«Մենք գործ ունենք ահաբեկիչների հետ»

18/05/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովում կազմակերպվեցին «Կոլցո» ռազմագործողություն. Ադրբեջանի եւ ԽՍՀՄ իշխանությունների բռնարարքները` ԼՂ եւ հարակից շրջանների հայ խաղաղ բնակչության նկատմամբ» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնք նպատակ ունեն պետական, քաղաքական եւ հասարակական շրջանակների ուշադրությունը սեւեռել 15-ամյա վաղեմության իրադարձությունների վրա։

Լսումներին, որը նախաձեռնել էր ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, մասնակցում էին ինչպես ԱԺ պատգամավորներ, այնպես էլ` հանրապետության իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը բացման խոսքում ներկայացրեց 1991թ. ապրիլ, մայիս, հունիս ամիսներին «Կոլցո» ռազմագործողության հետեւանքների մասին իրավապաշտպան կազմակերպությունների, ՀՀ, ՌԴ եւ ԱՄՆ պետական իշխանության մարմինների, լրատվամիջոցների կողմից արձանագրված եւ համապատասխան իրավական եւ քաղաքական գնահատականի արժանացած փաստերը, ինչպես նաեւ` մեջբերումներ կատարեց «Մեմորիալի» «1991թ. ապրիլի վերջից մինչեւ հունիսի սկիզբը Ադրբեջանական հանրապետության մի քանի շրջաններում ԽՍՀՄ ՆԳ Ներքին զորքերի, Խորհրդային բանակի եւ Ադրբեջանի ՆԳՆ կողմից իրականացված ռազմագործողության ընթացքում մարդու իրավունքների խախտումները» վերտառությամբ տեղեկանքից, որում նույնպես խոսվում է Գետաշենում եւ հայկական մյուս բնակավայրերում բնակիչների հանդեպ կատարված բռնությունների մասին:

Լսումների ընթացքում Վ. Աթանեսյանը մեջբերեց նաեւ Միացյալ Նահանգների Սենատի որոշումը, որում դատապարտվում է Լեռնային Ղարաբաղում, նրա մատույցներում եւ Հայաստանում հայկական բնակավայրերի խաղաղ մարդկանց դեմ ռազմական ուժի լայնածավալ կիրառումը, անզեն բնակչության գնդակոծումը եւ այլն։ Սենատը կոչ է արել դադարեցնել շրջափակումները եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման այլ ձեւերը։ Խոսելով վերոնշյալ դեպքերի մասին` պատգամավորը նշեց. «Ճշմարտությունն այն է, որ հանցագործությունների համար առաջին հերթին պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա։ Ընդ որում՝ թե նախորդ, թե ներկա իշխանությունների, քանի որ վերջիններս ոչ միայն չեն դատապարտել «Կոլցո» ռազմագործողությունը, այլեւ արդարացնում են այն։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի ղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվող՝ ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքը»։

Մեկ անգամ արդեն, 1991թ. հունիսի 19-ին ԼՂ-ն` ի դեմս այն պահի փաստացի իշխանությունների, պաշտոնապես հայտարարել է «առճակատման քաղաքականությունից երկխոսության անցնելու» ուղեգիծ որդեգրելու մասին։ Այս առաջարկությունն Ադրբեջանը մերժել է նախագահ Մութալիբովի մակարդակով։ Ադրբեջանը` փակելով երկխոսության համար բացված պատուհանը, այսօր չպետք է հույսեր փայփայի, որ «Կոլցո» ռազմագործողության արհավիրքներն ու պատերազմի սարսափներն ապրած ժողովուրդը կարող է կրկին, ընդ որում՝ առանց իր կարգավիճակի վերջնական ճշտման, որեւէ հարցում հավատ ընծայել Ադրբեջանի քաղաքական վերնախավին եւ գնալ իր համար ճակատագրական զիջումների»:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի կարծիքով, Ադրբեջանն այն ժամանակ Խորհրդային Միության իշխանությունների եւ ամբողջ իսլամական աշխարհի օգնությամբ մեզ հետ խոսելու միայն մի ձեւ է ընտրել՝ ահաբեկչությունը: «Սա մենք պետք է միշտ ընդգծենք: Կարծում եմ, մենք պետք է ինչ-որ մի մարմին ստեղծենք, որը 1919 թվականից մինչեւ այսօր` քրոնոլոգիական մի փաստաթուղթ կստեղծի, աշխարհին համոզելու համար, որ մենք գործ ունենք ահաբեկիչների հետ»,- ասաց Մ. Միրզոյանը:

Խոսվեց նաեւ բռնադատվածների կարգավիճակի եւ նրանց իրավունքների մասին: Հարցի առնչությամբ ԼՂՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը փաստեց, որ 1988թ. փետրվարից հետո, ազգային ազատագրական շարժմանը մասնակցելու պատճառով Ադրբեջանի դատական իշխանությունների կողմից դատապարտված կամ հետաքննական կամ նախաքննական մարմինների կողմից անազատության մեջ պահված մարդկանց կողմից հանձնաժողովը ստացել է 140 դիմում, այդ թվում նաեւ` «Կոլցո» օպերացիայի ժամանակ ձերբակալված եւ քրեական պատասխանատվության ենթարկված անձինք: Դիմումներից 70-ը բավարարվել է, եւ այդ անձինք ստացել են բռնադատվածի կարգավիճակ, մյուս 70-ին կարգավիճակ չի տրվել այն պատճառով, որ շատ քաղաքացիներ թեեւ ձերբակալվել են, նրանց նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, եւ նրանք անօրեն կերպով 1-2 կամ ավելի ամիս պահվել են անազատության մեջ: «Խնդիրն այն է, որ օրենքով տարբերություն է դրվում քրեական գործ հարուցված եւ չհարուցված անձանց միջեւ: Կարծում եմ, ճիշտ կլիներ` նշված կատեգորիան առանձնացվեր եւ առանձին համապատասխան օրենքով կարգավիճակ տրամադրվեր»,- նշել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը: