Քննարկում Վանաձորում

20/05/2006

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախօրեին Վանաձորում կազմակերպել էր քննարկում` նվիրված 1994թ. մայիսի 12-ին հրադադարի կնքման 12-ամյակին: Քննարկմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ղարաբաղյան հակամարտության նախապատմությունն ու ընթացքը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության նախագահ Կարեն Օհանջանյանը: Ըստ նրա՝ խաղաղության ձեռքբերումը միջանկյալ փուլ է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ճանաչման գործընթացում: «Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չէ տարածաշրջանի լիարժեք ինտեգրումը միջազգային գործընթացներին,- նշեց Կ.Օհանջանյանը։ -ԼՂ-ն անպայման պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Առանց դրա հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան խնդիրը»: