Ո՞վ է իրականում լքում խորտակվող նավը

20/05/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Վերջին օրերին հայկական մամուլում առավել հաճախ հիշատակվող բառն «առնետավազքն» է։ Քաղաքական գործիչներն ու լրագրողները հենց այս բառն են օգտագործում` առավել պատկերավոր նկարագրելու համար «Օրինաց երկրի» գլխին իջած փորձանքը, եւ հետաքրքիր է, որ առ այսօր ՕԵԿ-ից դուրս եկած որեւէ գործարար կամ պաշտոնյա հրապարակավ չի ընդվզել, որ իրեն համեմատում են առնետի հետ։

Մինչդեռ առնետավազքն ըստ էության այնքան էլ վատ բան չէ։ Բանն այն է, որ այս տերմինը քաղաքականություն է մտել` հիմք ունենալով այն պարզ իրողությունը, որ առաջինն առնետներն են լքում խորտակվող նավը։ Իսկ ինչո՞ւ հենց առնետները։ Որովհետեւ նրանք գտնվում են նավամբարում, եւ եթե նավի իրանի հետ ինչ-որ բան է կատարվում, ջուրն առաջինը հենց նավամբարն է լցվում։ Ուշադրություն դարձրեք եւս մի հանգամանքի վրա. առնետները, որպես կանոն, նավում հայտնվում են ոչ թե ծովային հաճելի զբոսանքի կամ նոր հորիզոններ բացահայտելու ձգտումով, այլ սննդամթերքի պաշարներն ուտելու համար։ Հիմա հարց է ծագում. իսկ ի՞նչ անեն առնետները, եթե նավը խորտակվում է։ Հանուն ինչի՞ պիտի մնան նավում եւ խորտակվեն։ Հո հիմա՞ր չեն։ Եվ վերջապես` ի՞նչ հերոսություն կա դրանում։

Հիմա անդրադառնանք ՕԵԿ-ի հետ կապված «անցքերին»։ Ըստ մամուլում գերիշխող մեկնաբանությունների, «խորտակվող նավն» ՕԵԿ-ն էր, իսկ այդ կուսակցության անդամ գործարարներն ու պաշտոնյաներից մի քանիսը չցանկացան ՕԵԿ-ի հետ միասին խորտակվել։ Չէ, Սերգո Երիցյանի կերպարն իսկապես անհուսալիորեն զավեշտական է եւ դեռ երկար է ուրախության վայրկյաններ պարգեւելու լրատվամիջոցներին, բայց ամեն դեպքում, մեր կարծիքով, տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու «առնետավազք»։ Իսկապես, իսկ գուցե «խորտակվող նավը» ոչ թե ՕԵԿ-ն էր, այլ Քոչարյանի ղեկավարած քաղաքական կոալիցիա՞ն։ Եվ այդ դեպքում ստացվում է, որ հենց ՕԵԿ-ն է լքել խորտակվող նավը, այսինքն` իրականում առնետավազքն իրականացրել են… մեղա, մեղա։

Բայց, իսկապես, հետաքրքիր պատկեր է ստացվում։ Նավը սկսում է խորտակվել, անձնակազմի մի մասը լցվում է մակույկը եւ թիավարում հեռու, բայց քանի որ մակույկում ուտելիք չկա, առնետները մակույկից դուրս են նետվում ու լողում դեպի խորտակվող նավը, որովհետեւ այնտեղ դեռ ուտելիք կա։ Ու մտածում են, որ միշտ էլ կհասցնեն փախչել։

Բայց իսկապե՞ս Քոչարյանի ղեկավարած կոալիցիան խորտակվում է։ Այս հարցին պատասխանելու համար առաջին հերթին պետք է փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում եւ ղարաբաղյան խնդրի շուրջ։ Երկրի ներսում տնտեսական վիճակը բավականին ծանր է, եւ վիճակագրության ծառայության նկարած թվերը չեն կարող փրկել իրավիճակը։ Որպես տնտեսական միավոր` Հայաստանը վնասով աշխատող «հիմնարկ» է (սպառում է ավելի շատ, քան արտադրում է), եւ այդ վիճակը գնալով խորանում է։ Արդյունաբերությունը չի զարգանում, արտագաղթը շարունակվում է, տնտեսությունը լճացած է, եւ այլն։ Բայց ղարաբաղյան հարցի շուրջ ծավալվող իրադարձությունները շատ ավելի ծանր հետեւանքներ կարող են ունենալ, եւ հենց այս «այսբերգին» բախվելով է, որ կարող է խորտակվել Քոչարյանի իշխանության նավը։

Ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Կամ հայ-ադրբեջանական նոր պատերազմ` ոչ այնքան մոտ ապագայում (եթե խաղաղության համաձայնագիր չստորագրվի, Ադրբեջանն ամրացնի բանակը եւ հարձակում սկսի), կամ ներքաղաքական լուրջ ցնցումներ եւ իշխանափոխություն` եթե համաձայնագիրը ստորագրվի (եւ ստիպված լինենք ազատագրված տարածքների մի մասը վերադարձնել)։ Այլ կերպ ասած, կամ Քոչարյանը շարունակում է բոլոր միջազգային հանդիպումների օրերին խիստ զբաղված լինել, եւ դա տեւում է այնքան, մինչեւ նավթադոլարները հասնեն Ադրբեջան, կամ Քոչարյանը չի դիմանում միջազգային ճնշումներին եւ ինչ-որ փաստաթուղթ այնուամենայնիվ ստորագրում է, որից հետո «ազգային ուժերը» (ինչպես միշտ` Կրեմլի աջակցությամբ) Հայաստանում իշխանափոխություն են իրականացնում (ինչն, ի դեպ, չի նշանակում, թե պատերազմ չի լինի)։

Հենց սա է պատճառը, որ Քոչարյանը խուսափում է բանակցություններից եւ միջազգային հանդիպումներին չի մասնակցում։ Մասնակցի ի՞նչ ասի։ Համաձայնագիրը ստորագրի` վատ է, չստորագրի` ավելի վատ է։

Եվ Արթուր Բաղդասարյանը շատ լավ հասկացել է սա։ Եվ ճիշտ ժամանակին է հասկացել։ Ի՞նչ կարիք կա կանգնել մեկի կողքին, ում ցանկացած քայլ ծանր հետեւանքներ է ունենալու։ Այնպես որ` դեռ հարց է, թե այս դեպքում որն է նավը, եւ ով` նավն առաջինը լքողը։