Չգիտեմ, ինչ է պատահել, որ մեր իշխանությունները հանկարծ որոշել են փոխել Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստն ու երաժշտությունը։ Ի՞նչ փոփոխություն է կատարվել մեր կյանքում, որ Միքայել Նալբանդյանի փոքր-ինչ խմբագրված տեքստն ու Բարսեղ Կանաչյանի երաժշտությունն էլ չեն սազում մեր իրականությանը։
Եթե «Օրինաց երկիր» կուսակցության խիստ օրինաչափ քայքայումն ու նրա առաջնորդի հրաժարականն Ազգային ժողովի նախագահի պաշտոնից տեղի ունեցած լիներ փոքր-ինչ վաղ, գուցե հասկանայի։ Գուցե հասկանայի ու մտածեի, որ մեր իշխանություններն իսկապես որոշել են փոխել Նալբանդյան-Կանաչյանի օրհներգը Գյոթե-Բեթհովենի հանրահայտ երգով, որը բոլորս էլ երգել ենք մեր մանկության տարիներին։ «Անցնում եմ ես երկրե երկիր / առնետն իմ միշտ ինձ հետ է…»։
Եթե օրհներգը փոխելու մտադրություն լիներ 2007 թվականի հունիսին, երբ Ազգային ժողովում արդեն մեծամասնություն կազմած կլիներ հանրահայտ օլիգարխի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, տրամաբանական կլիներ «թշվառ ու անտեր Հայրենիքի» հիմնը փոխարինել Արամայիս Սահակյանի բառերով գրված «Կեր, խմի, քեֆ արա շարունակ / աշխարհը խալի է ոտիդ տակ….» երգով։ Բարգավաճ Հայաստանում պետք է ապրել այս տրամադրությամբ։
Եթե օրհներգը փոխելու մասին խոսակցությունները սկսվեին 2008 թվականի ապրիլին, երբ Քոչարյանն իր տասնամյա իշխանությունը վերջնականապես հանձնած կլիներ Սերժ Սարգսյանին, դարձյալ հասկանալի կլիներ, որ եկել է օրհներգը փոխելու ժամանակը։ Ժամանակն է` մելամաղձոտ «Մեր հայրենիք»-ը փոխարինել «Ղարաբաղցին» կենսուրախ երգով։ Շարժման օրերին շատերն էին երգում եւ հիմա արժե հիշել երգի հատկապես այս տողը. «Լավ ընկերոջ համար անգամ / կյանքը կտա ղարաբաղցին…»։
Եթե երկքաղաքացիության սահմանադրական դրույթը վերածված լիներ համապատասխան օրենքի, նույնպես հասկանալի կլիներ օրհներգի փոփոխության անհրաժեշտությունը։ Առաջին Հանրապետության տարաբախտ հիմնին լիովին կարող էր փոխարինել Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» երբեմնի շլյագերը։ Այս դեպքում օրհներգ դառնալու հավակնություն կարող էր ունենալ նաեւ Թաթայի հանրահայտ երգը, որի քնարական հերոսը ճանապարհին խնդրում է իրեն գոնե մեկ-մեկ Հայաստան տանել։
Եթե հերթական մի «ռամբույեում» մեր կոմպլեմենտար դիվանագիտությունը հաղթանակ տաներ եւ ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն երկարաձգվեր եւս… անորոշ ժամանակով, կասկած չէր լինի, որ «Մեր Հարենիքը» պետք է իր տեղը զիջի Արամ Ասատրյանի «Անհնար է, անհնար / հայոց հոգին ընկճել…» երգին։ Դա մի կողմից` կնշանավորեր մեր դիվանագիտության փառքն ու պերճանքը, մյուս կողմից` կխորհրդանշեր ստատուս-քվոյի (իմա. շրջափակման, տնտեսական մեկուսացվածության, չքավորության ու նման բաների) մեջ ապրող հայ ժողովրդի աննկուն կամքը։
Դժվար չէ կռահել, թե ինչ կլիներ, եթե Ռուսաստանի դաբրոյով Հայաստանում իշխանության գար Արամ Կարապետյանը։ Նոր, ժողովրդավարական Հայաստանի օրհներգը կդառնար ռուսական էստրադայի «Տոպոլիննի պուխ» հանրահայտ երգը։ Իսկ եթե ամերիկյան դաբրոյով Հայաստանում իշխանության գար միակ եւ ծանրակշիռ հայ արեւմտամետ Հովհաննես Հովհաննիսյանը, Սորոսի հիմնադրամի միջոցներով շատ արագ հայերեն կթարգմանվեր Ֆրենկ Սինատրայի «Stranger in the night»-ը («Օտարականը գիշերում»)։
Եթե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի պատվիրակությանը հաջողված լիներ եւս մեկ փաստաթղթի մեջ եւս մեկ ձեւակերպում փոխել, որն օգուտ կբերեր Հայաստանին եւ վնաս կտար Ադրբեջանին ու Թուրքիային, առանց երկմտելու կարելի էր «Մեր Հայրենիքը» փոխարինել «Եվրատեսիլի» առաջին ծիծեռնակ Անդրեի «Without your love» երգով, եւ դա իդեալականորեն կարտացոլեր մեր իրականությունը։ «Կապրեմ, թե կմեռնեմ / առանց քո սիրո»,- երգում է Անդրեն։ Օրհներգ դառնալուց հետո այս երկմտանքը կդադարեր մարդկային կասկած լինելուց եւ կդառնար քաղաքական մղձավանջ՝ այդպիսով, ինչ խոսք, հայելային ճշգրտությամբ արտացոլելով մեր իրականությունը։
Without your love։ Այսինքն՝ Հայաստանը, որ իր ունեցած-չունեցածը նվիրաբերել է Ռուսաստանին, փաստորեն ապրում է առանց նրա սիրո։ Միացյալ Նահանգները, որ միլիարդներ է ծախսում Հայաստանում, փաստորեն ապրում է առանց Հայաստանի սիրո։ Իշխանությունները, որ իրենց համարում են ժողովրդի ընտրյալը, փաստորեն ապրում են առանց ժողովրդի սիրո։ Ժողովուրդը, ում երբեմն թվում է, թե ընդդիմադիր առաջնորդներ ունի, փաստորեն ապրում է առանց պլյուս-մինուս ֆորմատների սիրո։ Մտավորականությունը, որ այդպիսին է համարվում Հայրենիքի ու ազգի մասին «ցավդ տանեմ» ոճով ստեղծագործություններ կերտելու շնորհիվ, փաստորեն ապրում է առանց Հայրենիքի ու ազգի սիրո։
Եվ չի հավատում, մեր մտավորականությունը չի հավատում, որ նոր իրականության մեջ կգտնվի մի բանաստեղծ, մի երաժիշտ, ով կկարողանա գրել Հայաստանի օրհներգը։ Չի հավատում, որովհետեւ չի ապրում Հայաստանի ապագայով, որովհետեւ ապրում է միայն անցյալի սիրով։ Ու առանց հետաքրքրվելու կամ քննարկելու, թե ո՞րն է Հայաստանի օրհներգը փութանակի փոխելու պատճառը, առաջարկում է վերադառնալ Արամ Խաչատրյանի երաժշտությանը, որը որպես հիմն հաստատվել է 1944 թվականին։
Երբ Հայաստան էին գալիս խաբված սփյուռքահայերի խմբերը, հնչում էր Խաչատրյան-Սարմենի հիմնը։ Այն հնչում էր, երբ սիբիրյան տայգաներ էին աքսորվում նույն սփյուռքահայերը, պատերազմի ընթացքում գերի ընկած մարդիկ, Սովետական Հայաստանի (կամ ավելի ճիշտ՝ ՍՍՀՄ) միանգամայն անմեղ քաղաքացիները։ Ցեղասպանության օրը նշելն արգելված էր, բայց այդ օրը բացվում էր սովետական ընտանիքը փառաբանող օրհներգով։ Ռադիոյով կամ հեռուստատեսությամբ որեւէ ազատ միտք արտահայտել չկար, բայց նույն ռադիոն ու հեռուստատեսությունը «սովետական նվաճումներն» «ավետում էին» նույն օրհնաբանությամբ, թե «Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգեւեց, / Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց, / Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց / Եվ տվեց մեզ նոր, պայծառ կյանք փառապանծ»։
Երբ մի գինեգործ իր գինու անունը դնում է «Նոստալգիա» եւ շշի պիտակը զարդարում մուրճ ու մանգաղով, հասկանում ես, որ ապրանք սաղացնելու խնդիր ունի, բայց երբ հայրենի մտավորականությունն է ուզում սաղացնել իր բարոյապես մաշված նոստալգիան, ակամա մտածում ես, որ մեզ արժանի հիմնը կարող է լինել «Գինի լից, ախպեր ջան, գինի լից / խմողաց անուշ» էպիկական ստեղծագործությունը։