«Իրանը Բաքվին դեռ կհիշեցնի հակաիրանյան ելույթները»

18/05/2006

Ադրբեջանական «Զերկալո» թերթը գրում է, որ Ադրբեջանն իր կամքից անկախ հայտնվում է տարածաշրջանային հույժ վտանգավոր գործընթացների էպիկենտրոնում: «Տվյալ փուլում պաշտոնական Բաքվին ընձեռվում է միջնորդի դեր (մեծ մասամբ՝ քողարկված) ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, որը հավակնում է տարածաշրջանային գերտերության դերին: Բայց Թեհրանը չի ներել պաշտոնական Բաքվին՝ Իրանի վերաբերյալ արված որոշ քայլեր եւ հայտարարություններ»:

Իրանյան փորձագետ Ջալալ Մոհամմադին, որի տեսակետներն Արեւմուտքում հավասարեցվում են պաշտոնական Թեհրանի կարծիքին, օրերս «Զերկալոյին» բացառիկ հարցազրույց էր տվել: Նա ասել էր, որ Իրանի վրա հարձակվելու ԱՄՆ-ի սպառնալիքները ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմ: Վաշինգթոնը քննարկում է տարբեր ուղիներ, այդ թվում նաեւ` մեր երկրում ուրանի հարստացման շուրջ հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհը: Այդ պատճառով, Իրան ներխուժելու ենթադրվող ծրագրերի մասին ամերիկյան վարչարարների կողմից հնչեցրած որոշ հայտարարություններ պետք չէ դիտել որպես արդեն տեղ գտած փաստ:

Լրագրողի հարցին, թե արդյոք նա բացառո՞ւմ է զինված ներխուժումն Իրան, Ջալալ Մոհամմադին պատասխանել է. «ԱՄՆ-ը չի կարող Իրանի դեմ ռազմական ուժ գործադրել: Ժամանակակից պատմության մեջ մեր երկիրը հզոր պետություն է հանդիսանում ինչպես Միջին Արեւելքում, այնպես էլ իսլամական աշխարհում: Նման պայմաններում Իրան ներխուժումը սովորական հարց չէ: Սառը պատերազմի նպատակն է հանդիսանում Իրանին ներկայացնել որպես անկայուն պետություն եւ խոչընդոտել մյուս երկրների հետ նրա զարգացմանը՝ այդ թվում նաեւ բոլոր հարեւանների հետ:

Փոքր երկրների հասարակայնությանն ԱՄՆ-ի անխորտակելիության մասին մտքեր ներշնչելն ԱՄՆ-ի հակաիրանյան քաղաքականության օղակներից է: Վաշինգթոնը փորձում է վախեցնելու ճանապարհով այդ երկրներին ստիպել խոնարհվել իր առջեւ: Ի հեճուկս այս ամենի, ուզում եմ հայտարարել, որ Իրանը բոլոր կողմերից պատրաստ է ԱՄՆ-ի զավթողական ցանկացած դրսեւորման, այդ թվում նաեւ՝ ռազմական:

Իրանը ներսից թուլացնելու, ներպետական ճգնաժամ ստեղծելու ԱՄՆ-ի փորձերն էլ ավելի են համախմբում իրանցիներին ազգային գաղափարի շուրջ, ինչպիսին դարձել է միջուկային ծրագիրը:

Վաշինգթոնը մի կողմից` օգտագործում է միջազգային կազմակերպություններին Իրանի վրա ճնշում գործադրելու համար, մյուս կողմից` փորձում է երկրի ներսում էթնիկ խնդիրներ առաջացնել: ԱՄՆ-ը իրանյան ընդդիմությանը 74 միլիոն դոլար է տրամադրել»:

Ըստ «Զերկալոյի» թբիլիսյան աղբյուրների` Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Իրանի դեմ ռազմական ներխուժման դեպքում Սեւ ծովի վրացական ջրատարածության օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ամերիկա-իրանյան դիմակայությունում Վաշինգթոնն Ադրբեջանին այլ դեր է ընձեռում: Այս կապակցությամբ Ջալալ Մոհամմադին ասել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Իմամ Խոմեյնին ժամանակին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը որոշի պատերազմել Իրանի հետ, ապա նրանց հետ կտարվի բազմակողմանի պատերազմ: Ինձ համար բազմակողմանի պատերազմի իմաստը մեկ նշանակություն ունի՝ պատերազմ հրահրելու պարագայում զավթիչին սատարող բոլոր կողմերը կստանան իրենցը»: Իսկ Բաքվի եւ Թեհրանի նկատելի լարված փոխհարաբերությունների մասին փորձագետն ասում է. «…Բաքվում ադրբեջանցիների 2-րդ համագումարում հնչած հակաիրանյան ելույթները մատնանշեցին Ադրբեջանի՝ իրանյան քաղաքականության երերուն լինելը եւ երկրների միջեւ անվստահության համար հող ստեղծեցին: Չէ՞ որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղի զավթման փաստը, իսկ պաշտոնական Բաքուն որոշ կասկածելի անձանց թույլ է տալիս ելույթ ունենալ Իրանի տարածքային ամբողջականության դեմ: Նմանատիպ ելույթները մեր համագործակցության դեմ ակտիվ գործունեություն ծավալելու բարենպաստ հող են ստեղծում Հայաստանի եւ այլ ոչ բարեկամական երկրների համար: Երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող ելույթների վերաբերյալ Իրանի պատասխան արձագանքը հայտնի կդառնա հետագայում»:

«Զերկալոյի» լրագրողի դիտարկմանը, թե այս խոսքերով Ջալալ Մոհամմադին ակնարկում է Իսրայելին, եւ թե հրեական լոբբին աջակցում է Ադրբեջանին երկրի համար կարեւոր հարցերում, այդ թվում` հակազդում է հայկական լոբբիին, փորձագետը պատասխանում է. «Ժողովրդական ճակատի կառավարման ժամանակներից ադրբեջանական քաղաքական գործիչների մի խումբ կարծում է, որ համագործակցելով հրեական լոբբիի եւ Իսրայելի հետ, կարելի է խոչընդոտել հայկական լոբբիին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հրեական լոբբիի օգնությամբ լուծելու պատրանքները ցրվել են: 15 տարի տեւողությամբ Բաքու-Երուսաղեմ համագործակցության արդյունքում զավթված տարածքներից ոչ մի սանտիմետր չի ազատագրվել: Հավանաբար այդ քաղաքական գործիչներին հայտնի չեն միջազգային քաղաքական փոխհարաբերությունների գերակայությունները: Արեւմտյան կայսրությունը երկու թեւ ունի՝ հայկական լոբբի եւ հրեական լոբբի»:

Լրագրողը նկատում է, թե «Ադրբեջանում «գունավոր հեղափոխության» մտքից ԱՄՆ-ի հրաժարվելու պատճառներից մեկը Վաշինգթոնի իրանյան քաղաքականությունն է եւ տվյալ սցենարում Բաքվին ընձեռված դերը: Սպիտակ տունը Թեհրանի հետ լուրջ երկխոսությունից առաջ չհամարձակվեց խախտել կայուն քաղաքական իրավիճակը հարեւան Ադրբեջանում»: Փորձագետ Ջալալ Մոհամմադին սրան պատասխանում է, թե «Նախ, պաշտոնական Բաքուն իր համար եզրակացություններ արեց վրացական եւ ուկրաինական դեպքերից հետո եւ մաքրեց կառավարությունը «գունավորներին» աջակցելու ընդունակ վարչարարներից: Բացի այդ, ադրբեջանական ընդդիմությունը թույլ է եւ աջակցություն չի ստանում ժողովրդից: Նրան, բացի Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատնից, ոչ ոք չի սատարում:

Բայց ԱՄՆ-ը այդքան էլ ամենազոր չէ: Ադրբեջանում Վաշինգթոնին չհաջողվեց ճանապարհ մաքրել «գունավոր» հեղաշրջման համար: Իհարկե, Բաքվում իշխանության փոփոխման սցենարից Սպիտակ տան հրաժարվելու պարագայում տեղ գտան նաեւ Իրանի հետ Ադրբեջանի հարեւանությունը, երկու երկրներում իսլամի շիայական ուղղությունը, մեր ժողովուրդներին միավորող մշակույթը եւ պատմությունը»:

Այնուհետեւ «Զերկալոն» հարցնում է, թե «Որոշ չափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծված չլինելը նույնպես կապում է Սպիտակ տան ձեռքերը՝ Իրանի նկատմամբ ծրագրերի իրագործման համար: Դրա հետ չէ՞, արդյոք, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում Արեւմուտքի գործողություններում վերջերս դիտարկվող շտապողականությունը»: Փորձագետ Ջալալ Մոհամմադին պատասխանում է. «Հակամարտության լուծման հարցում Արեւմուտքի շտապողականությունը կապված է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի ներքին խնդիրների, Ադրբեջանի միջազգային կապերի եւ գերքաղաքական իրավիճակի հետ: Թվարկված գործոններն ավելի են բարդացնում հակամարտության կարգավորումը: Գրավյալ տարածքները չեն ազատագրվում բանակցությունների սեղանի շուրջ: Անխոս, պատերազմը կենդանի ուժի կորուստներ է բերում, ինչպես նաեւ` բարոյական եւ ֆինանսական վնաս է հասցնում: Ինչ արած, աշխարհի քաղաքական կառուցվածքն անարդար է:

Շատ երկրներ հայ-ադրբեջանական հակամարտությունն օգտագործում են իրենց շահերի համար: Նրանք փորձում են պահպանել ներկա ստատուս-քվոն, բայց ոչ մի դեպքում շահագրգռված չեն հակամարտության լուծման հարցում: Հակամարտության շարունակման հարցում շահագրգռված են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Թուրքիան:

Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունը կապում է հայ-թուրքական փոխհարաբերությունների եւ միջպետական խնդիրների հետ: Անկարան, ԼՂ զավթման փաստը թափահարելով, փորձում է ապացուցել Հայաստանի զավթողական քաղաքականությունը եւ պաշտպանվել հայկական լոբբիի հոգեբանական եւ քաղաքական ճնշումներից, որը Թուրքիայից պահանջում է Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը»:

www.mediadialogue.org