Մեսիջներ Եվրոպայից եւ Ռուսաստանից

18/05/2006

Հայաստանում ներքաղաքական կրքերը նորովի են զարգանում: Միջազգային որոշ կազմակերպությունների սցենարի համաձայն` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց: Մինչ իշխանությունները շարունակում են միջամտել «Օրինաց երկրի» քայքայմանը, ընդդիմությունը որեւէ քայլ չի ձեռնարկում: Որոշ ուժեր այս ընթացքում հասարակությանն ընտելացնում են մի հարց-գաղափարի, այն է, թե Ա. Բաղդասարյանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի ընդդիմության առաջնորդ: Հետաքրքիր է, թե ի՞նչ կանի ընդդիմությունը, որն այս ողջ ընթացքում իսկապես հալածվել է իշխանությունների կողմից, որի կազմում էր նաեւ «Օրինաց երկիրը»: Երեկ «Եվրոպական շարժում» անվանումով միջազգային մի հասարակական կազմակերպություն Ա. Բաղդասարյանին, ի թիվս «Փարիզյան սուրճի», Կիլիկիա նավի, «Տարվա Եվրոպացի» տիտղոսին է արժանացնում: Մերժված, բոլորի, հատկապես` իշխանությունների կողմից հալածված հերոսի կերպարը, համաձայն սցենարի, կամաց-կամաց կերտվում է: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որ դեռեւս 2005թ. մեր թերթին տված հարցազրույցում Ա. Բաղդասարյանի մասին ասում էր՝ լավ տղա է, երեկ երիտասարդության հետ իր հանդիպման ժամանակ դժգոհություն հայտնեց ԱԺ նախկին նախագահի՝ դեպի ՆԱՏՕ կողմնորոշման եւ Ռուսաստանից հեռու մնալու հայտարարություններից: Այսքանից հետո Ա. Աբրահամյանը խոստովանում է, որ չի կարող ընտրություններից դուրս մնալ, բայցեւ դեռ չի կողմնորոշվել, թե քաղաքական ո՞ր ուժին է սատարելու: Ի դեպ, Ռուսաստանում այդ հարցում շատերը դեռ չեն կողմնորոշվել: Շատերին էլ այդ հարցը պարզապես չի հետաքրքրում: