ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով իր կյանքից տարիներ, ամիսներ ու րոպեներ է կորցրել ուսումնասիրելու համար «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ ստեղծման իսկ վայրկյաններից, եկել է այն եզրահանգման, որ ՕԵԿ-ը ձեւավորվել է տնտեսական եւ քաղաքական էլիտայի սերտաճմամբ: Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հրապարակային քաղաքական գործիչ է: Իսկ կոալիցիայի կողմից ՕԵԿ-ի դուրս գալն էլ Հ. Հովհաննիսյանը բացատրում է նրանով, որ Ա. Բաղդասարյանը «հրաժարվեց 100%-ով ենթարկվել իրեն ստեղծողներին»: Պատգամավորը հիշեցրեց «ոսկե ձկնիկի» պատմությունը, երբ ձկնորսը վերջում, արդեն ամեն բան ունենալուց հետո ձկնիկից խնդրում է իր թագավորությունը: Այսինքն, պատգամավորի խոսքերով` Ա. Բաղդասարյանի նախագահական ամբիցիաներն են նրան ստիպել դուրս գալ կոալիցիայից: Հ. Հովհաննիսյանի կարծիքով, եթե Ա. Բաղդասարյանը դներ իր վստահության հարցը, ապա կարող էր եւ պահպանել ԱԺ նախագահի պաշտոնը: Քաղաքագետ պատգամավորի խոսքերով` այն թիմերը, որոնք «ձեւավորվում են անասնագողության միջոցով, քայքայվում են առնետավազքի պատճառով»: ՕԵԿ-ի հայտնի հակառակորդ Հ. Հովհաննիսյանն ամենեւին էլ ուրախ չէ ՕԵԿ-ի հետ կատարվող իրադարձությունների համար: Նրա գնահատմամբ` այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես է մեռնում քաղաքականությունը Հայաստանում: Ինչեւէ, քաղաքագետ պատգամավորը նաեւ կարծիք հայտնեց, թե առաջիկա ընտրություններն ապաքաղաքական են լինելու: Նա մի քանի այլ կանխատեսումներ էլ արեց: Ըստ այդմ, առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կդառնա ԱԺ նախագահ, ապա նախագահական ընտրություններում կընտրվի նախագահ, իսկ վարչապետ կնշանակվի Ռոբերտ Քոչարյանը: Իսկ գործող վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ըստ Հ. Հովհաննիսյանի, կդառնա ԱԺ նախագահ: Ի դեպ, ըստ Հ. Հովհաննիսյանի, Ա. Մարգարյանին ժամանակին արդեն առաջարկվել է ԱԺ նախագահի պաշտոնը, սակայն, ըստ Հ. Հովհաննիսյանի, ինքը խոչընդոտել է, որպեսզի այդ պաշտոնը ՀԺԿ-ն չկորցնի, ինչի արդյունքում էլ ԱԺ նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը:
Ռ.Թ.