Երեկ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «Հայաստանի նախագահը չի կարող մասնակցել Փարիզում մայիսի 26-30-ը կայանալիք ՆԱՏՕ ԽՎ հերթական նստաշրջանին»: Իսկ պատճառաբանությունը մեկն է. «Նախագահը չի կարող մասնակցել նստաշրջանին խիտ ժամանակացույցի պատճառով: Այդ օրերին տարածաշրջան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածը համընկնում է Հայաստանի համար տոնական օրերին»: Նշենք, որ ՆԱՏՕ ԽՎ ղեկավար Պիեր Լելուշը Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին Փարիզ ժամանելու հրավեր էր ուղարկել: Իլհամ Ալիեւը հրավերն ընդունել է, իսկ ահա Հայաստանի նախագահն այն մերժել է: Սրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը մերժել էր Վիլնյուսում տեղի ունեցած Սեւծովյան եւ Բալթյան երկրների սամիթին մասնակցելու հրավերքը` այն անգամ էլ պատճառաբանելով, թե մասնակցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Իսկ մինչ այդ, մայիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի համանախագահները: Սթիվեն Մանը, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովն այս անգամ գալիս են բավական պատկառելի ուղեկցորդներով: Համանախագահներին ուղեկցում են իրենց երկրների ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները: Միջնորդ եռյակի հետ տարածաշրջան են այցելելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Ֆրանսիայի արտգործնախարարի տեղակալը: