Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԼՂՀ-ում էին գտնվում ռուսական «Ռազմավարական մշակույթ» հիմնադրամի փորձագետները կառույցի ղեկավար Վլադիմիր Մաքսիմենկոյի ղեկավարությամբ: Նրանք եղել են զորամասերում, դիրքերում, հանդիպել ղեկավարության, քաղաքացիների հետ: Հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը նշել է, որ շատ հետխորհրդային երկրներում է եղել, եւ կարող է ասել, որ ԼՂՀ-ում կյանքը շատ ավելի լավ է: «Մենք մայիսի 9-ին դուրս ենք եկել Ստեփանակերտի հրապարակ եւ զարմացել: Լավ հագնված երիտասարդություն՝ ուրախ, բայց հանգիստ: Հարբածներ, նարկոմաններ չկան: Դա արդեն ոչ սովորական է մեզ համար»,- ասել է Ա. Կռիլովը: Հարցին, թե արդյոք փոխվե՞լ է Ռուսաստանի վերաբերմունքը ԼՂՀ հանդեպ, փորձագետը նշել է, որ կարելի է միայն միտումների մասին խոսել: «Պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել՝ դեռ խոսվում է հարցը տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու մասին»: