Ռադիկ Մարտիրոսյանը` Ակադեմիայի նախագահ

20/05/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հակառակ տարածվող լուրերի ու կանխատեսումների` Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի` երեկ նշանակված ընտրությունները չհետաձգվեցին ու չտապալվեցին: Ընտրության արդյունքում ԳԱԱ նախագահ ընտրվեց ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Հարկ է նշել, որ ԳԱԱ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին երեք թեկնածուներ. ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ գիտական քարտուղար Էդուարդ Ղազարյանը եւ ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ԵՊՀ պրոռեկտոր, ակադեմիկոս Էդուարդ Չուբարյանը: Է. Ղազարյանի թեկնածությունն առաջադրել էր ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, իսկ Լ. Ղազարյանինը` ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը: ԳԱԱ 80 ակադեմիկոսներից եւ 18 թղթակից անդամներից քվեարկությանը մասնակցեցին 79 ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ: Նիստին մասնակցում էր նաեւ կրթության եւ գիտության փոխնախարար Արտակ Սահրադյանը: Լ. Աղալովյանի` ԳԱԱ նախագահ դառնալու օգտին քվեարկել էին 35, դեմ էին նույնպես 35 անձինք, գիտական քարտուղար Է. Ղազարյանի թեկնածությանը հավանություն էին տվել 36 անձ, դեմ էր արտահայտվել 37-ը: Իսկ ահա ԵՊՀ նախկին ռեկտոր Ռ. Մարտիրոսյանի թեկնածությանը կողմ էին արտահայտվել 46, դեմ` 27 մարդ, որի շնորհիվ էլ Ռ. Մարտիրոսյանը դարձավ ԳԱԱ նախագահ: Նշենք, որ համաձայն ԳԱԱ կանոնադրության, քվեարկության մասնակիցը կարող է նույն կերպ քվեարկել բոլոր թեկնածուների դեպքում: Եվ քվեարկության վերը նշված պատկերն էլ վկայում է այն մասին, որ ակադեմիկոսներից շատերը միանգամից կողմ կամ դեմ են քվեարկել մեկից ավելի թեկնածուների: «Մենք պետք է վերականգնենք մեր գիտության բարձր վարկն աշխարհում»,- քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հայտարարեց ԳԱԱ նորընտիր նախագահը` հավելելով, որ այսօր էլ կան բարձր մակարդակով արվող հետազոտություններ, սակայն աստիճանաբար նրանց բազան փոքրանում է: «Ես իմ ձեռքը մեկնում եմ բոլորին` նախեւառաջ ակադեմիայի անդամներին, ինստիտուտների տնօրեններին… Ով շահագրգռված է, որ մեր գիտությունը զարգանա, մենք հաջողություններ ունենանք, նա իմ դաշնակիցն է: Իսկ ովքեր զբաղված էին բարդ մթնոլորտ ստեղծելով, երեւի թե նրանց հետ ես չեմ կարող դաշնակից լինել»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը: Վերջինս, անդրադառնալով իր առաջիկա քայլերին` նշեց, որ նախ պետք է բոլոր հիմնարկներում շատ լավ ուսումնասիրեն գիտական հետազոտությունները. ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչ մակարդակ ունեն, ի՞նչ տեղ ունեն այսօրվա համաշխարհային գիտության ասպարեզում: Եվ երբ այս ամենի արդյունքում էլ կորոշվեն հիմնական այն ուղղությունները, որոնք պետք է աջակցություն ստանան: Ռ. Մարտիրոսյանի խոսքերով` այդ ծրագրերի իրականացման համար պետական հովանավորությունը քիչ է, եւ պետք է այլընտրանքային միջոցներ գտնել: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կարծիքի է ԳԱԱ նորընտիր նախագահը` ԳԱԱ-ն բարեփոխելու` ՄԱԿ-ի առաջարկած ծրագրի մասին: «Ճիշտն ասած, ես մինչեւ այսօր չեմ ծանոթացել ՄԱԿ-ի այդ ծրագրին,- նշեց Ռ. Մարտիրոսյանը` միաժամանակ հավելելով,- ծրագրեր շատ կան ամբողջ աշխարհում` Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում, բայց մենք պետք է մեր ծրագիրն ունենանք` հաշվի առնելով առողջ, առաջադիմական բոլոր այն գաղափարները, որոնք նպաստում են գիտության զարգացմանը»: Ռ. Մարտիրոսյանը խոստանում է, որ ԳԱԱ նախագահության ամբողջ գործունեությունը կլինի բացարձակ թափանցիկ: Նա անդրադարձավ նաեւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, նշելով, որ իր կարծիքով` դա գիտական կազմակերպությունների կարգավիճակի մասին լավագույն տարբերակը չէ: Հիշեցնենք, որ համաձայն այդ օրենքի, 65 տարին լրացած ոչ մի անձ իրավունք չունի պետական ոչ առեւտրային կազմակերպությունում գործադիր ղեկավարի պաշտոն զբաղեցնել, իսկ ԳԱԱ-ն հենց այդպիսի կազմակերպություն է: Անդրադառնալով այս խնդրին` Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ ընդամենը 1-2 շաբաթ առաջ Իտալիայի պես երկրի նախագահ ընտրեցին 81-ամյա մի մարդու: «Դա ընտրողների խնդիրն է: Ընտրովի պաշտոնների տարիքային սահմանափակումը հակասահմանադրական է»,- հայտարարեց նա: Վերջինս, անդրադառնալով ակադեմիկոս Հանրի Ներսիսյանին, նշեց, որ նրան շատ նորմալ է վերաբերվում: «Հանրի Ներսիսյանը լավ գիտնական է: Նա հայտնի մաթեմատիկոս է»,- նշեց Ռ. Մարտիրոսյանը: