Եվրոպական շրջագայություններ

19/05/2006 Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Իտալական ազնվականությունը

Ի տարբերություն Բրիտանիայի Միացյալ Թագավորության, որտեղ ազնվականական տիտղոսներն ավանդաբար շնորհվել եւ շնորհվում են գահակալների կողմից, Իտալիայում շատ ավելի վաղ գոյություն են ունեցել ազնվականներ, քան արքաներ:

Թվում է երեւակայությունից դուրս մի իրողություն, բայց Իտալիայի հարավից սերող ազնվականները հաճախ շառավիղներ են վաղ միջնադարյան ասպետների… Ընդհանրապես Իտալիայում գիտակցում ես, որ ասպետականության ժամանակներ ասվածը, ինչ մնացյալ մարդկության համար գրեթե նույն կարգի դիցաբանություն է, ինչպես Հին Հռոմը կամ Հոմերոսյան Հելլադան, Իտալիայում ոմանց միանգամայն շոշափելի անցյալն է` ուղղակի ընտանիքի պատմություն, հականե-հանվանե հայտնի սեփական նախնիներից մեկի կյանք եւ գործ… Իրոք թե` աշխարհում միայն զուգահեռ հարթություններ են…

Ինչ վերաբերում է Իտալիայի հյուսիսին, ապա այստեղ ազնվականները հաճախ քաղաք-պետությունների առաջնորդներ են եղել, եւ տիտղոսները ստացել են Հռոմի Սրբազան քահանայապետից, ինչպես նույն` Ֆլորենցիան կերտած ու Վերածնունդի գրեթե կնքահայր եղող Մեդիչիները:

Իսկ ինչն ամենից հետաքրքրականն է ու անսպասելին, Իտալիայում, թվում է, չի գտնվի ազնվականական տոհմ, ում տիտղոսները շնորհված լինեն արքայի կողմից: Ինչ-որ անգամ Ինտերնետում 1920-ական թթ. մի փաստաթղթի էի հանդիպել` արքայական կնիքով, ատրիբուտիկայով, որով, որքան հիշում էի, աստիճանակարգված էին ազնվականական տիտղոսներն Իտալիայում: Պրն Մասսիմոն բացատրեց` նման Ակտեր ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ են հրատարակվել, սակայն էության մեջ դրանք ոչ տիտղոսների շնորհում են եղել, ոչ էլ հավաստում: «Նման ակտերը բազմաթիվ են եղել, որոնցով արքաները ջանացել են կանոնակարգել եւ պաշտոնապես ամրագրել տիտղոսներն «Իտալական ազնվականության Ոսկե մատյանում»: Մատյանը սկսել են վարել 19-րդ դարից` թագավորության հռչակումից հետո: Իտալական ազնվականական ընտանիքները պետք է գրանցվեին «Ոսկե մատյանում» եւ որոշակի վճարումներ կատարեին, որպեսզի նոր պետությունը ճանաչեր իրենց տիտղոսները: Սակայն քանի որ ընտանիքների մեծամասնությանը պատկանող ազնվականական տիտղոսները շատ ավելի հին էին, քան արքայական իշխանությունն Իտալիայում, հետեւաբար այդ ակտերը տիտղոսների տարբերակմանը չէին անդրադառնում: Տիտղոսներ շնորհվում էին արքայի կողմից, բայց հին ազնվականությունն անհամեմատ վաղուց ուներ սեփական տիտղոսներ»:

Մասնավորապես իր ընտանիքի մասին տրված հարցին ի պատասխան, պրն Մասսիմոն միայն հայտնեց. «Իմ ընտանիքի տիտղոսներն արքայական իշխանության հաստատումով որեւէ փոփոխություն չեն կրել, ուղղակի ամրագրվել են «Ոսկե մատյանում»: Արքան դարձել էր “fons honorum”, այն է` «մեծարանքի աղբյուր»` սուբյեկտ, որից բխում են արտոնություններն ու կոչումները, սակայն էության մեջ դա ոչինչ չէր փոխել: Տիտղոսները կային արքաներից առաջ, պահպանվեցին եւ նրանցից հետո, իսկ նրանց գահակալության ընթացքում ավելացել էր միայն այդ «ազնվականության տուրքը», որ վճարվում էր «Ոսկե մատյանում» հաշվառվելու համար»:

Դեռ Իտալիայում, ելնելով ազգանվան ընդհանրությունից, ինչ-որ ենթադրություն ունեի, թե պրն Մասսիմոյի ընտանիքի հետ կարող է առնչություն ունենալ Մասսիմո Պալատը Հռոմում, ինչպես Վիլլա Բորգեզեն` Կարդինալ Բորգեզեի շառավիղների դեպքում, Բերբերինի Պալատը` Բերբերինիների պարագայում եւ այլն (այժմ թանգարաններ են): Սակայն Երեւան վերադառնալուց հետո արդեն, երբ այս հոդվածաշարն էի գրում եւ հատկապես փնտրեցի ինֆորմացիա, պարզվեց, որ խոսքը ոչ թե առնչության մասին է, այլ Մասսիմո Պալատը 16-րդ դարում կառուցվել եւ մինչ օրս պատկանում է Մասսիմո ընտանիքին, ինչպես եւ մի քանի այլ շքեղ ամրոցներ ու դղյակներ: Նրանք մի քանի դար եղել են ամենահարուստ եւ ազդեցիկ ազնվականական տունը Հռոմում, գուցե մոտավորապես նույնը կամ ավելին, ինչ Մեդիչիները Ֆլորենցիայում: Այսքանը Հռոմում չգիտեի, սակայն կարող էի ակնկալել, նույնիսկ միայն պրն Մասսիմոյից ստացած տպավորությամբ:

Բայց այն, որ Մասսիմո ազնվականական տան տարեգրության սկիզբը թվագրվում է Ք.ծ.ա. 3-րդ դարին, եւ հիմնադիրը համարվում է Հռովմեական Կայսրության կոնսուլ, դիկատատոր ու գեներալ Քուինտուս Ֆաբիուս Մաքսիմուսը (նա, ով հաղթել է Հանիբալին), եւ համարվում է, թե իրենց ազգանունը` Մասսիմո, շառավիղները նրանից են ժառանգել, այդպիսի իրողություն չէի կարող երեւակայել: Եթե Սավոյան արքայատան դեպքում ասվում է` ամենահին արքայական տունը Եվրոպայում, ապա Մասսիմոների դեպքում ասվում է` ամենահին ազնվականական տոհմը Եվրոպայում: 2300 տարվա պատմություն… այդպիսի շարունակական տարեգրությամբ ոչ թե տոհմ, այլ թերեւս նույնիսկ պետական կազմավորում գոյություն չունի, բացառությամբ Մարաստան-Իրանի: Եվ այդ դարերի ընթացքում այս ազնվատոհմից սերած կարդինալներ, զինվորականներ, այլեւայլ գործիչներ, անգամ Հռոմի պապեր:

Իսկ այն հարցին ի պատասխան, թե ազնվականական տիտղոսներն ինչ դեր կամ նշանակություն ունեն արդի Իտալիայում` խոսակցության ընթացքում, ամենեւին ոչ տպագրության համար, պրն Մասսիմոն ասաց մի նախադասություն, որ հատկապես տպավորվել է հիշողությանս մեջ. «Դե, հիմա նրանք ունեն իրենց կառավարությունը»: Այդ «նրանքի» հետ ջրբաժանն այնքան ճշմարտացի էր տարված: Հռոմի պալատների, տաճարների, ճարտարապետության, քանդակների, կերպարվեստի ու ընդհանրապես անափ ծփացող մշակույթի մեջ այնպե՜ս ես զգում, թե որն է մարդկության շարժիչ ուժը, ինչ ասել է` ազնվականություն, եւ նա ինչ է արարել:

Իսկ արդեն մամուլի համար պրն Մասսիմոն բացատրեց, որ 1946-ից ի վեր Իտալիայում հաստատված «հանրապետական իշխանակարգում իշխանությունների կողմից ազնվականական տիտղոսները չեն ճանաչվում, բայց դա չի նշանակում, թե այդ տիտղոսներն օրինական չեն կամ վավերական չեն»:

Արդի Սավոյան արքայատունը

Քվեների ապօրինի եւ անազնիվ հաշվում… Այսպիսի արտահայտություն լսելիս` մտովի փոխադրվում ես նախկին ԽՍՀՄ-ի տարածք, վստահ լինելով, թե խոսքը հետխորհրդային երկրներից մեկի ընտրությունների մասին է: Դե, դա ԱՊՀ երկրներում է կանոն, չափանիշ եւ կենսակերպ: Բայց պարզվում է` հանրաքվեների եւ ընտրությունների արդյունքները սրբագրելու նախադեպ Իտալիայում էլ է եղել: Կամ գոնե հասարակության մեջ նման տպավորություն է ստեղծվել 1946-ի պլեբիսցիտի թե հանրաքվեի առնչությամբ, երբ որոշվել է միապետական իշխանակարգը վերացնելու եւ հանրապետություն հռչակելու խնդիրը: «1946-ի հանրաքվեի արդյունքները մինչեւ օրս էլ շարունակում են վիճարկվել, բազմաթիվ մարդիկ այն ժամանակ եւ անգամ այսօր էլ հայտարարում են, թե ընտրաքվեների վերահսկումը եղել է անազնիվ եւ ոչ օրինական»,- ասում է պրն Մասսիմոն:

Ինչ վերաբերում է Իտալիայում իշխած Սավոյան վերջին արքայի` Ումբերտո II-ի` երկրից սահմաններից հեռանալուն, պարզվում է. «Արքան ինքն է որոշում ընդունել հեռանալու երկրից` ենթադրելով, թե հեռանում է մի կարճ ժամանակով: Հետո օրենքի ուժ է ստացել օրինագիծ, որով արգելվել է Սավոյան ընտանիքի անդամների մուտքն Իտալիա: Դա ժամանակավոր օրենք էր, բայց դրա գործողությունը տեւեց 60 տարի: Միայն 2002-ին արգելքը վերացվեց, եւ Սավոյան ընտանիքին թույլատրվեց վերստին հատել Իտալիայի սահմանը: Նրանք ժամանեցին «Չամպինո» օդանավակայան եւ առաջինը մեկնեցին Վատիկան` հանդիպելու Պապին: Լավ է, որ Սավոյան ընտանիքի համար Իտալիա մուտքի արգելքը վերացվեց, որովհետեւ դա արդեն վերածվել էր անախրոնիզմի, մանավանդ, որ 1946-ին էլ արքան չէր արտաքսվել երկրից, այլ հեռացել էր ինքնակամ»: Գալով ժամանակակից աշխարհում Սավոյան արքայատան ծավալած գործունեությանը եւ կազմակերպչական կառուցվածքին, պրն Մասսիմոն հաղորդեց հետեւյալը. «Սուրբ Մաուրիս եւ Սուրբ Ղազարոս օրդենները կազմակերպչական առումով ստորաբաժանված են Պատվիրակությունների: Պատվիրակները նշանակվում են Նորին արքայական մեծություն արքայազն Վիտտորիո Էմմանուելի կողմից եւ հանդիսանում են պատվիրակության ղեկավար: Պատվիրակը կարող է ունենալ այլեւայլ օգնականներ, նաեւ փոխպատվիրակ:

Օրդենի հիմնական նպատակը մարդկանց օգնելն է, ինչի համար էլ բարեգործական հանգանակություններ են կազմակերպվում ողջ աշխարհում: Բարեգործական միջոցառումները կազմակերպվում են եւ առանձին պատվիրակությունների կողմից տարբեր երկրներում ու քաղաքներում (մոտակա ժամանակներում նման միջոցառում նախատեսվում է օրինակ Հռոմում) եւ Օրդենի Քարտուղարության կողմից, որի նստավայրը Ժնեւում է»:

Սավոյան արքայատան հիմնական ասպետական օրդենների մասին` Սբ. Մաուրիս եւ Սբ. Ղազարոս նախորդ համարում որոշ տեղեկություններ գրել էինք: Դրանք ասպետական միաբանություններ են` ստեղծված Ք.ծ.հ. 1-2-րդ դարերում: Օրդենների ծավալած գործունեությունը պարբերաբար ակտիվացել է, պասիվացել, իսկ 14-15-րդ դարերում Պապական կոնդակով դրանց առաջնորդությունը հանձնվել է Սավոյան դուքսերին: Սավոյան դքսության, հետագայում` արքայատան ղեկավարը միաժամանակ հանդիսանում է Սուրբ Մաուրիս եւ Սուրբ Ղազարոս օրդենների Գլխավոր Մագիստր: Արքայատան գրասենյակ ասվածն օրդենների Քարտուղարությունն է եւ այլն: Միով բանիվ, Սավոյան արքայատունը ժամանակակից աշխարհում գործում է միջնադարից եկող ասպետական օրդենների միջոցով կամ կառույցով:

Մեկ այլ հարցի, թե Սուրբ Մաուրիս կամ Սուրբ Ղազարոս օրդեններում արդյոք միայն ազնվականնե՞ր են` պրն Մասսիմոն պատասխանում է` ոչ: «Օրդեններին անդամագրվելու համար պարտադիր չէ ազնվական լինել կամ նման ծագում ունենալ»:

Ահա այդպես… ավանդույթներն ապրում են, նույնիսկ խաչակիր ասպետների ավանդույթներն ու օրդենները: Եվ նրանք չեն մնացել միջնադարում, ինչպես դա թվացել է ինձ եւ գուցե միլիոնավոր այլ մարդկանց է թվում:

Ամենափոքր եւ ամենամեծ պետությունը` Վատիկան

Վատիկանն աշխարհում ամենափոքր պետությունն է իր տարածքով եւ վստահաբար ամենամեծը` իր հոգեւոր ազդեցությամբ ու կշռով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից պատմությանը մնացած մի թեւավոր արտահայտություն կա: Հակաֆաշիստական դաշինքի անդամները քննարկում են նոր դաշնակիցներ ներգրավելու հարցը, եվրոպական տերություններից մեկի ղեկավարն առաջարկում է Պապի հետ բանակցություններ սկսել` փաստարկելով, թե նա շատ ազդեցիկ է եւ հզոր: «Պա՞պ… դա ո՞ր երկրի ղեկավարն է… Նա քանի՞ դիվիզիա ունի»…,- տարակուսած միջամտում է Իոսիֆ Ստալինը: Վատիկանը չունի ոչ մի դիվիզիա, ունի միայն փոքրաթիվ գվարդիականներ, 15-16-րդ դարերում ստեղծված համազգեստով, չափազանց բարեհամբույր ու ժպտադեմ, այնպես որ, նրանց էլ կամա-ակամա մշակութային տարր ես ընկալում: Մանավանդ, որ համազգեստների էսքիզը Միքելանջելոյի թե Ռաֆայելի ստեղծածն է: Վատիկանի` տարածքով ամենափոքր, ազդեցությամբ ամենամեծ պետություն լինելու կարգավիճակը գուցե երբեւէ վիճարկվի… այն դեպքում, եթե Երուսաղեմի Հին Քաղաքը նույնպես, հետեւելով Վատիկանի օրինակին (ինչը 20-րդ դարում բազմիցս առաջարկվել է միջազգային ատյանների կողմից), ինքնուրույն պետություն հռչակվի: Սակայն նույնիսկ այդ դեպքում Սուրբ Պետրոսի տաճարից մինչեւ Վատիկանի թանգարաններ, ընդամենը 0,5 քառ. կմ զբաղեցնող այս տարածքը կա եւ կմնա կաթոլիկ աշխարհի ալֆա եւ օմեգա, քրիստոնեության կարեւորագույն սրբավայր եւ համաշխարհային մշակույթի անզուգական կոթող:

«Ով տեսել է Հռոմը` նա չի կարող բոլորովին դժբախտ լինել»,- ասել է Վոլֆգանգ Գյոթեն: Կհամարձակվեմ ենթադրել, թերեւս, որովհետեւ Հռոմը, եւ նույն կերպ էլ` Վատիկանը, մարդկային արաչագործության մի այնպիսի շքահանդես է, որ ցանկացած մեկին հավատ կներշնչի Մարդու հանդեպ, հետեւաբար նաեւ` ինքդ քո եւ մարդկության հանդեպ:

Անգամ Սուրբ Պետրոսի տաճարը դիտելիս, որ ձոնված է Աստծուն, թող որ ենթագիտակցորեն չես կարողանում չփառաբանել Մարդուն, ի տես այն ամենի, ինչ նա արարել է: Դեռ Տեւերեն հատող կամրջի վրա արդեն Բերնինիի քանդակներն են, հասնում ես Սուրբ Պետրոսի հրապարակ` սյունաշարերն են` վերնամասում տեղադրված հարյուրից ավելի արձաններով, տաճարը` Միքելանջելոյի մեծագործությունը հանդիսացող գմբեթով, մուտքի ահռելի դռները` ամբողջովին դրվագազարդ, վերջապես մտնում ես տաճար… Մի քանի տասնյակ, գուցե հարյուրից ավելի մետր բարձրություն, մոտ 200 մետր երկարություն, եւ այդ ահռելի տարածության մեջ չի գտնվի 1 դմ քառ. որի վրա չլինի քանդակ, որմնանկար կամ կտավ: Առանց չափազանցության: Ընդսմին ի՜նչ գործեր… ընդհուպ Միքելանջելոյի «Պիետա» (թեեւ եթե ճշմարտությունը խոստովանեմ, Հռոմում այնքան էի «Պիետայի» բացիկ, պոստեր, արձանիկ, հուշանվեր ու պատկեր տեսել, որ Սբ. Պետրոսի տաճարում արդեն ուժ չունեցա բնօրինակին նայելու)…

Ինձ թվում է` այն, որ Վերածնունդի դարաշրջանի հանճարները մարդկային արարչագործությունը համեմատելի էին դարձրել աստվածային ստեղծագործության հետ, եթերում թեւածող միտք է եղել նույնիսկ միջնադարում: Ռաֆայելի շիրմաքարի վրա եղող տապանագիրը թարգմանվում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Երբ Ռաֆայելը ողջ էր` բնությունը երկյուղում էր, թե նրանից կպարտվի, երբ նա մահացավ` բնությունը երկյուղեց, թե ինքն էլ կվախճանվի»: Այնքան թափանցիկ ակնարկ ու զուգահեռ, որ ուղղակի թելադրում է դադար վերցնել…