«Հայերի հանդեպ բռնությունները սկսվել են ավելի վաղ»

19/05/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Շուշիում ստեղծված «Կաճառ» գիտական կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվեց 1988թ. մայիսի 16-18-ը Շուշիի հայ ազգաբնակչության բռնի տեղահանման թեմայով գիտական կոնֆերանսը:

Կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը ներկայացրեց 1988թ. մայիսի առաջին կեսին Շուշիում ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ իրականացված բռնությունների, նրանց տեղահանման հետ կապված փաստերը: Նրա խոսքերով, 1988-ի Շուշիի դեպքերը, որոնք Ղարաբաղում հայերի առաջին էթնիկական զտումներն են եղել, նախօրոք կազմակերպված են եղել, եւ անմիջական իրականացմանը մասնակցել են տեղի ադրբեջանական իշխանությունները: Խոսելով կոնֆերանսի կազմակերպման անհրաժեշտության մասին` Մ.Հարությունյանն ասաց, որ «մենք պետք է վերհիշենք մեր նկատմամբ Ադրբեջանի բոլոր կառավարությունների կողմից իրականացված քաղաքականությունը, բռնարարքները, մեր բողոքը բարձրացնենք, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա օբյեկտիվ պատկերացում կազմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում»:

1988թ. մայիսի առաջին կեսին ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկական զտման քաղաքականություն, որի արդյունքում հայերը բռնի տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրերից: Տեղի են ունեցել ջարդեր, բռնություններ, թալանվել եւ ավերվել են հայերի տները: Կենտրոնի ղեկավարի կարծիքով, ադրբեջանցիներն այդ կերպ են փորձել արցախահայությանը ստիպել` հրաժարվել ազգային ազատագրական պայքարից: Նա ներկայացրեց նաեւ այդ տարիներին բազմաթիվ շուշեցի հայերի կողմից գրված բողոքներն առ այն, որ իրենց դեմ բռնություններ են իրականացվում, ադրբեջանցիները սպառնում են ոչնչացնել իրենց:

Շուշիի նախկին ու նաեւ ներկայիս բնակչուհի, պատմության ուսուցչուհի Էլլադա Սարգսյանը, որը 1988-ին աշխատում էր Շուշիի դպրոցներից մեկում, փաստեց, որ ադրբեջանցիները հայերի հանդեպ բռնությունները սկսել են ավելի վաղ: Ինչպես նա է պատմում, նույն թվականի ապրիլի 16-ին նրան տեղեկացրել են, որ գիշերն ադրբեջանցիները նախատեսում են կոտորել Շուշիի հայ ազգաբնակչությանը: Նա այդ մասին իսկույն հայտնել է իրավապահ մարմիններին, զգուշացվել են նաեւ տեղացի հայերը: Այս կերպ, տիկին Սարգսյանի հավաստմամբ, կանխվեց հայերի կոտորածը, թեեւ ադրբեջանցիները շարունակում էին հայհոյել, որոշ դեպքերում` նաեւ սպանել հայերին: Հայերին թույլ չէին տալիս աշխատատեղ մտնել, փողոց դուրս գալ, անընդհատ ճնշումներ էին գործադրում: Իսկ 1988-ի մայիսի 14-15-ը Շուշիում տեղի ունեցած հանրահավաքից հետո, որտեղ շարունակվում էր հակահայկական հիստերիան, ադրբեջանցիները հայերի տների վրա թռուցիկներ էին կպցնում, որտեղ հայերին ուղղված հայհոյանքներից բացի, ադրբեջանցիները հայերին տալիս էին 3 օր ժամանակ` Շուշիից հեռանալու համար:

Կոնֆերանսի մասնակից քաղաքագետ Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանը միշտ էլ վարել է հակահայկական քաղաքականություն եւ մշտապես փորձել է ճնշել հայերին: «Ուստի այն բոլոր խոսակցությունները, թե նրանք մեզ կտան լայն ինքնավարություն եւ այլն, սուտ է: Ադրբեջանցիների համար առավել էական խնդիր չկա, քան Ղարաբաղը որպես այդպիսին վերացնելը: Եվ այսօր հնարավոր չէ ադրբեջանցիների հետ ապրել, քանի որ այդ ազգի ձեւավորումն ավարտված չէ»,- այս կարծիքն է արտահայտել Դ. Բաբայանը:

Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հնչեցվող տարբերակների մասին, քաղաքագետը նկատեց. «Մենք կընկնենք բավականին մեծ վտանգի տակ, եթե ինչ-որ զիջումներ կատարենք` առանց Ադրբեջանի կողմից մեր անկախության ճանաչման: Նրանք ասում են` վերադարձրեք մեզ հողերը, ադրբեջանցի փախստականները պետք է գան բնակվեն այդտեղ, 15-20 տարուց հետո կանցկացվի հանրաքվե եւ այլն: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում ժողովրդագրական առումով ադրբեջանցիները մեզ կգերազանցեն: Նրանք կսկսեն կամաց-կամաց փակել Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, նորից կսկսեն քարկոծել, սպառնալ, թալանել, եւ պատմությունը նորից կկրկնվի:

Մի հավատացեք, թե ադրբեջանցիների հետ ապրելը հնարավոր է: Դա հնարավոր է միայն այլ երկրներում, որտեղ չկա Ադրբեջանի Հանրապետությունը, որն անընդհատ շեշտում է, որ «հայերը մեր թշնամիներն են»: Ադրբեջանը միշտ էլ ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերել, եւ այս առումով նրան վստահել չի կարելի, առավել եւս հավատալ նրանց կողմից տրվող խոստումներին»,- շարունակել է նա, միաժամանակ բոլորին կոչ անելով` զգոն լինել եւ գործել մտածված` Շուշիի եւ առհասարակ Ղարաբաղում հայերի հանդեպ իրականացված բռնությունների դեպքերի կրկնությունից խուսափելու համար: «Ինչ պետք է` մենք արել ենք: Կարողացել ենք Ղարաբաղը վտանգից ազատել, իսկ այն տարածքը, որ կա, դա հենց մեր անկախության եւ անվտանգության երաշխիքն է, իհարկե, մեր բանակի հետ միասին»,- այսպես եզրափակեց իր խոսքը քաղաքագետը:

Կոնֆերանսի մասնակիցները եկան այն եզրակացության, որ նման հանդիպումները շատ կարեւոր են եւ պետք է ավելի հաճախակի կազմակերպվեն, որպեսզի միջազգային հանրությանը տեղյակ պահվի, թե ինչ են իրականացրել Ադրբեջանի իշխանությունները` Ղարաբաղում բնակվող հայերի հանդեպ:

Վերջում «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց, որ կենտրոնի կողմից կընդունվի համապատասխան հայտարարություն` 1988-ին Շուշիում տեղի ունեցած հայերի էթնիկական զտման դատապարտման վերաբերյալ: