Արամ Սիմոնյանը` ԵՊՀ ռեկտոր

18/05/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ձայների 41-24 հարաբերակցությամբ Ա. Սիմոնյանը հաղթեց իր միակ մրցակցին` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին: Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհուրդը ռեկտորի ընտրության մեկ անհաջող փորձ արել էր այս տարվա մարտի 22-ին: Այն ժամանակ, բացի վերոնշյալ թեկնածուներից, կային եւս երկու թեկնածուներ` ԵՊՀ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետների դեկանները: Մարտի 22-ին առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ ստանալ 72 հոգանոց խորհրդի անդամների ձայների կեսից ավելին ու այդ պատճառով էլ ընտրությունները համարվեցին չկայացած ու նոր ընտրության օր նշանակվեց մայիսի 15-ը: Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի՝ մարտի 22-ին անարդյունք ավարտված ընտրություններից մոտ երկու շաբաթ անց ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարումից հրաժարվեց այդ բուհի մեկ այլ պրոռեկտոր` ակադեմիկոս Էդուարդ Չուբարյանը, եւ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց պրոռեկտոր եւ ռեկտորի թեկնածու Ա. Սիմոնյանը: Երեկվա քվեարկությունից ընդամենը օրեր առաջ լուրեր տարածվեցին, թե ԵՊՀ խորհրդի կազմում որոշակի փոփոխություններ են եղել, եւ նշվում էր, թե խորհրդի այն անդամները, որոնց փոխարեն նշանակվել են նորերը, այնպիսի մարդիկ են, որոնք մարտի 22-ին կայացած ընտրությունների ժամանակ քվեարկել են իրավաբանական ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանի օգտին: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ մարտի 22-ին անարդյունք ավարտված ընտրություններից հետո խորհրդի կազմում տեղի է ունեցել 7 անձի փոփոխություն եւ դժվար է ասել, թե թեկնածուներից ո՞ր մեկի օգտին են արվել այդ փոփոխությունները, քանզի ԵՊՀ խորհուրդը լքած անձանց թվում կան մարդիկ, որոնք նախորդ ընտրության ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, ընտրել են Գ. Ղազինյանին, սակայն ԵՊՀ խորհրդի անդամությունից ինքնակամ հրաժարվել են նաեւ մարդիկ, որոնք նախորդ ընտրության ժամանակ սատարել են Ա. Սիմոնյանին (օրինակ` Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը): Ինչեւէ, ՀՀ վարչապետի մայիսի 11-ի N 313-Ա որոշման համաձայն, ԵՊՀ խորհրդի կազմում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին փոխարինել է ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, Գեւորգ Պողոսյանին` «Հասարակական երկխոսությունների եւ զարգացումների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էվելինա Վարդանյանը, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին փոխարինել է ԱԺ պատգամավոր Արարատ Մալխասյանը: ԵՊՀ խորհրդի անդամությունից հրաժարվել են նաեւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Ալեքսան Հարությունյանը եւ Վիկտոր Մարտիրոսյանը, իսկ խորհրդի անդամ ուսանող Ստեփան Ենոքյանին զորակոչել են բանակ, քանզի նա ժամանակին բուհ է ընդունվել առանց տարկետման իրավունքի: Այս անձանց փոխարեն վարչապետի վերոնշյալ որոշման համաձայն քվեարկությունից ընդամենն օրեր առաջ ԵՊՀ խորհրդի անդամ են դարձել ՀՀ կառավարության աշխատակազմի Տնտեսագիտական վարչության պետ Սիմոն Ղոնաղչյանը, «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը, Տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Վահագն Վարագյանը: Իսկ ինչո՞վ է բացատրվում ռեկտորի ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ խորհրդի կազմի զգալի փոփոխությունը: «Նախ պետք է ասեմ, որ այդ հարցն ինձ չպետք է ուղղվի, որովհետեւ ես իրավունք չունեմ փոփոխություն կատարել խորհրդի կազմում: Բայց պետք է ասեմ, որ այդ փոփոխություններն ամբողջովին համապատասխանում են օրենքին, եւ այստեղ հարցերն ավելորդ են, որովհետեւ նրանք, ովքեր ներկայացնում են, իրավունք ունեն ցանկացած պահին փոփոխություններ կատարել, իսկ այս պարագայում, խորհրդի փոփոխված անդամները դիմում են ներկայացրել գրավոր»,- վերոնշյալ հարցին այսպես պատասխանեց ԵՊՀ խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Վերջինս, անդրադառնալով խորհրդի այլեւս նախկին անդամ Ս. Ենոքյանին բանակ զորակոչելու փաստին, նշեց, որ Ենոքյանն անցել է բժշկական երեք ստուգում, որոնց եզրակացությունն այն է եղել, որ նա ունի սահմանափակ առողջություն, սակայն այդ սահմանափակ առողջությունը հնարավորություն չի տալիս ազատվել բանակից, եւ Ենոքյանը ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար: Ինչեւէ, մինչ երեկվա քվեարկության արդյունքների ամփոփումը խորհրդի անդամ ուսանողներից ոմանք կարծիք էին հայտնում, որ այս անգամ էլ չի հաջողվի ռեկտոր ընտրել, եւ ռեկտորի ընտրությունը կհետաձգվի եւս հիսուն օրով: Սակայն շատերն էլ պնդում էին, թե ամեն բան արդեն որոշված է, եւ ռեկտոր է ընտրվելու պրոռեկտոր Արամ Սիմոնյանը, ում, ըստ ոմանց, սատարում էր խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը: Ի դեպ, հատկանշական է, որ ԵՊՀ ռեկտորի նախորդ` անարդյունք ավարտված ընտրության արդյունքում Ա. Սիմոնյանը ստացել էր 20, իսկ Գ. Ղազինյանը` 36 ձայն` ռեկտոր դառնալու համար անհրաժեշտ 37 ձայնից ընդամենը մեկով պակաս: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, երեկ քվեարկության պատկերը գրեթե հակառակն էր: Այս փաստը խորհրդի նախագահը բացատրում է նրանով, որ հիսուն օրը բավականաչափ ժամանակ է, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց որոշումները: «Կարծում եմ, որ այս ընթացքում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, որոնք կապված են, նախ եւ առաջ, խորհրդի անդամների կողմից թեկնածուների գործունեությանը, եւ թեկնածուների, գուցե նաեւ` համալսարանում եղած տարիներին իրենց աշխատանքին ավելի լավ ծանոթանալու հետ: Երկրորդը. երկու թեկնածուներ էին, որը քիչ պատճառ չի եւ, բացի այդ, կարծում եմ, որ մամուլում երկուստեք հրապարակումներն ինչ-որ ձեւով որոշակիորեն կողմնորոշեցին խորհրդի անդամներին»,- սա էլ նորընտիր ռեկտոր Ա. Սիմոնյանի բացատրությունն է: ԵՊՀ նորընտիր ռեկտորը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է ԵՊՀ ռեկտորի բոլոր նախկին թեկնածուների հետ աշխատել ի բարօրություն Մայր բուհի: