Չեն միջամտի, բայց կմասնակցեն

20/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Եթե համոզված լինեմ, որ կուսակցությունն օգուտ կտա երկրին, ապա ինչո՞ւ ոչ, կաջակցեմ», – այսպես պատասխանեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ նոր ստեղծվող «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը եւ դրան իր հնարավոր աջակցությանը վերաբերող հարցին։

Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պրն Աբրահամյանը վերահաստատեց, որ մտադիր չէ կողքից հետեւել ՀՀ ներքաղաքական գործընթացներին։ Իսկ իր մասնակցության անհրաժեշտությունը Ա. Աբրահամյանը բացատրում է այն հանգամանքով, որ ՌԴ-ում բնակվում են մոտ 500 հազար ՀՀ քաղաքացիներ. «Այս պարագայում չեմ կարող ցույց տալ, որ Հայաստանի ներքին կյանքի մասին ոչինչ չգիտեմ կամ ամեն ինչի հետ համաձայն եմ։ Սակայն ես ՌԴ քաղաքացի եմ, եւ պետք է ոչ թե միջամտեմ, այլ օրենքի շրջանակներում մասնակցություն ունենամ գործընթացներին, եթե, իհարկե, դա օգտակար կլինի երկրին»։

Ա. Աբրահամյանը նշեց, որ թեեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը 2,5 տարվա պատմություն ունի, սակայն դեռ շատ անելիքներ կան։ Այցելած 27 երկրներում բոլորն իրենց աջակցությունն են հայտնել եւ ողջունել ՀՀԿ-ի ստեղծումը, սակայն իրենց չի հաջողվում Ռուսաստանի հայերի միության նման հաջողությունների հասնել, միասնական կառույց ստեղծել։ «Դրա պատճառն այն է, որ դրսի համայնքներն ու մենք պատրաստ չէինք։ Կային տարաձայնություններ։ Որոշ կուսակցություններ իրար հետ չեն կարողանում աշխատել… Օրինակ, ես մի քանի անգամ հանդիպել եմ դաշնակցական Հրանտ Մարգարյանին, որն իմ լավ բարեկամն է եւ շատ հայրենասեր մի անձնավորություն, բայց բաժանվելուց հետո շարունակություն չկա»,- նշեց պրն Աբրահամյանը։

Վերջինս, իհարկե, փորձում էր զուսպ լինել եւ կտրուկ արտահայտություններ չանել, սակայն գաղտնիք չէ, որ դաշնակները կարծես սեփականաշնորհել են Ցեղասպանության հարցով զբաղվելու իրավունքը եւ պատվից ցածր են համարում այս հարցում համագործակցել մի նորաստեղծ կազմակերպության հետ, առավել եւս՝ անդամակցել նրան։ Իսկ նորաստեղծ կազմակերպությունը, ըստ Ա. Աբրահամյանի, լայն թափով աշխատում է այս ուղղությամբ։ «30 երկրների արխիվներում ցեղասպանության հարցի ուղղությամբ աշխատել են 50-ից ավելի մարդ։ Հրատարակվել է 3 հատորանոց գիրք։ Ստեղծվել է 17 երկրների փորձագետներից կազմված գիտնականների խումբ… Սակայն այս հարցում առանձին գործել հնարավոր չէ»,- ասաց Ա. Աբրահամյանը։

Հայերի նկատմամբ ՌԴ-ում կատարվող հանցագործությունների մեջ պրն Աբրահամյանն իշխանությունների կողմից միտում չի տեսնում։ «Դա ուղղված է ոչ թե հայերի, այլ բոլոր թուխ մաշկ ունեցող մարդկանց դեմ։ Այդպիսի երեւույթներ կան բոլոր երկրներում»։

Չնայած սրան, նա նշեց, որ իրենք արտահայտել են իրենց դժգոհությունն իրավապահ մարմինների գործողությունների անբավարար մակարդակի առնչությամբ։ «Վիգեն Աբրահամյանցի սպանության հետ կապված՝ մեր փաստաբանը զուգահեռ հետաքննություն է անցկացնում, որի արդյունքների մասին ձեզ անպայման տեղյակ կպահենք»,- հավաստիացրեց պրն Աբրահամյանը։

Վերջում հարց հնչեց նաեւ Հայաստանի գործարար միջավայրի հետ կապված, որը նույնպես ուներ քաղաքական ենթատեքստ։ Դժվար թե պրն Աբրահամյանը զրուցած չլիներ ՕԵԿ-ից դուրս եկած գործարար պատգամավորների հետ եւ անտեղյակ լիներ մեր բիզնեսի պաշտպանվածության «բարձր» մակարդակին։ Այս հարցին նույնպես Արա Աբրահամյանը շատ զուսպ պատասխան տվեց. «Թեեւ վերջին տարիներին կատարվել են շատ փոփոխություններ, օրինակ՝ օրենսդրական դաշտում, սակայն, եթե համեմատում ենք այլ երկրների, ասենք, Կիպրոսի հետ, ապա աշխատանքներ շատ կան։ Ամենակարեւորն այն է, որ բիզնեսմենը հավատա պետությանը, մինչդեռ այստեղ վախ կա, որ տարաձայնությունների պատճառով կարելի է կորցնել բիզնեսը»։