Հայաստանից դուրս՝ տղամարդ չէ՞

20/05/2006

Ռոբերտ Քոչարյանի` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի` Փարիզում կայանալիք լիագումար նիստին մասնակցելուց հրաժարվելը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ, նշանակում է այլեւս հրաժարվել ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններից: «Սա ընդամենը մեկ բան է նշանակում` էդ մարդն այլեւս հրաժարվում է խաղաղ բանակցություններից, ինչը երկիրը կանգնեցնում է պատերազմի վտանգի առաջ»,- ասում է նա: Արամ Սարգսյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը նման միջոցառումներին չի մասնակցում, որովհետեւ «վախենում է Հայաստանից դուրս գալ», քանի որ արտաքին դաշտում նրա վրա ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում բավական լուրջ ճնշումներ կան: «Քոչարյանը գիտի, որ իր վրա մեծ են ճնշումները, հետեւաբար` շատ թույլ է ու վախեցած: Որպես արտաքին քաղաքական գործոն` նա գոյություն չունի: Ու նոր ստեղծվող ու բացվող կուսակցությունների ղեկավարները, ովքեր էդ մարդուն իրենց որպես «պապա» են ընդունում, պետք է հասկանան, որ ինքը քիթը Հայաստանից դուրս հանել չի կարող, որ ինքը «թավանի տակ է», որ միայն երկրի ներսում, իրենց համար է «միակ տղամարդը», իսկ երկրից դուրս տղամարդ չէ: Եվ եթե այդպես շարունակի թռնել, կարող է այլեւս չիջնի»,- այսպես պատկերավոր ներկայացրեց Ա. Սարգսյանը: Ըստ նրա` Քոչարյանը սպառել է բոլոր արտաքին քաղաքական ռեսուրսները, քանի որ «տարբեր տեղերում տարբեր ստեր է խոսել»: «Հիմա ՆԱՏՕ-ի հրավերքն է մերժում այն դեպքում, երբ Վրաստանն ու Ուկրաինան, համաձայն ՆԱՏՕ-ի արտահերթ որոշման, դառնալու են վերջինիս անդամ, ու այս տարածաշրջանում, երբ Ադրբեջանը հայտարարել է, թե իր ուղղվածությունը ՆԱՏՕ է, չգնալն ուղղակի անթույլատրելի է»: Սակայն ստեղծված իրավիճակը, Արամ Զ. Սարգսյանի գնահատմամբ, չափազանց վտանգավոր է: