Մեր մյուս բռնցքամարտիկը՝ IBF եւ IBO վարկածներով թեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը դեռ մարզվում է։ Ներկայումս նա գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախապատրաստվում է Լուիս Մալդոնադոյի հետ կայանալիք մենամարտին։ Վախթանգն իր տիտղոսը պաշտպանելու է հունիսի 3-ին, Լաս Վեգասում։ Նույն երեկոյի ընթացքում միմյանց դեմ ռինգ դուրս կգան նաեւ Դիեգո Կորրալեսն ու Խոսե Լուիս Կաստիլիոն։
Վախթանգ Դարչինյանն այժմ իր մարզիչների՝ Ջեֆ Ֆենեկի եւ Բիլլի Հուսեյնի ղեկավարությամբ ավարտում է ֆիզիկական պատրաստության փուլը եւ անցկացնում է առաջին սպարինգ-մենամարտերը։
Red Stars Boxing ընկերության ղեկավար Էդուարդ Ղումաշյանի խոսքերով, մայիսի 18-ին Վախթանգը կժամանի Լոս Անջելեսում գտնվող մարզական բազան, որտեղ կանցնի մարզումների վերջնական փուլը։ Արդեն հայտնի է, որ Դարչինյանի հիմնական սպարինգ-մրցակիցներն են լինելու WBA վարկածով աշխարհի չեմպիոն Մարտին Կաստիլիոն եւ նույն վարկածով կիսաթեթեւ քաշային կարգի չեմպիոն Իսրայել Վասկեսը։