քայլ եւս, որն իրեն հնարավորություն կտա ընդդիմադիր դաշտում առաջինը լինել: Իսկ մանդատից հրաժարվելն ՕԵԿ-ում համարում են ռեկորդային, քանի որ գործող ընդդիմությունը 3 տարի շարունակ սպառնում է այն անել, բայց այդպես էլ իր մեջ այդքան համարձակություն չի գտնում: Ավելի շուտ՝ աշխատավարձերից կտրվելու համարձակություն: Ի դեպ, Ա. Բաղդասարյանը դեռ էն գլխից է իր համար «տեղ վերցրել» ընդդիմության շարքերում: Ասում են՝ Ա. Բաղդասարյանը պարբերաբար ֆինանսավորել է նաեւ ընդդիմության հանրահավաքները: Երեւի հենց սա է պատճառը, որ ընդդիմությունը չի կարողանում հստակ հայտարարել, որ Ա. Բաղդասարյանն, ապրիլի 12-ի գիշերն ԱԺ շենքից զորք ուղարկեց ժողովրդի ու հենց իրենց վրա դուբինկաներ բարձրացնելու համար: Ու «ապաշխարել» ասելով՝ ընդդիմությունը նկատի ունի հենց այն, որ Ա. Բաղդասարյանը պետք է իրենց շարքերն անցնելու համար ապաշխարի դուբինկաներով իրենց հարվածելու համար: