Չէր ցանկացել մասնակցել հոր հուղարկավորության արարողությանը, մանավանդ, որ նրա դիակը չեն գտել. միայն թեւն են գտել: 8-ամյա տղան ամեն գիշեր թաքուն լաց է լինում, սակայն հիմա մի բան է մտածել, որի միջոցով ինքն իրեն կարողանում է մխիթարել: Նա ամեն երեկո երկնքին նայելով մի մեծ աստղ է տեսնում եւ բոլորին կանչելով ցույց է տալիս՝ ասելով, որ այդ աստղն իր հայրն է: Օրեր առաջ, երբ ամպերի առատության պատճառով աստղ չի եղել երկնքում, մայրը՝ Ելենան անհանգստացել է, քանի որ որդին ուր որ է երկնքում փնտրելու էր հորը. «Շատ զարմանալի էր. նայում էի` ոչ մի աստղ չկար: Մեկ էլ Ալյոշան դուրս եկավ պատշգամբ: Նայեց, նայեց` երկար փնտրելով, մեկ էլ տեսնեմ` ամպերի արանքից մշուշոտ մի աստղ է ցույց տալիս: Ասեց՝ տե՛ս մամ, պապան ա: Ապշել էի, թե ինչպես գտավ այդ աստղը»,- պատմում է օրեր առաջ ամուսնուն կորցրած կինը: Ալյոշան ասում է, որ ինքն անկախ այս դաժան պատահարից, օդաչու է դառնալու, որովհետեւ հորը խոստացել է. «Մի անգամ, երբ գնացել էինք ծով, ասեցի՝ պա՛պ, ես որ մեծանամ` օդաչու եմ դառնալու: Պապան ասեց՝ հա՞, ճի՞շտ ես ասում, դե՛, ուրեմն ինձ խոսք կտա՞ս, որ օդաչու կդառնաս: Ասեցի՝ հա՛, խոստանում եմ, ու ինձ ասեց, որ օդաչու դառնալու համար պիտի 5-եր ստանամ»,- ոգեւորությամբ պատմում է նա եւ վազելով սենյակից` բերում է օրեր առաջ ծննդյան օրվա կապակցությամբ հոր նվիրած խաղալիք մեծ ավտոմեքենան: Ելենան պատմում է, որ այս դեպքից հետո Ալյոշան հոր գործը շարունակելու համար խոստացել է միայն 5-եր ստանալ եւ օրագրի գնահատականների մասին աստղին տեղյակ պահել, ամեն օր ցույց տալ, որպեսզի հայրը թեկուզեւ երկնքում համոզված լինի, որ որդին օդաչու է դառնալու: «Պապան ինձ հարցրեց՝ ինչի՞ համար ես ուզում օդաչու դառնաս. ասեցի, որ դու ծերանաս` քո փոխարեն ես թռնեմ: Ինքը չէր ծերացել, բայց ես օդաչու կդառնամ»,- վստահեցնում է 8-ամյա տղան, ով ամեն ինչ անում է` ցույց տալու համար, որ ինքը հպարտանում է իր հայրիկով: Ասում է, որ երբ օդաչու դառնա, այնպես կթռչի, որ հնարավորինս կմոտենա այն աստղին, որին նմանեցնում է հորը: Նրա եղբայրներից 19-ամյա Արթուրը Մեղրիում զինվորական ծառայության է: Իսկ 15-ամյա Սերգեյը թախծոտ հայացքը թաքցնում է, երբ հոր մասին հարցեր են տալիս: Նա չի հավատում Ալյոշայի ստեղծած այն միֆին, թե հայրը երկնքում աստղ է, եւ կարելի է նրան ամեն գիշեր տեսնել: Գրիգոր Գրիգորյանն այս տարի փետրվարին իր ծննդյան օրը մեծ շուքով չի նշել՝ մտերիմներին պատճառաբանել է, թե 40-ամյակը չի կարելի նշել, որովհետեւ դրա մեջ վատ խորհուրդ կա: Իսկ Ելենան հիշում է, թե ինչպես էր ամուսնու յուրաքանչյուր թռիչքից առաջ ընտանիքում կարգապահություն հաստատում, որպեսզի նա խաղաղ հոգեվիճակով թռիչք կատարեր: «Ամեն թռիչքից առաջ պարտադիր պետք է քներ, հանգստանար, եւ ես պիտի ամեն ինչ անեի, որ երեխաները չաղմկեին, հյուրեր չգային, հեռախոսազանգեր չլինեին: Եթե անգամ մի ճանճ մտներ սենյակ` պիտի սատկացնեի, որ այդ տզզոցն իրեն չխանգարեր: Դա յուրահատուկ պրոցեդուրա էր, որպեսզի համոզված լինեի, որ հանգիստ նյարդերով է թռչում»,- ասում է հրամանատարի կինը:
«Էս ի՞նչ արեցին, ի՞նչ…»
«Այդ օրը նա նույնպես հանգստացած եւ պատրաստ էր թռիչքի: Ինչպես միշտ՝ խաչակնքվեց, ես էլ, ինչպես միշտ, ասացի՝ Աստված քեզ հետ…»,- պատմում է Ելենան, ով ամուսնու հետ կապված հիշողություններից այնքան դյուրագրգիռ է դառնում, որ թվում է, թե ուր որ է` ամբողջ աշխարհին կհայհոյի. «Ես չգիտեմ, թե ովքեր են մեղավորները, բայց վստահ եմ, որ մեղավորների դատաստանը կլինի, վերեւում Աստված կա: Ես ցանկանում եմ, որ իրենք էլ դժոխքի մեջ այրվեն: Ես նույնիսկ չեմ ցանկանում, որ նրանք մեռնեն, նրանք պիտի կենդանի այրվեն դժոխքում, ինչպես մեզ այրեցին, եւ այսքան արտասուքի համար այդ կերպ հատուցեն: Ես չգիտեմ` մեր օրենքներով նրանց կգտնե՞ն, կդատե՞ն, թե՞ սովորականի պես պատասխանատուները կծախվեն, այստեղ ամեն ինչ հնարավոր է, բայց վստահ եմ, որ վերեւում դատաստան կլինի: … Էս ի՞նչ արեցին, ի՞նչ արեցին նրանք: Նրանք, ովքեր արեցին այս ողբերգությունը, թող լսեն խոսքերս, թող լսեն իմ բերանից եւ շարունակեն ապրել այս խոսքերի ծանրությամբ: Գրիշան միշտ ինձ խոստանում էր վերադառնալ եւ մտածում էր վերադառնալու մասին: Նա չէր կարող սխալվել, նա չի սխալվել, ես վստահ եմ, որ ամուսինս ամեն բան պատշաճ կերպով է արել»:
Ուղեւորները նրա ձեռքերը համբուրում էին
2004թ. Գրիգորը 3 ամսով մեկնել է Ստոկհոլմ ուսուցման, ընդ որում, մեծ մրցակցության արդյունքում բազմաթիվ օդաչուներից ընտրվել էր նա: Գերազանց ավարտելով այդ դասընթացները` վերադարձել է Հայաստան. «Հաջորդ օրը ֆաքս ուղարկեցին, թե այդ ո՞ւմ եք ուղարկել սովորելու: Նա պրոֆեսիոնալ է, մեր օդաչուները նրանից պետք է սովորեն, իսկ դուք Գրիգորին ուղարկել եք, որ մե՞նք սովորեցնենք»,- պատմում է Ելենան: Դրանից հետո նա դարձել է հրամանատար, եւ նաեւ Ղարաբաղյան պատերազմի մասնակից լինելով` պարգեւատրվել է Արիության շքանշանով: Ելենան պատմում է, որ նա թռիչքների ժամանակ մշտապես մտածում էր օդանավի ուղեւորների անվտանգության մասին, եւ բազմաթիվ դեպքեր է հիշում, երբ հրամանատարը` գործի դնելով իր փորձառությունն, անելանելի իրավիճակներից պատվով է դուրս եկել: «Ես հիշում եմ, որ ուղեւորներից շատերը նրա ձեռքերը համբուրում էին, որովհետեւ Գրիգորը փրկել էր իրենց կյանքը: Ես ինքս շատ եմ վախենում ինքնաթիռ նստելուց: Միշտ հարցնում էի Գրիշային, թե գոնե մի փոքր վախ ունի՞: Ասում էր` եթե այդ մի փոքր վախը ես ունենամ, ուրեմն հենց այդ պահին ուսադիրներս կպոկեմ եւ կհրաժարվեմ օդաչու լինելուց»: Գրիշան իր մասնագիտությունը համարել է վիրաբույժի մասնագիտություն, ով դանակը վերցնելուն պես իրավունք չունի վախենալու: «Նա միշտ ասում էր` երբ ես զգում եմ, որ ետեւումս մարդիկ են եւ ես էլ ունեմ երեխաներ, ուրեմն ես պարտավոր եմ միշտ վերադառնալ»,- պատմում է Ելենան՝ ասելով, որ վայրկյան անգամ չի կասկածում, թե կարող է հրամանատարի մեղքով պատահած լինի դեպքը: Գրիշայի հարազատները հիշում են, որ նա վախի մասին խոսելիս մշտապես համարում էր, որ կարելի է ավտոմեքենայից վախենալ, բայց ոչ օդանավից, քանի որ, եթե ինքն է կառավարում, իրենից է կախված իրավիճակը եւ կողքից խանգարող չկա, ուրեմն անգամ «փորի» վրա էլ ինքնաթիռը կնստեցնի: Թել Ավիվից վերադառնալով՝ օդանավի հրամանատարն ավիավթարի նախորդ օրն ընտանիքով մեկնել է Գեղարդ, որտեղ մատաղ են արել: Իսրայելում տեր հայրը նրան 3 մոմ եւ խաչ էր նվիրել, եւ Գրիշան հատուկ նպատակ ուներ Գեղարդում այդ մոմերը վառել: «Վթարի օրն առավոտյան արթնացա, տեսնեմ` Գրիշան չկա, զանգահարեցի օդանավակայան, բայց անհասանելի էր: Հարեւանս եկավ մեր տուն, հարցնում է՝ Գրիշան վերադարձե՞լ է, իսկ երբ իմացավ, որ դեռ չի եկել, կարծես փախներ մեր տանից: Ես չգիտեի՝ ինչ է կատարվում, բայց փաստորեն հարեւանս գիտեր, հեռուստացույցով լսել էր ու չկարողացավ ինչ-որ բան ասել: Տեսնում եմ, որ բոլորն ինչ-որ բան են ինձնից թաքցնում: Հեռուստացույցը միացրեցի, լսում եմ, որ ինքնաթիռն ընկել է ծովը, բայց չեմ ուզում հավատալ… մտածում եմ` 100 հատ ծով կա, Սեւ ծովում չի եղել…»,- պատմում է Ելենան, որին այդ դաժան լուրն ավելի ուշ են հայտնում: Ինչպես Գրիգոր Գրիգորյանի ընտանիքը, այնպես էլ հարյուրավոր ուղեւորներ սգում են հրամանատարի մահը, քանի որ նա իր վարպետությամբ շատ ուղեւորների կյանք է փրկել: Նրա հրամանատարությամբ թռիչք կատարած ուղեւորները վկայում են հրամանատարի վարպետության մասին, քանի որ նրա խիզախությունը դրսեւորվել է մասնավորապես՝ Չելյաբինսկում, երբ թռիչքի ժամանակ ինքնաթիռի տուրբինի վրա թռչուն է հայտնվել: Շարժիչների աշխատանքն այնպես է խաթարվել, որ ուղեւորները շնչահեղձ էին լինում, իսկ շարժիչները սկսել են չաշխատել: Հրամանատարն, այնուամենայնիվ, կարողացել է անպաշտպան ինքնաթիռով վայրէջք կատարել, որից հետո ուղեւորները նրա ձեռքերն են համբուրել՝ չհավատալով, որ ողջ են մնացել: Շատերն էլ հիշում են Նովգորոդում պատահած դեպքը, երբ այնտեղից վերադառնալիս ուղեւորներից մեկի ստամոքսի խոցը պայթել է եւ արյան մեջ թունավորում է տարածվել: Գ. Գրիգորյանն օդանավի ուղղությունը փոխելով՝ վայրէջք է կատարել Մինվոդիում եւ շտապօգնություն կանչելով՝ հասցրել է հիվանդանոց: Արաբական Էմիրություններում մրրիկի պատճառով կործանման եզրին կանգնած օդանավի պատմությունը շատերը գիտեն: Օդանավը հրամանատարի շնորհիվ վթարի չի ենթարկվել, անգամ ամենասարսափելի մրրիկը չի կարողացել Գ. Գրիգորյանի հրամանատարությամբ թռչող օդանավը կործանել: «Հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկելով՝ չկարողացավ իրեն փրկել: Ես ճանապարհել եմ գեղեցիկ, առողջ տղամարդու, որը գնալուց առաջ իր վերջին խոսքում ասում էր, թե ժամը քանիսին կլինի տանը: Էս ի՞նչ արեցին…»,- ամուսնու մահվան հետ չի հաշտվում Ելենան: