Նաշա սլուժբա ի օպասնա, ի տրուդնա

20/05/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Վերջիններս պատկանում էին «Արմավիա» ավիաընկերությանը: Երեւան-Մոսկվա (U8 510), Երեւան-Սիմֆերոպոլ (U8 835) եւ Երեւան-Մոսկվա (U8 516) չվերթների կողքին գրված էր «Ուշացումով», իսկ Երեւան-Փարիզ (U8 101) եւ Երեւան-Մոսկվա (U8 512) չվերթներն ընդհանրապես հետաձգված էին: «Զվարթնոցի» մեր աղբյուրների հավաստմամբ, մայիսի 3-ի ավիավթարից հետո «Արմավիայի» չվերթները պարբերաբար նման «ճակատագրի» են արժանացել, թեեւ ընկերության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացնում էին, որ «Արմավիան» իրականացնում է բոլոր նախատեսված կանոնավոր չվերթները` իհարկե, երբեմն ուշացումով, քանի որ ընկերությունը 2 օրում զրկվեց 2 ինքնաթիռից:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ ավիաընկերությունը որոշ չվերթներ չի իրականացնում: Նման դեպքերում ի՞նչ են անում այդ ուղեւորները, արդյոք նրանք հնարավորություն ունե՞ն այլ ընկերությունների չվերթներից օգտվել: Այս հարցերի պատասխանը, բնականաբար, փորձեցինք ստանալ հենց «Արմավիայից»: Քանզի սա այն դեպքն է, երբ իրենց փոխարեն «Զվարթնոցի» կամ Քաղավիացիայի Գլխավոր վարչության լրատվական ծառայությունները չեն կարող եւ պարտավոր էլ չեն տեղեկատվություն եւ բացատրություն տալ: Այն աշխատանքն, ինչ նրանք «Արմավիայի» փոխարեն արեցին ավիավթարին հաջորդած օրերին, թերեւս բավական էր: Ինչեւէ, չվերթների հետաձգման մասին լուրը, որ «Զվարթնոցի» ինտերնետային կայքից հասանելի է ցանկացած քաղաքացու, շատ զարմացրեց «Արմավիայի» լրատվական ծառայության ղեկավարին: Սկզբում նա փորձեց հերքել նման տեղեկատվությունը, իսկ հետո խոստացավ մեկնաբանություն ստանալ ընկերության ղեկավարությունից: Մի փոքր ավելի ուշ նա արդեն անջատել էր իր բջջային հեռախոսը, իսկ «Արմավիայի» հեռախոսներից եւ ոչ մեկը չէր պատասխանում: Չվերթների հետաձգման եւ «Արմավիայի» նման աշխատանքի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովից: Երբ նրան ասացինք, որ ընկերությունից մեզ չեն պատասխանում, այդ պատճառով էլ իրեն ենք զանգահարել, նա ասաց. «Նաշա սլուժբա օտվետիտ նա վաշի վոպրոսի»: Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞ւ է «Արմավիան» հետաձգել որոշ չվերթներ` Բաղդասարովը պատասխանեց, որ դիմենք ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանին: «Наша служба ответит на ваши вопросы»,- ավելացրեց Բաղդասարովը: Այդպես էլ ոչ մի պատասխան չհաջողվեց ստանալ:

Մեզ մնում է միայն ընդունել թռիչքների հետաձգման մասին շրջանառվող ամենահավանական լուրերը: Ընկերությունը 2 ինքնաթիռ ունի, աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, անձնակազմը գերհոգնած վիճակում է, վախենում են որեւէ թռիչք իրականացնել, ուստի նախատեսված թռիչքներից մի քանիսն ընդամենը չվացուցակի վրա են: Ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու «Արմավիայի» վարձակալած նոր օդանավը` Էյրբաս Ա-319-ը: Հուսանք, որ այս անգամ տորթեր, մոմեր, բարձրաստիճան հյուրեր, համերգներ չեն լինի: Նաեւ մկրատ, որով Միխայիլ Բաղդասարովը սովորության համաձայն պետք է կտրի ինքնաթիռի կարմիր ժապավենը: Չնայած՝ «Արմավիայից» արդեն ամեն ինչ սպասելի է. չէ՞ որ Բաղդասարովն էր վթարի հաջորդ օրն իր բորտուղեկցորդուհիներին հորդորում լաց չլինել, քանզի «մարդկանց լացող սյուարդեսաներ պետք չեն»: