1976թ. Գեյտսը համակարգիչների սիրահարներին բաց նամակ է ուղարկում, որը նրանց ցնցում է: Բանն այն է, որ Գեյտսը տեղեկացնում էր, որ այդուհետ համակարգչային ծրագրավորման համար առեւտրային շուկա է գործում: Իր նամակում նա հայտարարում էր, որ ցանկացած ծրագիր, առանց հեղինակի թույլտվության, չի կարող կրկնօրինակվել, հակառակ դեպքում դա կհամարվի «պիրատություն»: Գեյտսի առաջարկը «գրկաբաց» ընդունվեց մի հասարակությունում, որտեղ նորամուծություններն ու գիտելիքներն ազատ շրջանառվում էին: Հենց սա էլ եղավ աշխարհի խոշորագույն առեւտրային ընկերություններից մեկի հաջողության գրավականը: «Microsoft»-ը մշակում եւ արտադրում է ծրագրային ապահովման լայն տեսականի` օպերացիոն համակարգեր, սերվերային փաթեթներ, բիզնես լուծումներ, գրասենյակային փաթեթներ, ինտերակտիվ ծրագրեր եւ խաղեր, ինտերնետում աշխատելու միջոցներ եւ այլն: Ընկերությունն ունի մոտ 60.000 աշխատող: «Microsoft»-ի արտադրանքը վաճառվում է ավելի քան 80 երկրներում եւ թարգմանված է 45-ից ավելի լեզուներով:
Արդեն մի քանի տարի շարունակ Բիլ Գեյտսը, «Forbes» հանդեսի տվյալներով, համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, որի ողջ կարողությունը կուտակվել է «Microsoft»-ի շնորհիվ: Հետաքրքիր են նաեւ նրա կրոնական հայացքները: «Ես ոչ մի փաստ չունեմ, որը կվկայի Աստծո գոյության մասին»,- ասել է Գեյտսը:
Այսօր, ընկերության հիմնադրումից ավելի քան 20 տարի անց, Բիլ Գեյտսը «մեսիջ» է ուղարկում Հայաստանին. մայիսի 16-ին «Microsoft»-ը Հայաստանում բացեց իր պաշտոնական ներկայացուցչությունը: Այն ԱՊՀ-ում միակը չէ, ընկերությունն արդեն գրասենյակներ ունի Ուկրաինայում, Ղազախստանում եւ Ադրբեջանում: «Microsoft»-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանը (ֆրանսահայ պաշտոնյան առաջին անգամ էր Հայաստանում) հավաստիացնում է, որ ցանկացած երկիր իրավունք ունի համագործակցել «Microsoft»-ի հետ, սակայն նրա տնտեսական ցուցանիշները պետք է բավարարեն ընկերության պահանջներին: Մեր տարածաշրջանի երկրներից միայն Վրաստանի հետ չհամագործակցելը Վ. Թորոսյանը բացատրում է նրանով, որ Վրաստանը «Microsoft»-ի «պլանների մեջ չէ»: «Սակայն մեր հաջորդ ֆինանսական տարում մի քանի նոր երկրներ են մտնելու «Microsoft»: Եվ եթե Վրաստանը բավարար մակարդակ ապահովի, ապա կմտածենք»,- ասում է Վ. Թորոսյանը:
Հավանաբար, Հայաստանն այդ «բավարար մակարդակն» ապահովել էր կամ, գոնե, ցույց էր տվել, որ ապահովել է: Հակառակ դեպքում` «Microsoft»-ի ղեկավարությունն այդքան միամիտ չէ, որ առանց հեռանկարների մուտք գործի ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող մի երկիր: Թեեւ ընկերությունը վստահեցնում է, որ առաջիկա տարիներին Հայաստանից շահույթ չի ակնկալում: Թե որքան գումար է «Microsoft»-ը պատրաստվում ներդնել Հայաստանում, Վ. Թորոսյանը չասաց: Նա միայն հավաստիացրեց, որ առաջիկա մի քանի ամիսներին ընկերության ծախսած յուրաքանչյուր դոլարի դիմաց հայաստանյան ընկերությունները կաշխատեն 7-8 դոլար:
Ինչո՞ւ «Microsoft»-ը եկավ Հայաստան: Միգուցե նրա համար, որ ընկերությունում շատ հայե՞ր են աշխատում: Թե՞ այն պատճառով, որ վերջերս հայ երիտասարդ մի հակերի հաջողվել էր «կոտրել» «Microsoft»-ի ծրագրավորման փաթեթը: Թեեւ նման վարկածներին Վ. Թորոսյանը կատակով է մոտենում, այնուամենայնիվ, դրանց մեջ ճշմարտության մաս կա: Առավել եւս, երբ ընկերության ներկայացուցիչը նշում է տարածաշրջանում եւ մասնավորապես` Հայաստանում տեխնիկական գիտելիքների բարձր մակարդակի մասին: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բարձրորակ մասնագետներ պատրաստենք եւ թողնենք, որ նրանք մնան Հայաստանում: Մենք ստեղծում ենք սերունդների ապագան»,- ասում է Վ. Թորոսյանը:
Կոնկրետ ի՞նչ անելիքներ ունի «Microsoft»-ը Հայաստանում: Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հավաստմամբ, նախ պետք է «Microsoft»-ի գործընկեր կազմակերպությունների ցանցն ընդլայնվի: Այսօր ամբողջ աշխարհում ընկերությունը համագործակցում է 650.000 գործընկերների հետ, իսկ Հայաստանում դրանք դեռ 5-ն են: «Microsoft»-ի գործընկերները սովորաբար հարուստ կազմակերպություններ են եւ հնարավորություն ունեն շատ մարդկանց աշխատանքի ընդունել»,- ասում է Վ. Թորոսյանը: «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակը պատրաստվում է նաեւ կրթական ծրագրեր իրականացնել, ինչպես նաեւ` սպառողների շրջանում բացատրական ու քարոզչական աշխատանքներ տանել: «Այսօր օգտագործվող ծրագրային փաթեթների (ինչպես «Microsoft»-ի, այնպես էլ այլ ընկերությունների) մոտ 90%-ն անօրինական են: Մենք երկար ճանապարհ պետք է անցնենք այս խնդիրը լուծելու համար: Իմ կարծիքով, Հայաստանի օրենսդրական դաշտը կպաշտպանի մտավոր սեփականությունը: Մենք պետք է կրթենք մարդկանց, բացատրենք, որ չի կարելի օգտվել անօրինական ապրանքներից ու ծառայություններից»,- նշում է Վ. Թորոսյանը:
Իսկ այսօրվա դրությամբ հայաստանյան «Microsoft»-ը հայերեն է թարգմանում «Windows XP» ծրագրային փաթեթը: Վ. Թորոսյանի հավաստմամբ` այն կավարտվի այս ամռան վերջին, իսկ «Microsoft Office»-ը` 2007թ. հուլիսին: Ինչ վերաբերում է «Windows Mobile»-ին, ապա այս ծրագրի հաջողությունները, «Microsoft»-ի ներկայացուցչի կարծիքով, կախված են հայաստանյան բջջային կապի օպերատորների` «ԱրմենՏելի» եւ «Ղ-Տելեկոմի» հետ համագործակցությունից: «Այս առումով մեր դռները միշտ բաց են»,- վստահեցրեց Վ. Թորոսյանը: