Ներիր ինձ, ասպե՛տ

18/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2000թ. մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձից հետո բոլորիս քաջ ծանոթ Համլետ Ղուշչյանը նկարահանեց «Դժոխքի եւ դրախտի տիրակալը» ֆիլմը, որն առնչվում էր այդ մահափորձին, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններին։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե մարզական մեկնաբան Համլետ Ղուշչյանն ի՞նչ գործ ուներ այդ ամենի հետ։ Կարծում եմ, կարիք չկա ասել, որ ֆիլմը կրել է միակողմանի բնույթ՝ ապացուցելով, որ մահափորձն իրոք կազմակերպել է Սամվել Բաբայանը։ Այժմ եկել է մեղանչելու ժամանակը, ինչը երեկ պրն Ղուշչյանը փորձում էր անել։

Եվ այսպես, նկարահանումից 5 տարի անց պարզվում է, որ ֆիլմում տեղ գտած փաստերը եղել են «կեղծ, սուտ եւ աղավաղված»։ Երեկ Համլետ Ղուշչյանը թեեւ ներողություն հայցեց Ս. Բաբայանից ու հեռուստադիտողներից, սակայն մեղքի մեծ մասը վերագրեց այն մարդկանց, որոնք իրեն տրամադրել են այդ փաստարկները։ Իսկ տրամադրողները եղել են «Արցախի իրավապահ մարմինների ղեկավարները՝ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի» գլխավորությամբ։

Իհարկե, ոչ մի դատապարտելի բան չկա, որ պրն Ղուշչյանը, «լրագրողական էթիկայից» ելնելով, որոշել է անկեղծանալ։ Սակայն նրա քայլը լիովին արդարացված կլիներ այն դեպքում, եթե իսկապես համոզվեինք, որ խղճի առաջ մաքուր լինելու ցանկությունից բացի` ոչինչ չի ազդել նրա որոշման վրա։ Սակայն կան մի քանի հարցեր, որոնք ստիպում են այս ամենին նայել փոքր-ինչ այլ տեսանկյունից։

Նախ, դեռեւս այն ժամանակ այդ մահափորձի բուն կազմակերպիչների մասին կարծիքները տարբեր էին: Հասարակական կարծիքը կիսվում էր: Մի մասը մեղադրում էր Ս. Բաբայանին, իսկ մի մասն էլ չէր հավատում, որ մահափորձը կազմակերպել է հենց Ս. Բաբայանը։ Պրն Ղուշչյանն, ըստ երեւույթին, ծանոթ չէր հասարակական կարծիքին։

Դա փոքր-ինչ անհասկանալի է մի մարդու պարագայում, որն իր «Օրը» ծրագրում աշխատում էր լուծել հասարակ մարդկանց բոլոր խնդիրները։ Եվ հասարակ մարդկանց այդքան մոտ կանգնած Համլետ Ղուշչյանը պետք է որ իմանար, որ միայն իրավապահ մարմինների տված ինֆորմացիայի վրա կարելի է նկարահանել ընդամենը «02» հաղորդաշարի ռեպորտաժ։ Իսկ դոկումենտալ ֆիլմի դեպքում հարկավոր է իրոք օբյեկտիվ մոտեցում։ Թեեւ նշվում է, որ այն ժամանակ փորձ է արվել ֆիլմում տեղ տալ նաեւ Ս. Բաբայանի կողմնակիցների կարծիքներին, սակայն պրն Ղուշչյանն այդպիսի մարդկանց «չի գտել»։ Ըստ երեւույթին, լավ չի փնտրել։ Պարզապես ցանկանում ենք հիշեցնել, որ հայաստանյան լրատվամիջոցներից շատերն այդ ժամանակահատվածում շատ էլ լավ կարողանում էին պաշտոնական վարկածին դեմ արտահայտվող մարդկանց էլ գտնել։

Եվս մի հետաքրքիր հանգամանք. Հ. Ղուշչյանի հայտարարության մեջ մի քանի անգամ նշվում է ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի անունը՝ որպես փաստերի գլխավոր խեղաթյուրողի։ Սակայն ոչ մի անգամ թեկուզ ակնարկ չի արվում Արկադի Ղուկասյանի առնչությամբ։ Եթե անգամ այդպես է, մի՞թե պրն Ղուշչյանը կարծում է, որ դատախազը կարող էր ինքնուրույն գործել։

Հաջորդ հանգամանքը. ինչո՞ւ հեռուստալրագրողի միտքը «լուսավորվեց» այսքան մեծ ուշացումով։ Պրն Ղուշչյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ ինքը Հայաստանում չէր։ Ու թեեւ նա հավաստիացնում է, որ այս ասուլիսն իր սեփական նախաձեռնությունն է, այնուամենայնիվ, անուղղակիորեն խոստովանեց, որ դա այնքան էլ այդպես չէ։ «Քանի որ ես այն ժամանակ ասել էի, որ պատրաստ եմ եթեր տրամադրել հակառակ կարծիք եւ փաստարկներ ունեցողներին, ինձ հետ կապվեցին եւ տեղեկացրին, որ այդպիսի փաստարկներ կան»,- ասում է պրն Ղուշչյանը՝ ներկայացնելով Ս. Բաբայանի կողմից իրեն տրամադրված թիվ 12200800 տեղեկանքը։ Ուսումնասիրելով այն՝ Հ. Ղուշչյանը հասկացել է, որ, օրինակ, տեսաժապավեններում ներկայացված 80-ից ավելի անձնական մեքենաների քանակն ու ոսկեղենի, ադամանդների գումարի չափն իրականում զգալիորեն քիչ է։

Եվ այդ ամենը վերլուծելով՝ նա «հասկացել» է (իհարկե, Ս. Բաբայանի օգնությամբ.- Բ.Թ.), որ իրեն խաբել են, եւ որոշել է քավել իր մեղքը… Առավել եւս, որ նա «իր համար նորովի է բացահայտել Սամվել Բաբայանին» եւ «հիացած է վերջինիս ասպետական կեցվածքով»։ Հրապարակային ապաշխարանքի առաջին մասը երեկ տեղի ունեցած ասուլիսն էր, սակայն դա միայն սկիզբն է։ Առաջիկայում՝ 2-3 շաբաթ հետո, մենք ականատես կլինենք Ս. Բաբայանի հետ ծավալուն հարցազրույցին։ Այն տեղի կունենա Հ. Ղուշչյանի հեղինակային նոր հաղորդման շրջանակներում։ Եվ, որ ամենազարմանալին է՝ «ԱՐ» հեռուստաընկերության եթերում։ Ինչպես գիտեք, «ԱՐ»-ի սեփականատիրոջ՝ Հրանտ Վարդանյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները փայլուն չեն։ Ըստ երեւույթին, վերջիններս «իտոգի են եկել»… Պրն Ղուշչյանի խոսքերով, ինքը Երեւան է վերադարձել Հրանտ Վարդանյանի հրավերով եւ աշխատելու է նորաստեղծ «Գրանդ Մեդիա» ընկերությունում՝ որպես տնօրեն։

Իսկ ապաշխարանքի շղթան կեզրափակվի Հ. Ղուշչյանի նոր ֆիլմով, որը կոչվելու է «Սամվել Բաբայան. Հայացք կողքից»։

Պարզ է, որ այն կունենա լրիվ հակառակ ուղղվածություն, եւ հնարավոր է` պրն Ղուշչյանը մինչ այդ հասցնի հորինել ավելի ճոխ վերնագիր։ Նա հավաստիացրեց, որ այդ ֆիլմը նախընտրական նպատակներ չի հետապնդում, եւ ինքը պատրաստ է այն հեռուստադիտողին ներկայացնել ընտրություններից հետո։

Սակայն, չգիտես ինչու, թվում է, որ Համլետ Ղուշչյանի մոտ այս անգամ էլ ինչ-որ բան չի ստացվի, ասենք՝ նա կմոռանա տեսաֆիլմում ընդգրկել Ս. Բաբայանի դեմ արտահայտվողների կարծիքները։ Եթե, իհարկե, մինչ այդ ներքաղաքական կյանքում կտրուկ փոփոխություններ չլինեն։ Հիշեցնենք, որ այդ դեպքի բացահայտմանը մասնակցում էին նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության քննիչներ, որոնք այսօր էլ աշխատում են Դատախազությունում: Բացի այդ, դեպքից անմիջապես հետո Ստեփանակերտ էր ժամանել նաեւ ՀՀ ներկայիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որն այն քչերից է, որ լավագույնս տիրապետում է այդ դեպքի հետ կապված մանրամասներին եւ իրական փաստերին: