Սովորական դարձած պատմություն

20/05/2006

Ամբողջ շաբաթ մեր մամուլը վերլուծում է «Օրինաց երկիրը» լքող գործարարների վարքը։ Վերլուծություն ասածն, ինչպես միշտ, հագեցած է որակավորումներով։ Անգամ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրում հեգնանք կար այն գործարարների հանդեպ, ովքեր լքում են ազդեցությունը կորցրած կուսակցության շարքերը։ Լրագրողներով աջ ու ձախ տիրաժավորում ենք «առնետավազք» հասկացությունը։ Այն քաղաքական գործիչների հասցեին (Սերգո Երիցյան եւ ընկ.) օգտագործելը երեւի թե սխալ չէ։ Փոխարենը` կարծում եմ, որ ճիշտ չէ գործարարների պարագային։ Հայաստանում գործարար աշխարհն արդեն կայացած ավանդույթներ ունի, որ արժանի է վերլուծության։ Հայ գործարարն անկատար տնտեսական հարաբերությունների պարագային միշտ փորձել է ապահովագրել իր բիզնես գործունեությունը։ Ապահովագրական բիզնես, դասական իմաստով, մեր երկրում չկա։ Ուստի, գործարարները փնովել եւ գտել են դրա փոխարինողը։ Խոսքը քաղաքական կուսակցությունների մասին է։ Խորհրդարանական ընտրությունից առաջ կուսակցությունները ֆինանսական միջոցների լուրջ կարիք են զգում։ Այս պահին է, որ մեր գործարարները հայտնվում են այս կամ այն կուսակցության ցուցակում եւ փորձում դառնալ պատգամավոր։ Վատագույն դեպքում, որպես կուսակցության տեղական կազմակերպության անդամ ու հովանավոր, ապահովագրել իր տնտեսական գործունեությունը։ Այս գործընթացը երկուստեք փոխշահավետ է։ Կուսակցություններն իրենց ցուցակներում տեղեր են վաճառում` ֆինանսական ներդրումներ ապահովելով։ Իսկ գործարարները ձեռք են բերում ԱԺ պատգամավորի վկայական, որն իրականում իրենց համար պարզապես բիզնեսի ապահովագրական արժեթուղթ է։ Խորհրդարանական ընտրությունների շեմին գործարարները միշտ լուրջ երկընտրանքի առջեւ են հայտնվում։ Այն է` ո՞ր կուսակցության ապահովագրական արժեթուղթը ձեռք բերել։ Խորհրդարանական ընտրությունների քվեների նվազագույն արգելքը հաղթահարող կուսակցությունները, որպես կանոն, ունեն իրենց «կցված» գործարարների ցանկը։ Հետեւաբար` ցանկ մտնելու ձգտում ունեցող գործարարը պիտի կողմնորոշվի` մտնել խոշոր կուսակցությունների ցուցակի այերգա՞րդ, թե՞ փոքր կուսակցությունների ցուցակի ավանգարդ։ Այսպես եղել է վերջին 10 տարում. ՀՀՇ-ի, ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի, Հանրապետականի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի ցուցակներում միշտ էլ եղել են գործարարներ։ Մեր խորհրդարանի պատմությունն արձանագրել է դեպքեր, երբ իշխող խոշոր կուսակցությունը «հանկարծակի» կորցրել է իր քաղաքական կշիռն ու ազդեցությունը։ Այս պահին գործարարները ստիպված են դեն շպրտել ապահովագրական արժեթուղթը եւ փորձել նորը ձեռք բերել։ Այդպես եղավ 1997-ին, երբ մի գիշերում ՀՀՇ-ական համարվող գործարարների խումբը (Հերմինե Նաղդալյան եւ ընկ.) դարձավ Երկրապահ։ Ճիշտ նույն գործընթացքում հիմա ՕԵԿ-ն է։ Կարծում եմ, անիմաստ բան է գործարարներին մեղադրել նրանում, որ մի քաղաքական ուժից տեղափոխվում են մյուսը։ Գործարարները քաղաքական հայացքներ չունեն։ Նրանք կուսակցությունները դասում են 2 խմբի` ազդեցություն ունեցող եւ չունեցող։ Մի քանի ամիս առաջ, երբ ՕԵԿ-ը չկարողացավ պաշտպանել պատգամավոր Գագիկ Ավետյանին, այդ կուսակցության ապահովագրական արժեթուղթը գնած գործարարները միանգամից հասկացան, որ իրենց արժեթուղթը բորսայում այլեւս սպառում չունեցող ապրանք է։ Նոր արժեթուղթ ձեռք բերելու նրանց փնտրտուքի առաջին քայլը հին արժեթղթից հրաժարումն էր։ Խորհրդարանում ընդգրկված իշխանամետ քաղաքական կազմակերպությունների համար բառացիորեն ոսկյա ժամանակներ են սկսվում։ Ընտրություններից մեկ տարի առաջ հայ գործարարների հսկա մի խումբ քսակը ձեռքին քաղաքական բորսայում նոր ապահովագրական պոլիս է փնտրում։ Մամուլը հականե-հանվանե նշում է նրանցից միայն 11-ի անունը։ Բայց ոչ պատգամավոր, այլ` ՕԵԿ-ի տեղական կառույցների հովանու տակ մանր ու միջին գործարարների քանակն ակնհայտորեն ավելի շատ է։