«Մամ ջան, քո խաթր»,- սրանք այն առաջին խոսքերն էին, որ Արթուր Աբրահամն արտաբերեց բռնցքամարտից հետո, երբ էկրանին խոշոր պլանով հայտնվեց նրա դեմքը: Ապա մոտենալով ռինգի չորս անկյուններին, նա շնորհակալություն արտահայտող ժեստով ողջունեց իր երկրպագուներին: Լուսանկարիչներն անմահացնում էին Արթուրի յուրաքանչյուր շարժումը, իսկ դահլիճը ծափահարում եւ ողջունում էր նրան:
Արթուր Աբրահամը երկրորդ անգամ միջին քաշային կարգում պաշտպանեց իր` բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի չեմպիոնի տիտղոսը: Բռնցքամարտը տեղի ունեցավ մայիսի 13-ին, Ցվիքաու քաղաքում: Նրա հակառակորդն էր 31-ամյա Գանայի ներկայացուցիչ Քոֆի Ջանթուան, որը 33 մարտից 30-ն ավարտել է հաղթանակով, այդ թվում՝ 19-ը՝ նոկաուտով: «Դժվար պայքար էր, բայց հաղթեցի եւ երջանիկ եմ»,- ասում է Արթուրը: -Բռնցքամարտում ամեն ինչ հնարավոր է: Իհարկե, օգնում են մարզիչի խորհուրդները, բայց այլ բան է դրանք հասկանալը եւ այլ բան է՝ դրանք ռինգում, մարտի ժամանակ կիրառելը»: Բռնցքամարտը տեւեց 12 ռաունդ եւ ավարտվեց առանց նոկաուտի:
Արթուր Աբրահամի մարզիչը` 64-ամյա Ուլի Վեգները գոհ է իր սանից: Միակ բանը, որ մտահոգում է նրան, այն է, որ «Աբրահամը հակված է գերագնահատելու իր ուժերը: Մինչդեռ բռնցքամարտն այնպիսի բան է, որ երբեք չգիտես` քեզ ինչ է սպասում»:
Այս բռնցքամարտը վերջին փորձաքարն էր, որին հաջորդելու է IBF տիտղոսի առաջին պարտադիր պաշտպանությունը: Բռնցքամարտը նախատեսվում է անցկացնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Արթուրի հակառակորդն է լինելու IBF տիտղոսակիր Էդիսոն Միրանդան Կոլումբիայից:
Ուլի Վեգները մեծ ապագա է կանխատեսում Արթուրի համար. «Նա մեծ ներուժ ունի, որը պետք է զարգացնենք: Դեռ աշխատանք ունենք անելու»: Մինչ պարապմունքները վերսկսելը, ինչպես արդեն գրել էինք մեր թերթի նախորդ համարում, Արթուրը եղբոր՝ Ալեքսանդրի հետ կմեկնի Դոմինիկյան Հանրապետություն հանգստանալու: