Մի ժողովրդական խոսք կա` «Արածի համար չեն փոշմանում, չարածի համար են փոշմանում»: Սակայն վերջին օրերին հայերն ականատես եղան այս արտահայտության հակառակ դրսեւորումներին: «Ալլո Համլետը», նույն ինքը` Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանը (հիմա բոլորին հասկանալի է չէ՞, թե ինչու է հայկական հեռուստատեսությունն այդքան ողորմելի վիճակում) վեց տարի հետո հասկացավ, որ «ղալաթ» է արել: Ի դեպ, հիշեցնեմ, որ մեր պետությունում ուշ հասկացողների համար հատուկ դպրոցներ կան, եւ նմանների տեղը ոչ թե ակադեմիայի ռեկտորի պաշտոնն է, այլ տհասների համար դպրոցը: Ի դեպ, Մավրիկ Ղուկասյանի հետ հարցազրույցից երեւում էր, որ վերջինս էլ է փոշմանել, որովհետեւ գտնում է, որ Սամվել Բաբայանին ազատելու նախագահի որոշումը ճիշտ էր (իհարկե, այդպես էլ չնշելով, թե որ երկրի որ նախագահին նկատի ունի պարոն Ղուկասյանը): Նշեմ, որ Համլետ Ղուշչյանը վերջին տարիներին հաճախ է փոշմանում: Սկզբից նա փոշմանեց, որ գնացել է «Արմենիա TV» եւ տեղափոխվեց «Երեւան» հեռուստաընկերություն, որտեղ նրան շատ արագ «փոշմանցրեց» Սամվել Ալեքսանյանը («Լուս Աստղ» օղու հակագովազդի հետ կապված հայտնի պատմության ժամանակ): Հետո պարոն Ղուշչյանը որոշեց, որ Հայաստանը շատ փոքր է այդպիսի «մտքի գիգանտի» համար եւ «թռավ խոպան»` Արա Աբրահամյանի մոտ «մի էրկու կապեկ» փող աշխատելու նպատակով (նա Արա Աբրահամյանին համոզել էր, որ վերջինս բացի «ՍԱՐ» հեռուստատեսությունը, որի տնօրենը պետք է դառնար ինքը): Սակայն անցած տարի հասկանալով, որ Մոսկվայում իր նմաններին լավագույն դեպքում օգտագործում են «մասովկաներում», հերթական անգամ փոշմանեց եւ վերադարձավ հայրենիք, որտեղ հույս ունի դառնալ Հրանտ Վարդանյանի մեդիա-հոլդինգի գլխավոր տնօրեն: Այս պատմության մեջ ինձ զարմացնում է ոչ թե Համլետ Ղուշչյանը (որովհետեւ նա պատկանում է այն մարդկանց «սորտին», որոնք պատրաստ են «սապոնվել» բոլոր նրանց, ովքեր այդ պահին հզոր են: Եթե հիշում եք ՀՀՇ-ի օրոք էլ նա Հրանտ Բագրատյանի «ընկերն» էր), այլ այն մարդկանց վրա, ովքեր այսքանից հետո դեռ շարունակում են որեւէ գործ վստահել Համլետ Ղուշչյանին:
Իմիջիայլոց, նույնը կարելի է ասել նաեւ Սերգո Երիցյանի մասին, որը յոթ-ութ տարի հետո, մի գիշերվա մեջ հասկացավ, որ իր տեղը ոչ թե «Օրինաց երկիրն» է, այլ անօրեն երկիրը, որտեղ նրան թույլատրվում է «լավ ապրել», օպտիմիզացնելով ուսուցիչներին եւ սեփական կուսակցությունը: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ շատ շուտով Ռոբերտ Քոչարյանը փոշմանելու է, որ Սերգո Երիցյանին նշանակել է իր խորհրդական, քանզի վերջինիս խորհուրդներն ու «կարծիքը» վաղուց արդեն չեն հետաքրքրում ոչ մեկի` անգամ Ճոճկանում:
Հայկական, այսպես կոչված, քաղաքական դաշտում փոշմանելը, կամ ինչպես ժողովուրդն է ասում` «թքածը լիզելը» դառել է քաղաքական կատեգորիա: Ըստ Վանոյի՝ «իրենք ղալաթ էին արել», որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանին նշանակել էին Հայաստանի վարչապետ (չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած տարի խոստովանեց, որ չի փոշմանել): «Արդարությունը» փոշմանել է, որ Շավարշ Քոչարյանին «պրիցեպ ա արել»: Ռաֆիկ Պետրոսյանը փոշմանել է, որ իր որդին, թեկուզեւ` «սթից», բայց այնուամենայնիվ օրինացերկրական էր: Վիկտոր Դալլաքյանը փոշմանել է, որ դարձել է ընդդիմադիր: Մի խոսքով, բոլորը Նաջարյանի օրն են ընկել` անընդատ փոշմանում են:
Երկու օր առաջ պարզվեց, որ ԵՊՀ խորհրդի բազմաթիվ անդամներ եւս փոշմանել են, որ անցած անգամ իրենց ձայնը տվել էին Գագիկ Ղազինյանին (էլ չեմ ասում, որ մի քանի հոգի փոշմանել էին, որ ընդհանրապես դառել են այդ խորհրդի անդամ): Չնայած այս պարագայում ես կարծում եմ, որ փոշմանելու պրոցեսն այնքան էլ ինքնակամ չի եղել:
Իսկ իմ լավատեսությունն ինձ հուշում է, որ կարեւորը ոչ թե հոդվածում նշված «մեր օրերի հերոսներն են», այլ հայ ազգը, որը երբեք չի փոշմանի, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին ընտրեց անկախության ուղին, կարեւորը մեր ազգի այն զավակներն են, որ անկախ այսօրվա իրականությունից` չեն փոշմանել, որ արյուն են թափել Արցախի ազատագրման համար, կարեւորը մեր այն երեխաներն են, ովքեր չեն փոշմանի, որ իրենց ծնողները չեն գնացել «Մոսկվա տեղ» կամ Ամերիկա` իրենց հնարավորություն տալով կերտել այս պետության ապագան: