Մայիսի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի եւ հայաստանյան բանկերի միության պատվիրակությունները` ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանի գլխավորությամբ, մեկնել են ԼՂՀ` Բանկերի միության եւ ԿԲ խորհրդի համատեղ արտագնա նիստին մասնակցելու: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն, այցի նպատակը ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ տնտեսական զարգացման հեռանկարներին, բանկերի դերի ակտիվացմանն, ինչպես նաեւ` ԼՂՀ-ում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի քննարկումն է եղել: ԿԲ նախագահի հավաստմամբ, այս քայլերի արդյունքում համավարկավորում կիրականացվի, ինչը հնարավորություն կտա ռիսկերը դիվերսիֆիկացնել: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկայում հայաստանյան առեւտրային բանկերը մասնաճյուղեր բացեն ԼՂՀ-ում, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս այցելության ընթացքում ԼՂՀ-ի նկատմամբ մեր առեւտրային բանկերի պատկերացումներն ավելի առարկայական դարձան: Նրանք իրենց աչքերով տեսան, թե ինչպիսի զարգացումներ են այսօր տեղի ունենում Ղարաբաղում: Բնականաբար, դա հնարավորություն է տալիս ավելի իրատեսական ծրագրեր իրականացնել, ռիսկերը ճիշտ գնահատել եւ, կարծում եմ, դա լուրջ խթան կլինի, որ ԼՂՀ-ում մեր առեւտրային բանկերն ակտիվանան»: