– Պարոն Նիկոյան, Ռոբերտ Քոչարյանը մերժեց Փարիզում մայիսի 26-30-ը կայանալիք ՆԱՏՕ ԽՎ հերթական նստաշրջանի մասնակցության հրավերքը, որտեղ նա պետք է հանդիպեր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ընդդիմության գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանն այլեւս հրաժարվում է ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններից: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը եւ համամի՞տ եք վերոնշյալ գնահատականի հետ:
– Բոլոր նմանատիպ միջազգային ֆորումներին երկրի ղեկավարի մասնակցության նպատակահարմարությունը, մասնավորապես, եթե դա վերաբերում է ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը, պետք է մեկ հիմնական սկզբունքի բավարարի. այդ հանդիպումը ԼՂՀ հարցի լուծման ուղղությամբ դրական որեւէ քայլ տալի՞ս է, թե՞ ոչ: Երբ ռամբույեյան հանդիպումից նախագահը, որոշ դիտորդների կարծիքով, մեկ-երկու օր շուտ վերադարձավ, ես ասում էի՝ որ մնար, ի՞նչ պետք է աներ, քանի որ դիմացի կողմն իր հստակ սահմանագծերն էր գծում եւ հրաժարվում էր դրանից որեւէ քայլ անգամ զիջել: Դրանից հետո մյուս բոլոր այն հանդիպումներին, որոնց եւս հրաժարվել է մասնակցել, նախագահը գնա եւ նորից հանդիպի Ալիեւին` ի՞նչ ակնկալիքներով, եթե այս պահին եւս հայտարարում են, որ ԼՂՀ հիմնախնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ հրաժարվում են ընդունել ԼՂՀ ժողովրդի անգամ ինքնորոշման իրավունքը: Այդ մոտեցումների արդյունքում գնա ու հանդիպի, որ ի՞նչ: Դրա համար էլ գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդներն, ովքեր աշխատում են մոտեցնել կողմերի տեսակետները: Եվ միայն այն դեպքում, երբ դիմացինից որեւէ ակնկալիքներ կլինեն, որ պատրաստ է փոխզիջման, նոր նպատակահարմար կլինի հանդիպել:
– Այսինքն՝ ստացվում է, որ այլեւս անիմաստ են հանդիպումներն ու բանակցությունները:
– Ոչ, բանակցություններն անիմաստ չեն: Բայց երբ բանակցություններից առաջ քո դիմացինն արդեն իր սահմանագիծն է գծում եւ ասում է, որ դրանից այնկողմ չի գնալու, երբ դու գիտես, որ դա քեզ ձեռնտու չէ, էլ նման դեպքում ինչո՞ւ գնաս բանակցությունների, ի՞նչ խնդիր կարող ես լուծել դրանով: Ստացվում է, որ դու գնում ես բանակցությունների, ապա դու ինքդ ես մոտենում նրա գծած սահմանագծին: Եվ այդ առումով, ցանկացած հանդիպում, եթե այդ ենթատեքստով է լինելու, կարծում եմ, անիմաստ է մասնակցելը: Իսկ ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը շատ դրական եմ գնահատում, եթե կա փոխադարձ, երկկողմանի մոտեցման խնդիր:
– Եթե Ալիեւն «իր գծած սահմանագծից» այն կողմ չանցնի, ապա ո՞րն է ելքը: Պետք է համակերպվենք ու համաձայնե՞նք նրանց պահանջներին, թե, այնուամենայնիվ, գնանք ու շարունակենք նրա հետ բանակցել՝ ակնկալելով որոշակի փոխզիջումներ:
– Ինչո՞ւ եք կարծում, որ պետք է համակերպվենք ոչ հայանպաստ դիրքորոշմանը: Ինքն ասում է իր տեսակետը, մենք ասում ենք մեր տեսակետը: Եթե գտնում են, որ Ալիեւն այլեւս զիջելու տեղ չունի, ապա հանդիպումներն այլեւս դառնում են ավելորդ: Դրա համար էլ կան միջնորդները, ովքեր փորձում են կողմերին մի քայլ առաջ բերել, մի քայլ մոտեցնել: Եթե ուշադրություն դարձրել եք, հայկական կողմի մոտեցումների մեջ բավական ուշագրավ փոփոխություններ են եղել: Մի ժամանակ հստակ ասում էինք, որ ճանաչեն Ղարաբաղի ինքնորոշման, անկախության փաստը, հիմա ասում ենք` մեր սահմանը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է: Այսինքն՝ հայկական կողմը հնարավորինս զիջումներ կատարել է: Դրանից հետո ինքնորոշման իրավունքից է՞լ հրաժարվի, իհա՛րկե ոչ: Այլեւս զիջումների տեղ չկա:
– Ընդդիմության գնահատմամբ, երկու կողմերն էլ փոխադարձաբար չեն ցանկանում լուծել ԼՂՀ հիմնախնդիրը, այլապես որոշակի զիջումների կգնային: Եվ արդյունքում մենք հայտնվում ենք պատերազմի վտանգի առաջ:
– Կրտսեր Ալիեւն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել, քան հայր Ալիեւը: Չի ուզում ոչ մի զիջում անել, այլ միայն ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում:
– Ընդդիմության գնահատմամբ, այդ վիճակն այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է ստեղծվել:
– Ոչ: Հայկական կողմը հնարավորինս փոխզիջումների սահմանին մոտեցել է, ինչն Ադրբեջանի կողմից չի արվել: Ես չգիտեմ` ընդդիմությունն ի՞նչ է ուզում. ուզում է, որ նախագահը գնա ու ստորագրի այն ամենի տակ, ինչ ուզում է Ադրբեջա՞նը: Իհարկե, այդպես չպետք է վարվի: Հետո էլ քննադատում է, թե ինչո՞ւ չի մասնակցում: Եթե չկա այն փաստաթուղթը, որը մեզ որեւէ ձեւով բավարարում է, ապա ինչո՞ւ գնա ու ստորագրի: Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին, ապա որեւիցե մեկը չի կարող այն բացառել: Ընդհանուր առմամբ, աշխարհի որեւէ պետություն չի կարող բացառել, որ իր երկիրը չի մտնի պատերազմի մեջ: Եթե մարդկության պատմությանը նայենք, ապա դա պատերազմների պայքարի պատմություն է: Այնպես որ, որեւէ մեկը չի կարող բացառել: Պատերազմը բացառելու միակ հնարավորությունը բանակցային գործընթացն է ու երկրի տնտեսական, ռազմական ներուժը, միջազգային կազմակերպությունների, հզոր երկրների, ռազմաքաղաքական բլոկների հետ համագործակցությունը:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ եթե երկու կողմերն էլ այդպես շարունակեն, ապա նրանց նկատմամբ կկիրառվի ասենք «դեյթոնյան» կամ «քեմփ դեւիդի» սկզբունքը: Այսինքն՝ պարտադրված խաղաղություն: Երբ մեկ հանդիպմամբ պետք է այնքան բանակցեն, որ ի վերջո արդյունքում կոնֆլիկտին լուծում տան:
– Եթե դրանք լինեին կատարյալ մեթոդներ, ապա կկիրառեին: Բայց գոնե այս տարբերակում դա արդյունքի չի բերի: Ըստ էության, այս տարբերակում եվրոպական կառույցները շատ ճիշտ դիրքորոշում ունեն, երբ Ղարաբաղի հարցի լուծման ուղիներից մեկը համարում են համագործակցությունը երկու երկրների հասարակությունների միջեւ: Ցանկացած լուծման ճանապարհին, ինչքան էլ կողմերը փորձեն գնալ փոխզիջման, ինչքան էլ դրանք դրական լինեն, եթե հասարակությունները միմյանց հետ չեն համագործակցում, նրանց մոտ թշնամու կերպարը չի վերանա, եւ հասարակությունները չեն ընդունի: Այդ խնդիրը լուծելու հարցում ես չեմ տեսնում հասարակությունների պատրաստակամությունը: Այսօր գոնե ադրբեջանական հասարակության մեջ հայ մարդը, հայ անունը թշնամու կերպար է: Իսկ մինչեւ չլինի համագործակցություն կամ թշնամու կերպարի մեղմացում, որեւէ խնդրի լուծում անհնար է: Որտեղ լսում են «հայերի հետ համագործակցություն» արտահայտությունը, անմիջապես մերժում են այն։
– Իսկ հայկական կողմի մոտ կա՞ համագործակցության պատրաստակամությունը:
– Հայ հասարակությունն այս հարցում շատ ավելի դրական է տրամադրված, շատ ավելի է պատրաստ համագործակցության, քան Ադրբեջանը: Մենք Ադրբեջանի հետ այլեւս որեւէ լուծելու խնդիր, որեւէ պրոբլեմ չունենք, բացի ԼՂՀ խնդրից: Հայ հասարակությունը պատրաստ է նրանց հետ համագործակցության, իսկ իրենք` ոչ: