Փաստորեն Արամ Կարապետյանը պետք է իր կուսակցության առջեւ գոռար «Արսեն, հեռացի՛ր», ոչ թե ԱԱԾ-ի մոտ հասներ ու սուլեր:
Երեկ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու կուսակցության դեմ ուղղված «հերթական սադրանքի» մասին։
Հրավիրված լրագրողները հույս ունեին լսել այն գործակալների անունները, որոնք, ըստ Արամ Կարապետյանի, իշխանությունների կողմից ներդրվել են իրենց շարքերում։ Սակայն ասուլիսն իրականում նվիրված էր «Նոր Ժամանակների» Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ այլեւս նախկին ղեկավար Արսեն Ամիրխանյանին եւ նրա հայտարարություններին։
Հիշեցնենք, որ վերջինս անցյալ շաբաթ հայտարարել էր իր եւ շուրջ 100 հոգու կուսակցությունից դուրս գալու մասին։ Ըստ ՆԺ փոխնախագահ Ալեքսան Մինասյանի, սադրանքի իմաստն այն է, որ Ամիրխանյանի հայտարարությունը լրատվամիջոցների կողմից շատ մեծ ուշադրության արժանացավ, մինչդեռ իրենց հնարավորություն չի տրվել օգտվել անգամ վճարովի եթերաժամից եւ ներկայացնել իրենց տեսակետը։ Ա. Մինասյանը հայտարարեց, որ Ա. Ամիրխանյանի պաշտոնավարումը կասեցվել է դեռ վերջինիս հայտարարությունից 25 օր առաջ։ Պատճառն այն է, որ Արսեն Ամիրխանյանի անունը շրջանառվում է ոստիկանության՝ Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործում, որը հարուցվել է տան առքուվաճառքի հետ կապված որոշ խարդախությունների հետ։ 2006թ. ապրիլի 4-ին ոմն Ս. Գալստյանի հայտարարության հիման վրա այժմ նյութեր են նախապատրաստվում Արսեն Ամիրխանյանի եւ եւս 2 հոգու դեմ։ Իսկ ինչո՞ւ է ՆԺ ղեկավարությունը` հիմք ընդունելով ոստիկանության պատասխանը, կասեցրել իր անդամի գործունեությունը։ Այս հարցի առնչությամբ Ա. Մինասյանն ասաց. «Մենք մտահոգ ենք մեր շարքերի մաքրությամբ։ Զրուցելով գործին առնչվող մարդկանց հետ՝ պարզ դարձավ, որ պարզապես քցոցի է գնացել»: Իսկ «քցողներն», ըստ Ա. Մինասյանի, տեղ չունեն իրենց շարքերում։ Այդուհանդերձ, իրենք նպատակ ունեին սպասել մինչեւ հետաքննության ավարտը, մինչեւ վերջնական որոշում կայացնեին։ Սակայն Արսեն Ամիրխանյանը կատարեց առաջին քայլը, որին իրենք պարզապես պատասխանեցին։ Ինչ վերաբերում է «ագենտներին», ապա դրանց անուններն այս անգամ եւս չհնչեցին, բացի մեկից։ «Մի ագենտն ինքն իրեն արդեն բացահայտեց»,- նշեց Ա. Մինասյանը՝ նկատի ունենալով ՆԺ շարքերը լքած Ամիրխանյանին։
Իսկ առաջիկայում ՆԺ-ն պատրաստվում է հանրահավաք կազմակերպել՝ նվիրված ջավախահայության խնդիրներին։ Այն տեղի կունենա մայիսի 30-ին։