«Եվրոպական շարժում» միջազգային հասարակական կազմակերպությունը երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին շնորհել է Հայաստանում «Տարվա Եվրոպացի» տիտղոսը: Հետաքրքիր է, որ Արթուր Բաղդասարյանին վերջում մոտենում ու շնորհավորում էին միայն նրա կուսակիցները եւ մի քանի արտասահմանցի: Թեեւ դահլիճում էին նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը, Արմեն Աշոտյանը, «Արդարություն» դաշինքից Ստեփան Զաքարյանն ու Արշակ Սադոյանը, սակայն Բաղդասարյանին մրցանակ շնորհելու ժամանակ նրանք անգամ չծափահարեցին: «Հայաստանի Եվրոպական շարժում» հասարակական կազմակերպությունը տիտղոսներ է շնորհում այն անձանց ու կազմակերպություններին, որոնք եվրոպական աշխատաոճով են գործում կամ իրենց պետությունը մոտեցնում են եվրոպական արժեքներին: Ի դեպ, հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն Եվրոինտեգրմանն այլընտրանք չունի: Նշենք, որ «Եվրոպական ստանդարտներ կիրառելու համար» մրցանակը տրվել է «Կանկա» ԲԲԸ-ին, «Կիլիկիա նավի միջոցով Հայաստանի մշակույթը Եվրոպայում ներկայացնելու համար» մրցանակին է արժանացել «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբը, իսկ «Եվրոպական իմիջ» մրցանակին՝ «Փարիզյան սուրճը»: